Wi-Fi սարքի արձակած ճառագայթները վնասում են մարդկային բջիջների կուլտուրաները՝ ենթարկելով նրանց նեկրոզի
Հուլիսի 8-12-ը Ֆրանսիայի Տուր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական կենսաքիմիկան ընկերությունների ֆեդերացիայի համաժողովը (47th FEBS Congress 2023), որին մասնակցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ Մանե Կուրղինյանը, Մհեր Սարաֆյանը և 3-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանը (միջոցառման ամենաերիտասարդ մասնակիցներն էին)՝ իրենց ղեկավար՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանի գլխավորությամբ։
Հուլիսի 11-ին մասնակիցները ներկայացրել են իրենց «Wi-Fi ճառագայթների ազդեցությունը մարդկային բջիջների կուլտուրաների վրա․ քաղցկեղային և ոչ քաղցկեղային բջիջների տարբերությունը» խորագրով գիտահետազոտական աշխատանքը՝ «Բջջային նյութափոխանակություն և սթրես» թեմայով պաստառների սեսիայի ժամանակ։
«Շնորհիվ բազմաթիվ գիտնականների խորհուրդների, նկատառումների և ուղղորդումների՝ մենք սովորեցինք նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ (GammaH2Ax Assay, Flow cytometry, Mass photometry), իմացանք, թե ի՞նչ ուղղություններով կարելի է զարգացնել և բարելավել հետազոտությունը։ Մասնակցեցինք նաև «Մոլեկուլային կենսագիտությունների կրթություն» թեմայով պաստառների սեսիային, որի ժամանակ ծանոթացանք մի շարք կրթական միջոցառումների և ծրագրերի։ Մասնակիցներից Կուրղինյան Մհերը հաղթեց «FEBS Congress Poster Bingo-Tuesday»-ում և «Treasure Hunt»-ում։ Շնորհիվ 47-րդ FEBS կոնգրեսի՝ մասնակիցները կիսվեցին իրենց կողմից իրականացված հետազոտական աշխատանքի արդյունքներով, ծանոթացան մի շարք միջազգային գիտահետազոտական փորձ ունեցող գիտնականների, կազմակերպությունների և ընկերությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մանե Կուրղինյանը։
Հետաքրքրվեցինք, թե Wi-Fi-ի ճառագայթային ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել, Մանե Կուրղինյանը պատասխանեց․«Ուսումնասիրություններն այս ճառագայթների որոշակի ազդեցության բազմաթիվ հստակ ապացույցներ են ցույց տալիս։ Բազմաթիվ փորձեր են կատարվել առնետների, մարդու և առնետների սպերմատոզոիդների վրա։ Այդ ուսումնասիրություններն ապացուցում են Wi-Fi սարքի արձակած ճառագայթների վնասակար ազդեցությունը։ Սակայն շատ փորձերում որպես այս ճառագայթների աղբյուր՝ օգտագործվել են կոնկրետ սպեկտորի ճառագայթներ, որոնք չեն արտացոլում Wi-Fi սարքի արձակած այն իրական ազդեցությունը, որը կլիներ սովորական, օրինակ՝ տնային, պայմաններում։ Փորձեր են կատարվել նույնիսկ հենց Wi-Fi սարքի արձակած ճառագայթների հաճախականությանը համապատասխան սպեկտորի վրա՝ 2.4 ԳՀց, սակայն սա նույնպես չի արտացոլում Wi-Fi-ի ազդեցությունը սովորական պայմաններում։ Մեր փորձի նպատակն է՝ ուսումնասիրել Wi-Fi սարքի արձակած ճառագայթների ազդեցությունը մարդկային բջիջների կուլտուրաների աճի և կենսագործման վրա։
Մեր կողմից իրականացված փորձերը բացահայտեցին Wi-Fi սարքի արձակած ճառագայթների վնասակար ազդեցությունը HeLa բջջային գծի կուլտուրաների վրա։ Մեր հաջորդ քայլը եղավ ուսումնասիրել այդ ազդեցության պատճառները և մեխանիզմները։ Փորձի արդյունքները բացահայտում են, որ Wi-Fi սարքի արձակած ճառագայթները վնասում են մարդկային բջիջների կուլտուրաները՝ ենթարկելով նրանց նեկրոզի։ Ճառագայթված բջիջներում նկատվում են օքսիդատիվ սթրես և ՍՕԴ ու կատալազ հակաօքսիդանտային ֆերմենտների գործունեության խաթարում։ Սակայն փորձերի արդյունքներից կարելի է ենթադրել, որ ապագայում Wi-Fi ճառագայթները կարելի է օգտագործել քաղցկեղաբուժության մեջ»։