Կինս ի՞նչ է ցույց տվել, սև խավիա՞ր, մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա՞․ Փաշինյանը հունից դուրս եկավ

News.am-ի հարցը Նիկոլ Փաշինյանին կրկին ձայնագրության տեսքով էր: Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը, և վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։

Հարցը հնչեցրած լրագրողը, ի դեպ, ասաց, որ շատ դժվար է եղել գտնել շարքային արցախցու, ով Փաշինյանին հարց ուղղելու ցանկություն է ունեցել: Հնչեցված հարցը Փաշինյանին կրկին հունից հանեց.

– Կնոջս հետ կապված՝ երբ կինս պատերազմի օրերին Ստեփանակերտում էր, շատ քիչ կին, անգամ տղամարդ կար Ստեփանակերտում, ինչի համար ես ցավում եմ: Հիմա հաջորդ հարցին անդրադառնամ: Կին է, ուտելիք է ցույց տվել: Եկեք մի հատ գնանք հետ՝ ի՞նչ ուտելիք է ցույց տվել կինս՝ մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ։ Ինչ-որ մեկն ուզում է ասել՝ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա՞, իսկ ինչո՞ւ չկա։ Դրանք որ աճել են, վրան ոչ բենզին ենք ծախսել, ոչ՝ սալյարկա։ Այսօր ցանկացած հողի վրա պետք է այդ ամեն ինչը լինի։ Ցանկացած բակում պետք է այդ ամենը լինի: Իսկ ինչո՞ւ չկա: Գոնե ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ վերջին շրջանում, բավարար միջոցներ է հատկացրել, որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն, և այդպես շարունակ: Որպեսզի ԼՂ-ում թոշակները, նպաստները, աշխատավարձերը վճարվեն:

Սև խավիա՞ր է ցույց տվել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել։ Երբ որ իմ կինը Ստեփանակերտի նկուղներում ծվարած տարեցներին էր փորձում ուտելիք հասցնել, քաղաքում կին ու տղամարդ շատ չկար։ Սա ի՞նչ պատվերով քարոզչություն է… Մենք Ղարաբաղի համար որևէ բան խնայե՞լ ենք… Ղարաբաղը վերջին 30 տարվա ընթացքում երբեք Հայաստանից էդքան աջակցություն չի ստացել, որքան հիմա: Մի՛ մտեք էդ թեմաների մեջ, որովհետև ես չհիշեմ, մարդիկ են հիշելու, որ էդ նույն բարբառով բազմաթիվ երիտասարդներ Երևանի սրճարաններում էին պատերազմի օրերին։ Նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում կարող են ասել՝ մենք գիտենք, թե ո՞վ է մեզ այս օրը գցել։ Ինչի՞ եք մտնում էդ տրամաբանության մեջ: Էդ ո՞նց ա, որ էդ ձայնագրությունները հայտնվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ անմիջապես կապ ունեցող լրատվամիջոցների լրագրողների ձեռքում: Դուք քաղաքական ակցիա եք անում, հարց չեք տալիս…  Ի՞նչ է՝ մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա՞… Հայաստանում պետք է բադրիջան չլինի՞, թե՞ տրանսպորտ չպետք է լինի։ Սրա տակ ուրիշ, թաքնված պրոցես կա… Իմ ընտանիքը, Հայաստանը, ժողովուրդը ի՞նչ է խնայել Ղարաբաղի համար։ Նշեք մի բան, այս մուննաթը ինչի՞ համար է։

Կարդացեք նաև

Ասում է՝ տներ ենք ձեռք բերել: Ի՞նչ տներ ենք ձեռք բերել: Ինչո՞ւ Ղարաբաղից չեն պահանջում գտնել Երևանում սեփականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին:

Նշենք, որ Փաշինյանն այնքան էր հունից դուրս եկել, որ անգամ հաջորդ լրատվամիջոցի հարցի ժամանակ կրկին վերադարձավ այս հարցին՝ լրատվամիջոցներին մեղադրելով արցախցիների հարցը բարձրաձայնելու մեջ։

– ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի Հանրապետությունը և նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը փոխանցվել է ՀՀ իշխանություներին, և դուք պետք է դա փոխանցեք Արցախի իշխանություններին: Ինտեգրումը, ըստ Դավիթ Շահնազարյանի, լինելու է 4 փուլով: Ձեզ նման փաստաթուղթ փոխանցվե՞լ է:

– Կարող եմ ասել, որ դա բացարձակ անհեթեթություն է: Ես դրա մասին լսել եմ Դավիթ Շահնազարյանի այդ հայտարարությունից: Հիմա՝ հարց: Էդ որտեղի՞ց գիտի: Ինձ նման փաստաթուղթ ոչ փոխանցվել է, ոչ  ասվել է, ոչ առաջարկվել:

Մարամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս