
Տափերական գյուղի մոտ կողաշրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է, երկու ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոց

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 23-ին, ժամը 10:36-ին ահազանգ է ստացել, որ Փոքր Վեդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին` Տափերական գյուղի մոտակայքում, «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները ուղևորներ Գ․ Մ․-ին (ծնված 1960 թ.) և Յ․ Վ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Արտաշատի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։