«Փաշինյանն «обижник» է արցախցիներից. նա հստակ ուղերձ հղեց Արայիկ Հարությունյանին». Դավիթ Գալստյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն «обижник» է արցախցիներից:
«Եթե իրոք այդ գումարները մսխվել են, ապա դրանք մսխվել են մի քանի տասնյակ անձանց միջև, և մատ թափ տալ 120 հազար արցախցիների վրա, թե՝ գումարներն ուղարկել ենք, իսկ դուք բադրիջան չեք կարողանում աճեցնել, դա հերթական մանիպուլյացիան է և սեպ խրելու գործընթացն է, որը փորձում են այսօր էլ ավելի խորացնել: Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին էլեկտրամոբիլ էր նվիրել, իսկ ո՞ւր է այդ էլեկտրամոբիլը: Այսօր բազմաթիվ խնդիրներ կան՝ կաթնամթերքը, հացը չեն կարողանում առաքել խանութներին, հիվանդների տեղաշարժը չեն կարողանում նորմալ ապահովել, բա ինչո՞ւ այդ էլեկտրամոբիլը դուրս չի գալիս և ծառայում հանրությանը: Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, Արայիկ Հարությունյանին 300 մլրդ էլ նվիրած լինի, բայց դա վերագրել ամբողջ արցախցիներին և ասել, թե արցախցիներն ի վիճակի չեն, մանիպուլյացիա է: Նիկոլ Փաշինյանը ղարաբաղցիներից «обижник» է, նա, չգիտես ինչու՝ չի կարողանում ընդունել ղարաբաղցիներին, տանել չի կարողանում, դա նորություն չէ, հիշում ենք 2008թ. նրա հայտնի վիրավորանքները՝ ղարաբաղցիների հասցեին, և ոչինչ չի փոխվել նրա ուղեղի մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ 2020թ. Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ կանգնեց Արայիկ Հարությունյանի կողքին, իր բոլոր ռեսուրսներով աջակցեց, որ Արայիկ Հարությունյանը դառնա Արցախի Հանրապետության նախագահ այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ խոսում էր, որ նախկինների վերադարձ այլևս չի լինելու, իսկ Արայիկ Հարությունյանը ամենաերկարամյա պաշտոնավարած պաշտոնյան էր. նա 10 տարի եղել էր Արցախի վարչապետ, մեկ տարուց ավելի՝ պետնախարար, մի քանի տարի՝ ԱԺ պատգամավոր:
Որպես վարչապետ՝ նա հանդիսացել էր հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, և Արցախի գումարների հետ մինչև 2020թ. էլ կային խնդիրներ: Երբ Հայաստանի Հանրապետությունից պատերազմից հետո տրամադրված այդ ահռելի գումարները, որը Նիկոլ Փաշինյանը նշում է, ես չեմ կարծում, թե դրանք առանց Նիկոլ Փաշինյանի իմացության որևէ տեղաշարժ է եղել, և եթե իրականում Փաշինյանը չգիտեր, ինչո՞ւ սպասեց երեք տարի, ինչո՞ւ սպասեց հենց այս իրավիճակին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և որոշ ժամանակ անց Արայիկ Հարությունյանը դադարեցրեց նստացույցը: Դա Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ ուղերձ էր Արայիկ Հարությունյանին, որ՝ դու շեղվում ես պայմանավորվածություններից, և Փաշինյանի այդ հայտարարությունից հետո, երբ մեղադրեց Բերձորը հանձնելու, միլիարդներ մսխելու մեջ, Արայիկ Հարությունյանը դադարեցրեց իր, այսպես ասած՝ պայքարը, և այսօր նույն իրավիճակը շարունակվում է: Չնայած՝ Արայիկ Հարությունյանն արձանագրում է, որ ինչ-որ հաջողությունների հասել է, բայց դա ո՛չ տեսանելի է, ո՛չ շոշափելի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում