Լրագրողներն ընդդե՞մ, թե՞ ընդդեմ լրագրողների

Հայաստանի ժուռնալիստների միության՝ երեկ տարածած հաղորդագրությունը շատ ավելի խորքային խնդրի մասին է, քան՝ պարզապես լրագրողների դեմ սկսված արշավի։

Տարբեր պետություններ տարբեր ժամանակներում ընտրություն են կատարում «Լրագրողներն ընդդե՞մ, թե՞ ընդդեմ լրագրողների» հարցադրումների միջև։

Առաջին տարբերակի դեպքում լրագրողներին վերապահված է հասարակության մեջ առկա հարցադրումների ձևակերպման, հնչեցման, տարածման, վերլուծության առաքելություն։

Եվ հայտնի ասուլիսի հայտնի հարցերը դրա կոնկրետ օրինակներ են. բոլոր հարցերը, որոնք հնչեցվել են, այսօր կան հասարակության մեջ։ Պետք է սա´ հասկանալ, և վախենալ պետք է դրանից, այլ ոչ՝ հարց ու պատասխանի ֆորմալ փաստից։ Ի վերջո կատաստրոֆիկ ոչինչ տեղի չի ունեցել. հնչել են տհաճ հարցեր, տարբեր ժանրերում, և հնչել են պատասխաններ՝ այս կամ այն աստիճանի համոզիչ կամ ոչ։

Պրոբլեմն այլ տեղում է, և դա շատ լուրջ պրոբլեմ է. բոլոր հարցերը, ենթահարցերը, ենթատեքստերը հասարակության մեջ կան, և դրանք ոչ միայն լուծում չեն ստանում, այլև խորանում են նկատելի ինտենսիվությամբ։ ՄԵԿ հոգու կառավարման մոդելը, չդադարող մանիպուլյացիաները, պետական համակարգի անգործությունը, չլուծվող հարցերը, բոլոր ոլորտների գռեհիկ ՔՊ-ականացումը և իշխանության քաղաքականության հետևանքով Արցախի շուրջ զարգացումները բերում են չարության, ներհանրային ագրեսիայի էական մեծացման։

Նորմալ մարդը, ո´ր ճամբարում էլ որ լինի, սրանից միայն կվախենա, ու ոչ մի լավ բան չի տեսնի դրա մեջ։ Լուծումներ են պետք։

Հանրային տրամադրությունները որպես հարց ձևակերպած լրագրողների հանդեպ սպառնալիքների արշավը հաստատ լուծում չէ։

Հնուց հայտնի «սուրհանդակին սպանելու» ավանդույթը չէ լուծումը։ Սուրհանդակը (լրագրողը) չէ´ վատ լուրի հեղինակը, նա միայն փորձում է տեղ հասցնել, որ շատ բաներ վտանգավոր զարգացում են ստանում ու հասարակության մեջ կան այսպիսի գնահատականներ։

Օրինակ, եթե մի լրագրող այսօր հարցնի. Արցախ ուղարկվող շարասյունը մի տեսակ ավանտյուրայի է նմանվում. արդյո՞ք այն նախապես համաձայնեցված էր միջնորդների հետ՝ ռուսների կամ Արևմուտքի, և արդյո՞ք կար երաշխավորված հավաստիացում, որ բեռը տեղ է հասնելու։ Արդյո՞ք սա ոտքի վրա կայացված PR քայլ չէր, որը տապալման դեպքում է´լ ավելի է վատացնելու իրավիճակը։ Եթե չկան պայմանավորվածություններ, ապա հունիսի 15-ից սկսված տոտալ շրջափակման պայմաններում, ինչո՞ւ հենց գիշերվա կեսին որոշեցիք շարասյուն կազմել և ուղարկել։ Սրանք հարցեր են, որոնք կան, և հնչեցնողները մեղավոր չեն։ Մնում է՝ լուրջ պատասխանող լինի։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս