Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ–ի ներգրավումը ապակայունացնում է տարածաշրջանը. ՌԴ ԱԳՆ

Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ–ի ներգրավումը կապակայունացնի այն և բավական կհետաձգի լիարժեք, լիաֆորմատ խաղաղ կարգավորումը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Պենտագոնի հետ հայ բարձրաստիճան պաշտոնյաների շփումների թեման։

Նա փաստել է, որ ՆԱՏՕ–ի երկրները, այդ թվում` ԱՄՆ–ն և Թուրքիան, մեծ հետաքրքրություն են դրսևորում Հարավային Կովկասի նկատմամբ։ Զախարովան պատահական չի համարում նաև Կանադայի ներկայացուցիչների միացումը Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությանը։

«Հայաստանում կանադացիների հայտնվելը ակնհայտորեն փաստում է, որ ԵՄ–ն լիարժեք կորցնելով արտաքին քաղաքական ինքնուրույնությունը, զբաղվում է ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի շահերի սպասարկմամբ», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով` դա լիովին բացատրում է այն, թե ինչու է Հայաստանում 100 հոգանոց ԵՄ առաքելությունում «կանադացի մի քանի մասնագետի կարիք եղել, և թե ինչ մասնագետներ են դրանք, կռահում ենք»։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանում քաջատեղյակ են կանադական խաղաղապահության առանձնահատկության մասին, քանի որ հենց նման կանադական մասնագետներն էին 2015 թվականից ակտիվ պատրաստում ուկրաինացի զինյալներին «Unifier» («Միավորող») գործողությունների շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս