Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը:
Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի կամուրջը, որտեղ Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել ու արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ նույնիսկ հումանիտար մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
«Դուք կարող եք տեսնել՝ հումանիտար բեռներով մեքենաները տևական ժամանակ է, ինչ գտնվում են այստեղ: Մինչև այս պահը մենք շատ փոքր ծավալով դեղորայք ու սննդամթերք ուղարկել ենք Արցախ, բայց վերջին ժամանակներում ընդհանրապես անհնար է որևէ բան ուղարկել: Մեքենաներն այստեղ կանգնած են, և անհնար է դառնում այս հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ»,-ներկայացրեց Ղուկասյանը:
Մարզպետն ընդգծեց՝ Արցախում քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները, իսկ Ադրբեջանն այդ ամենին արձագանքում է ինտեգրացիայի մասին խոսելով։
«Սակայն այդ ինտեգրացիային արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա անընդունելի է բոլորիս համար: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, որոնք սոված են: Այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում»,-ասաց մարզպետը՝ դիմելով դիվանագետներին:
Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք:
Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին այսպես կոչված բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով և պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։