Բաժիններ՝

«Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց»

Աստվածային նախախնամությանը հուսացող անձը քաջ է, և վախը խորթ է նրա համար, քանի որ նա այն խոր հավատն ունի, որ ինքը մենակ չէ, այլ գտնվում է Աստծու հովանու և ողորմության ներքո: Քաջ է նա, ով ամեն օր ջանում է ընթանալ քրիստոնեական սխրանքների նեղ ճանապարհով: «Քաջ է նա, ով կարողանում է իշխել հինգ զգայարանների վրա՝ թույլ չտալով, որ վնասեն իր ներքին մարդուն»,- ասել է աբբա Եվագրիոսը:

«Քաջությունը մերձավորին նվաճելու  և հաղթահարելու մեջ չէ, ինչը հանդգնություն է և հեռու է քաջությունից, այլ բարու մեջ հարատևելու, հոգու և մարմնի կրքերը հաղթահարելու մեջ է» (սբ. Պետրոս Դամասկոսցի): «Քաջությունը ոչ այլ ինչ է, քան հաստատակամություն ճշմարտության մեջ և դիմադրություն թշնամուն, քանի որ երբ չես զիջում թշնամուն, նա նահանջում է և հեռանում» (սբ. Անտոն Մեծ):

Քաջությունը քրիստոնեական առաքինություն է, ոգու անսասան ամրություն, որ պահպանում է քրիստոնյային, երբ նա, հանուն Քրիստոսի, ենթարկվում է փորձությունների տեսանելի և անտեսանելի թշնամիների կողմից: Այդ հաստատակամությունն է նկարագրում Պողոս առաքյալը. «Ուրեմն, ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը»: Այնուհետև ասում է. «Վստահ եմ, որ ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 8:35, 38-39):

Քաջությունը կամքի ուժ է: Սրբերից Սեբաստիայի քառասուն մանուկները հոգու և կամքի այնպիսի ուժ ունեին, որ կարողացան հալածանքների ժամանակ հավատարիմ մնալ Քրիստոսին և իրենց կյանքը զոհեցին հանուն Նրա: Երբ նրանց նետեցին սառցե լիճը, նրանք միմյանց ասացին. «Եկեք համբերենք, այստեղ ցուրտ է, բայց դրախտում՝ տաք: Այստեղ միայն կգիշերենք, իսկ վաղն առավոտյան կհանդիպենք դրախտում: Տանջանքը սարսափելի է, բայց դրախտը գեղեցիկ է: Ուստի, հանուն հավիտենականի, եկեք բաժանվենք ժամանակավորից և չվախենանք»: Նրանցից մեկը չկարողացավ հաղթահարել վախը և կորցրեց թե՛ երկրային կյանքը և թե՛ երկնայինը:

Իրական քաջությունը կապված է խոնարհության հետ, քանի որ քաջ և խոնարհ անձը միշտ պատրաստ է համբերությամբ կրելու դժվարությունները՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն. «Պատրաստվեցի և չվախեցա պահել քո պատվիրանները: Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց Քո Օրենքը ես չմոռացա» (Սաղմ. 118:60-62): Հալածանքներին համբերող քրիստոնյան, երբ խոստովանում է Քրիստոսին մարդկանց առաջ, վստահ է, որ Քրիստոս էլ իրեն է խոստովանելու Հոր առաջ, որ երկնքում է (Մատթ. 10:32):

Առանց քաջության անհնար է սխալն ընդունել և հոգևոր կյանքում կատարելագործվել: Կարևոր է քաջ լինել նաև կյանքի շրջադարձային իրավիճակներում և հաղթահարել առօրյա կյանքի հետ կապված վախերը, կասկածներն ու հուսահատությունը: Երբ չարը նեղ ուղով ընթացող  քրիստոնյային չի կարողանում ձախ մղել, ապա սկսում է աջ մղել, այսինքն՝ գայթակղել այնպիսի բարի գործերով, որ անժամանակ են և ուժից վեր: Երբ չարն այս առումով էլ չի կարողանում հաղթել Քրիստոսի հետևորդին, ապա սկսում է նրա մեջ սերմանել փրկության անհնարինության միտքը: Մի անգամ հայրերից մեկին հայտնվեցին դևերը և ասացին՝ դու սուրբ ես, իսկ հետո՝ չես փրկվելու: Նա նրանց հարցրեց, թե ինչու են այս ու այն ասում: Նրանք անամոթաբար պատասխանեցին՝ մենք ընդհանրապես ճշմարտությունը չենք ասում:

Այս առումով եկեղեցու հայրերը հորդորում են քաջություն դրսևորել և չհուսահատվել փրկության հետ կապված, նաև չխաբվել սեփական արժանիքներով ու արդարամտությամբ: Հետևաբար անհրաժեշտ է ընդօրինակել Պողոս առաքյալին, որ ասել է. «Չեմ ասում, թե արդեն հաջողել եմ և կատարելության հասել, բայց ձգտում եմ, որ հասնեմ, որովհետև հենց դրա համար Հիսուս Քրիստոսն ինձ պահեց: Եղբայրնե՛ր, ես ինձ դեռևս կատարելության հասած չեմ համարում, բայց աշխատում եմ անցյալը մոռանալ ու նայել գալիքին. ուշադիր վազում եմ դեպի նպատակակետը, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպ. 3:12-14): Այսինքն՝ քրիստոնյան իր հոգում պետք է ունենա քաջություն և հույս Քրիստոսի փրկարար զոհաբերության ու Աստծու ողորմության հանդեպ:

Վախն առաջ է գալիս հավատի պակասից: Սուրբ Գրքում երեք հարյուր վաթսուն հինգ անգամ ասված է՝ մի՛ վախեցիր, այսինքն՝ քաջ եղիր և ոչ թերահավատ: Ոմանք սխալմամբ կարծում են, որ քրիստոնյան թույլ կամք ունի և վախկոտ է, այնինչ սուրբգրային հերոսների վարքագրություններն այլ վկայություն են տալիս: Աբրահամ նահապետը չէր վախենում տարբերվելուց: Նա այնպիսի մարդկանցով էր շրջապատված, ովքեր պաշտում էին աստվածների և կուռքերի: Սակայն դա չխանգարեց նրան վարվել այնպես, ինչպես ճիշտ է. նա չվախեցավ դատապարտումից, մերժումից և որոշեց երկրպագել ճշմարիտ Աստծուն (Ծննդ. 12; 13):

Աբրահամը նյութական հարստությունից վեր դասեց Աստծուն ծառայելը: Նա պատրաստակամորեն զոհաբերեց հարմարվետ կյանքը՝ վստահ լինելով, որ Տերը կհոգա իր կարիքները: Հաջորդ աստվածաշնչյան կերպարը Նոյն է, որը չվախեցավ մարդկային դատապարտությունից, ծաղրից և զայրույթից, քանի որ լիովին վստահեց Աստծուն, ինչի շնորհիվ փրկվեց ինքն ու իր ընտանիքը: Առաքյալները հետևեցին Քրիստոսին Նրա հարությունից հետո էլ: Բոլորը, բացի Հովհաննես առաքյալից, նահատակվեցին: Իսկ քաջության մեծագույն օրինակը Քրիստոսն է, որ չարչարանքների և խաչելության ենթարկվեց հանուն մարդկության փրկության: Մարդու ուժն Աստծու մեջ է, իսկ այդ ուժն անչափելի է: Հիշենք Հայաստանում նահատակված սբ. Հռիփսիմե կույսին, որ Աստծուց զորանալով՝ կարողացավ դիմադրել մեծ ուժի տեր Տրդատ արքային և փախչել պալատից:

Խոնարհություն և քաջություն է անհրաժեշտ, որպեսզի մարդը թույլ տա, որ Աստված օգնի իրեն և ոչ թե իր ուժերին հուսա: Մեծ ուժ է անհրաժեշտ հաղթահարելու սեփական կրքերը, իսկ աշխարհիկ մտածողության տեր մարդիկ կարծում են, որ ուժեղ է նա, ով կարողանում է պաշտպանել իրեն աղաղակով ու բռունցքով:

Տառապանքներն ու փորձությունները չեն կարող ստվերել այն ամենը, ինչ արել է Աստված յուրաքանչյուր անձի համար: Աշխարհում ոչինչ չի կարող վախեցնել քրիստոնյային և բաժանել Աստծուց և Նրա սիրուց: Ս. Կիպրիանոս Կարթագենացին ասել է, որ հալածանքները փորձություն են հոգու համար, որոնց ժամանակ քրիստոնյաները չեն զգում աստվածային օգնության պակասը:

Մի՞թե վշտերն ու նեղությունները կարող են հեռացնել մարդուն Աստծու սիրուց կամ զրկել նրան Աստծու հետ հաղորդակցությունից: Ոչինչ չի կարող քրիստոնյային զրկել ամենակարևորից՝ Աստծու սիրուց: Իսկ նախատինքների ու հալածանքների ժամանակ քրիստոնյան, ինչպես նշել է Քրիստոս, պետք է ցնծա և ուրախանա, որովհետև մեծ է լինելու իր վարձատրությունը երկնքում (Մատթ. 5:12): Նա, ով չի կորցրել Աստծու հանդեպ սերը, նա ամեն ինչ ունի:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս