Խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, բայց դրա բացակայությունն էլ կրկնապատկում է պատերազմի հավանականությունը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչը հարց է ուղղել նրան՝ «Դուք ասեցիք, որ 29.800 քկմ տարածքով ՀՀ-ի վարչապետն եք, եթե ԼՂ-ում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, որը կլինի ՀՀ-ի գործողությունը, արդյո՞ք կունենանք ռազմական միջամտություն, թե՞ կսահմանափակվենք դիվանագիտական աշխատանքներով»:

Փաշինյանն այս հարցադրմանն ի պատասխան՝ նախ նշել է, որ նման սցենար չի ցանկանում քննարկել, որովհետև ԼՂ-ում ռազմական գործողություններ պետք է չսկսեն, այնուհետև շարունակել է, թե ՀՀ-ում կա շարժում, որ իրեն պետք է արգելեն խաղաղության պայմանագիր ստորագրել:

«Խորհրդային Միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց: Եվ նման իրավիճակներ պատմության մեջ եղել են: Եվ դա է պատճառը, որ մենք չենք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերևը գրված է՝ խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք: Մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք էնպիսի խաղաղության պայմանագիր, որն ապահովի խաղաղություն կամ խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա: Եթե հակառակ տրամաբանությամբ առաջնորդվեինք, վաղուց ստորագրել էինք էդ խաղաղության պայմանագիրը՝ առանց էդ նրբությունների մեջ խորանալու: Իսկ ինչքանով է դա ապահովելու խաղաղություն, ինչքան ժամանակով: Եթե այդ խաղաղության պայմանագիրը պայմաններ է ստեղծելու, որ 1-2 տարի խաղաղություն լինի, էդ էլ ճիշտ տարբերակ չի: Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը, իրականացման մեխանիզմները… ցանկացած պայմանագիր ունենում է տարընթերցումներ, և տարընթերցումների հասցեագրման հստակ մեխանիզմների գոյությունը կապահովի խաղաղություն: Մեր մտահոգությունն ի՞նչ է՝ նույնիսկ այդ պարագայում կարող է այն չապահովել խաղաղությունը, որովհետև եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չի: այդ ատելության մթնոլորտում պայմանագիրը կարող է չգործել»,- ասել  է Փաշինյանը՝ հավելելով, որ խաղաղությունը նպատակ չի, այն միջոց է զարգացող պետություն ունենալու:

«Պետությունը և՛ նպատակ է, և՛ միջոց: Այն, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, դա պարզ է: Բայց փաստ է նաև, որ խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է պատերազմի հավանականությունը»,- եզրափակել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս