Կարեն Անդրեասյանի կրեատիվությունը ճաքեր է տալիս. կարող էր գրել, որ Դավիթ Հարությունյանը տեռորիստ է

Եվ այսպես, վերջապես Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ որոշումը, ում լիազորությունները ԲԴԽ-ն միաձայն, այդ թվում՝ վարույթին մասնակից երկու դատավոր-անդամների՝ Արթուր Աթաբեկյանի և Քրիստինե Մկոյանի կողմ ձայներով, դադարեցրել էր այս տարվա հուլիսի 3-ին:

Ընդհանուր առմամբ 38 էջանոց «լոլոյի» իմաստն այն էր, որ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են, որովհետև վերջինս համաձայն չի եղել, օրինակ, դատավորներ Աննա Փիլոսյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցնելու որոշման հետ: Այնպես որ, դրան չենք անդրադառնա:

Շատ ավելի ուշագրավ է ընթացակարգային խայտառակ խախտումներով ընթացած վարույթի թագն ու պսակը դարձած դատավորին իր սեփական վարույթից հեռացնելու և վերջինիս ներկայացուցիչներին նիստերի դահլիճ մտնել թույլ չտալու դրվագի հիմնավորումը:

«Ինչ վերաբերում է 2023 թվականի հունիսի 26-ին կայացած նիստի ընթացքում Դատավորի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո ներկայացուցիչների դատական նիստի ներկայանալուն և Խորհրդի դռնփակ նիստի ընթացքում Խորհրդի նախագահի կողմից հնչեցված՝ ձայնային կրիչում արտացոլված և Դատավորի կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված կարգադրություններին և հարցերին, ապա, եթե նույնիսկ այդ կարգադրությունները և հարցերը ժամանակագրական առումով համապատասխանել են ներկայացուցիչների Խորհուրդ հասնելու և նիստերի դահլիճ մուտք գործելու ցանկություն հայտնելու ժամանակահատվածի հետ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դրանք վերաբերել են ոչ թե ներկայացուցիչների դատական նիստերի դահլիճ մուտք գործելուն, այլ դատական սանկցիայի կատարումն ապահովելու նպատակով լրացուցիչ քանակով դատական կարգադրիչների ներգրավման նպատակահարմարության հարցի քննարկմանը»,- գրված է ԲԴԽ որոշման մեջ:

Կարդացեք նաև

Կարեն Անդրեասյանի կրեատիվությունը ճաքեր է տալիս. միգուցե քանի դեռ Հունաստանում է ու սովի մատնված Արցախի ֆոնին իր գերշքեղ հանգստից կադրեր է հրապարակում, մտածի նաև որակյալ PR մասնագետ հրավիրելու մասին, որովհետև ավելի զավեշտալի բան կարելի էր մտածել: Օրինակ, որ Դավիթ Հարությունյանը, հնարավոր է, տեռորիստ լիներ, մտածում էինք՝ ոնց չեզոքացնենք, ու հենց դա էլ քննարկում էինք: Ի վերջո, ինչո՞ւ՝ ոչ. էդ լրագրողները կարող են տեռորիստ լինել, դատավորը՝ ո՞չ…

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ի պատասխան լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակմանը Ազգային ժողովում, ասել էր՝ «Եթե որոշակի ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են լրագրողի կերպարի տակ թաքնված լինել, ու նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, ուրեմն պետք է հավատանք անվտանգության մարմիններին»:

Պարզապես աղետալի է այս որակը, և այդ աղետի հետևանքները, համակարգն ու մենք բոլորս, ովքեր ազատ, անկախ դատական համակարգի շահառուներն են, զգում ենք մեզ վրա:

Խորհուրդը կարևոր է համարել անդրադառնալ նաև Դավիթ Հարությունյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու միջոցով դատական նիստերի դահլիճից հեռացնելու հարցին:

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նախատեսում է դատավորի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում դատական սանկցիա կիրառելու դատարանի հնարավորությունը, որպիսի հնարավորությունը տվյալ պարագայում Խորհրդի կողմից համաչափորեն օգտագործվել է, քանի որ Դատավորը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները դադարեցնելու մասին նախագահողի կողմից հնչեցված մի քանի զգուշացումներից հետո ևս շարունակել է նույնանման վարքագծի դրսևորումները, որոնք իրենց հերթին նաև փաստել են Խորհրդի նկատմամբ դատավորի ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ավելին, Խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավակարգավորումները, Դատավորին արտահայտվելու հնարավորություն է տվել՝ առաջարկելով ընդունել իր արարքի հակաիրավականությունը և հայցել դատարանի ներողամտությունը՝ պարզաբանելով նման պայմաններում անձի նկատմամբ դատական սանկցիա չկիրառելու վերաբերյալ իրավական կարգավորումները: Մինչդեռ, Դատավորը արտահայտվելու իրավունքն օգտագործել է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու համար՝ ևս մեկ անգամ փաստելով Խորհրդի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքը»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:

Կարեն Անդրեասյանը քանի որ ոչ մի րոպե դատավոր չի աշխատել, երևի չգիտի, որ որպեսզի մարդն ընդունի իր արարքի հակաիրավականությունն ու ներողամտություն հայցի, նախ պիտի իմանա՝ ինչ է արել ինքը:

38 էջանոց տեքստի մեջ այն ԲԴԽ-ն, որը մանրամասն նկարագրել է՝ ինչի համար է իբր կարգապահական վարույթ հարուցվել Դավիթ Հարությունյանի վերաբերյալ, բերել է հղումներ, մեջբերումներ, որևէ կերպ կոնկրետ օրինակով չի հիմնավորում՝ որն է դատավորի կատարած հակաիրավական արարքը վարույթի ընթացքում: Ենթադրաբար հենց դա էլ ցանկացել է պարզել դատավոր Հարությունյանը, երբ պնդել է իր ասելիքը:

Այնպես որ, Կարեն Անդրեասյանը լավ կանի՝ պատասխանի Միջազգային իրավական հարցերով ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ ԲԴԽ ուղարկած գրությանը. Եվրոպական դատարանի վճիռը, անկախ Եղիշե Կիրակոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի կամքից, վստահաբար չի ուշանալու:

Տեսանյութեր

Լրահոս