Ո՞ր հիվանդություններն են դառնում ինսուլտի պատճառ, արդյո՞ք այն ժառանգական է. նյարդաբանի պարզաբանումը

Գլխուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում է թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Անոթների խցանման կամ վնասման դեպքում զարգանում է ինսուլտ: Հենց այս թեմայի շուրջ էլ զրուցել ենք «Գյումրի» բժշկական կենտրոնի նյարդաբանության և կաթվածի բաժանմունքի ղեկավար, նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանի հետ:

Բժի՛շկ, ի՞նչն է հանգեցնում անոթների խցանմանը և ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։

Կաթվածը կամ ինսուլտը տարածված և շատ վտանգավոր հիվանդություն է։ Աշխարհում մահացությամբ երկրորդն է։ Ցավոք, Հայաստանում էլ է այդպես։  Այն հանդիսանում է հաշմանդամության թիվ մեկ, ինչպես նաև՝ հիշողության խանգարման  պատճառներից մեկը։ Այսինքն, գործ ունենք մահաբեր, մարդուն հաշմանդամ սարքող և հիշողության լուրջ պրոբլեմների բերող հիվանդության հետ։

80 տոկոս դեպքերում կաթվածը հնարավոր է կանխարգելել, ուստի կարևոր է իմանալ նպաստող գործոնների մասին։ Ռիսկի գործոններից առաջինը կնշեի զարկերակային գերճնշումը։ Ռիսկի հաջորդ գործոնը ծխելն է, որից հրաժարվելը կարևոր կանխարգելիչ քայլ կլինի։

Կարդացեք նաև

Կաթվածի ռիսկի գործոն է հանդիսանում նաև շաքարային դիաբետը, հատկապես, եթե չհսկվող է։ Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը նույնպես հանդիսանում է գլխուղեղի կաթվածի ռիսկի գործոն։

Հավելյալ քաշը, նստակյաց ապրելակերպը ևս հանդիսանում են կաթվածի ռիսկի գործոն։ Դրանք էլ, բնականաբար, կապված են մեր ընդունած սննդի որակի հետ։

Կարող է ազդեցություն թողնել նաև մթնոլորտային օդի աղտոտվածությունը, ոգելից խմիչքների չարաշահումը, որոշ դեղամիջոցների, ինչպես նաև թմրանյութի օգտագործումը։

– Շողացող առիթմիան և աթերոսկլերոզը կարո՞ղ են կաթվածի պատճառ դառնալ։

Սրտային հիվանդությունները նույնպես կաթվածի համար կարևոր ռիսկի գործոն են հանդիսանում, և ամենաէականը շողացող առիթմիան է։ Պահանջում է հսկողություն՝ հատուկ դեղորայքով, ոչ սովորական ասպիրինով, որ բժիշկների մեծամասնությունը սխալմամբ նշանակում է։ Ասպիրինը շողացող առիթմիայի դեպքում չի կանխարգելում կաթվածը։ Սրտային այլ խնդիրներ կարող են հանգեցնել կաթվածի, օրինակ՝ սրտի փականային խնդիրը, սրտային անբավարարությունը, սրտամկանի ինֆարկտը։

Որպեսզի սիրտ-անոթային հիվանդության դեպքում չլինի ինսուլտ, կարևո՞ր է արյան մակարդելիության դեղերի օգտագործումը, թե՞ ոչ։

– Կաթվածը հիվանդությունների խումբ է, և տարբեր ենթատեսակներն իրարից տարբերվող բուժում են պահանջում։ Կաթվածի հիմնական երկու տեսակ կա․ մի դեպքում՝ հեմոռագիկ կաթված, երբ ուղեղը սնուցող անոթը վնասվում է և արյունազեղում է տեղի ունենում, այսինքն, արյունը լցվում է ուղեղի հյուսվածքի մեջ, կամ, այսպես ասած,  ուղեղը շրջապատող թաղանթների մեջ։ Իսկ մյուս դեպքում ուղեղի սնուցող անոթը թրոմբով խցանվում է և ուղեղի որոշ հատված արյուն չի ստանում։ Այս դեպքում գործ ունենք իշեմիկ կաթվածի հետ։

Ի դեպ, 85 տոկոս դեպքերում հանդիպում է իշեմիկ կաթված ու այն ունի տարբեր ենթատեսակներ․ մի դեպքում թրոմբի աղբյուրը սրտից է գալիս, մյուս դեպքում՝ գործ ունենք պարանոցի կամ այլ արտաուղեղային անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման հետ, որը բերում է անոթի նեղացման և թրոմբների առաջացման ռիսկի։ Դեպքեր կան, երբ ուղեղի մանր անոթներն են ախտահարվում։ Այսինքն, տարբեր ենթատեսակներ ունեն տարբեր բուժում, և ընդհանրացված մոտեցումը միֆային է և սխալ։

Մարդիկ, ովքեր ունեն զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ կամ այլ խնդիր, երբեմն բժշկի կողմից նշանակված դեղորայքը չեն օգտագործում, կամ, երբ հիշում են, այդ ժամանակ են խմում։ Արդյո՞ք դա կհանգեցնի ինսուլտի, թե՞ ամեն դեպքում կխուսափեն։

– Խոսքը ռիսկի մասին է։ Ոչ ոք չի կարող կանխորոշել, որ այս մարդու մոտ վստահաբար ինսուլտ է լինելու։ Զարկերակային գերճնշման առկայությունը, դրա ոչ ադեկվատ, վատ հսկողությունը, բնականաբար, մեծացնում է ինսուլտի ռիսկը։ Զարկերակային գերճնշման համար բժշկությունը դեռ չի կարողացել ավելի լավ բան հնարել, քան ամեն օր դեղորայքի ընդունումը։ Անկախ նրանից՝ ճնշումն այդ պահին նորմալ է, թե ոչ, դեղորայքը պետք է մշտական ընդունել։ Եթե դոզան կամ դեղերի համակցությունը ճիշտ չի ընտրվել, ճնշումը շատ է ընկնում կամ չի կարգավորվում, ապա այս դեպքում ոչ թե պետք է թողնել դեղը խմելը, այլ փոխել և հասնել այնպիսի սխեմայի, երբ ճնշումը չի ընկնում և չի բարձրանում։ Մեր բնակիչների մոտ տարածված է կարճատև, շտապ ազդեցության դեղերի ընդունումը։ Այսինքն՝ սպասում են՝ ճնշումը բարձրանա, նոր այդ դեղերը խմեն, ինչը սխալ է, որովհետև շատ դեպքերում կարող է չզգան ճնշման բարձրացումը։

– Նույնը երևի շաքարային դիաբետի դեպքում է։ Մարդիկ կան՝ նշում են, որ համապատասխան դեղորայք օգտագործում են, բայց մարմնի մի կողմի թուլությունը չի անցնում։ Այստեղ խոսքն ինսուլտի՞ մասին է, թե՞ բնորոշ է շաքարային դիաբետին։

Շաքարային դիաբետն ու կաթվածը տարբեր հիվանդություններ են, ուղղակի շաքարային դիաբետը հանդիսանում է ռիսկի գործոն։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակն անոթների վրա թողնում է վատ, թունավոր, վնասող ազդեցություն։ Շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին ուղղակի խորհուրդ է տրվում ճիշտ ձևով հսկել արյան մեջ շաքարի մակարդակը, որին հասնում են դիետայի, դեղորայքի միջոցով։

Մի՞ֆ է, թե՞ իրականություն, որ ինսուլտն ունի ժառանգական բնույթ։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր ունեն արյան մակարդելիության խնդիրներ, դա ժառանգաբար կարող է փոխանցվել, ավելի շատ ասում են՝ մորից դստերը, քան որդուն։

Ինսուլտը ժառանգական հիվանդություն չէ, բայց կարող ենք ունենալ ժառանգական որոշակի նախատրամադրվածություն՝ ինսուլտ ունենալու առումով, և այս դեպքում էական չէ՝ հո՞ր կողմից է գալիս, թե՞ մոր։ Ժառանգական նախատրամադրվածության առումով շատ շեշտադրում չարեցի, որովհետև դա հնարավոր չէ փոխել։ Տարիքը նույնպես փոխել հնարավոր չէ։

– Կա ևս մեկ միֆ, որ միսը, պանիրը և ձուն կարող են հանգեցնել ինսուլտի։

– Նման միֆի, անկեղծ ասած, չեմ հանդիպել։ Սնունդն ինսուլտի հետ կապված է այնքանով, որքանով ոչ առողջ սնունդը կարող է բերել ավելորդ քաշի, որն ինսուլտի համար ռիսկի գործոն է հանդիսանում։ Լավ, ճիշտ, վիտամիններով, բանջարեղենով  հարուստ սնունդը նպաստում է, որպեսզի կաթվածի ռիսկը նվազեցվի։ Ասել, որ այս սննդամթերքը բերում է ինսուլտի կամ կանխարգելում, չէի ասի։ Դա միջնորդավորված ազդեցություն է։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ տարիների ընթացքում կարող են ախտաբանական գործընթացներ տեղի ունենալ, բայց մարդը չհասկանա, և գա մեկ օր, որ ինսուլտ ստանա։ Հուշող տարբերակներ կա՞ն։

– Կաթվածը սուր հիվանդություն է՝ կամ կա, կամ չկա։ Կիսակաթվածներ գոյություն չունեն։ Սովորաբար այն նախապատմություն է ունենում։ Տարիների ընթացքում գործոնների համադրումը հանգեցնում է նրան, որ գործ ենք ունենում ուղեղային կաթվածի հետ, օրինակ, եթե արյան մեջ ունենք «վատ» խոլեստերինի բարձր մակարդակ, տարիների ընթացքում կարող է նպաստել, որ ուղեղը սնուցող անոթների մոտ աթերոսկլերոտիկ փոփոխություններ զարգանան, նեղանան ու կաթված զարգանա։ Ինչ վերաբերում է նախանշաններին, կարող ենք խոսել տրանզիտոր իշեմիկ գրոհի մասին։ Կաթվածի մի տեսակ է, երբ սիմպտոմները կարճատև են՝ 20 րոպե, մեկ ժամ են տևում ու հաճախ, երբ ծանր կաթված ունեցողներին հարցեր ենք տալիս, պարզվում է, որ ունեցել են անցողիկ սիմպտոմներ, բայց ուշադրության չեն արժանացրել։

Կաթվածի առաջին կարևոր սիմպտոմը հանկարծակի առաջացած ձեռքի կամ ոտքի թուլությունն է, որը սովորաբար լինում է մի կողմից՝ աջ կամ ձախ։ Հաջորդը ձեռքի կամ ոտքի թմրածությունն է, երբ մզմզոցի, ծակծկոցի տարօրինակ զգացողություն է նաև լինում։ Մյուսը խոսքի խանգարումն է, երբ հիվանդը խոսում է թերություններով կամ չի հասկանում մեր խոսքը, կամ հասկանում է, սակայն չի կարողանում պատասխանել։ Վատագույն դեպքում կարող է ոչ հասկանալ, ոչ էլ խոսել։ Հաջորդ նշանը դեմքի ծռվածությունն է։

Իհարկե, կան այլ հիվանդություններ, որոնք կարող են հանդես գալ այս սիմպտոմներով, բայց, եթե գործ ունենք հանկարծակի առաջացման հետ, պետք է առաջինը մտածել կաթվածի մասին։ Լրացուցիչ ախտանշաններից կնշեի գլխապտույտը, քայլքի խանգարումը, մեկ կամ երկու աչքում տեսողության հանկարծակի ի հայտ եկած խնդիրները։ Այս սիմպտոմների դեպքում պետք է արագ դիմել շտապօգնություն, որովհետև կան կաթվածի բուժման ժամանակակից մեթոդներ, որոնք կարելի է կիրառել շատ կարճ ժամանակի ընթացքում։ ՀՀ-ում կիրառվում է էֆեկտիվ բուժման տարբերակ, կոչվում է թրոմոբոլիտիկ թերապիա, երբ գործ ունենք անոթի խցանման հետ, կատարում են ներերակային ներարկում, ու այդ դեղն ունակ է քայքայել, լուծել թրմոբները, բացել անոթը։ Սակայն դեղը ներարկելու համար գոյություն ունի ժամանակ․ մինչև 4,5 ժամում պետք է ներարկվի։

Հաջորդը ներանոթային վիրահատական բուժումն է, երբ ոտքի զարկերակից անցք ենք բացում, հասնում ուղեղը խցանած անոթին ու թրոմբը հեռացնում։ Սա կարող ենք իրականացնել, եթե գործ ունենք ուղեղը սնուցող խոշոր անոթի խցանման հետ։ 2019 թվականից պետությունն իր վրա է վերցրել այս բուժումների ֆինանսական բեռը, բայց ցավոք, մեթոդների կիրառումը ոչ բոլոր հիվանդների դեպքում է կիրառվում։ Առաջինը հեմոռագիկի կաթվածի առկայությունն է, երբ գործ ունենք անոթի պատռումով ուղեկցվող հիվանդության հետ կամ ուշ ժամանակ է հասել հիվանդանոց հիվանդը։

Տեսանյութեր

Լրահոս