Հայաստանում կանցկացվի AI-code battle, որի ընթացքում AI-ով աշխատող գործիքների կիրառությամբ նոր լուծումներ կմշակվեն
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում երիտասարդների նորարարական մտածողությունը և կարողությունները զարգացնելու նպատակով կանցկացվի նոր մրցույթ՝ AI-code battle, որի ընթացքում արհեստական բանականությամբ աշխատող գործիքների կիրառությամբ նոր լուծումներ կմշակվեն։
«Մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:
Նրա համոզմամբ՝ արհեստական բանականությունը երիտասարդների կյանքի, աշխատանքի մի մասն է: Մրցույթի միջոցով փորձում են խրախուսել երիտասարդներին հետաքրքրվել գործիքներով, հասկանալ դրանց կիրառությունները տարբեր ոլորտներում:
«Մրցույթի առաջնային նպատակը երիտասարդների շրջանում արհեստական բանականության գործիրքների արդյունավետ կիրառության հանդեպ հետաքրքրութուն առաջացնելն է, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն և հասկանան ինչպիսի գործիքներ կան և ինչպես կարող են կիրառել այդ գործիքները իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Երկրորդ նպատակն է գտնել հետաքրքիր գաղափարներ, հետարքիր երիտասարդների, որոնք կցանկանան իրենց գաղափարը որևէ կերպ առաջ տանել և ինչ-որ փուլում դարձնել բիզնես պրոդուկտ․ ծրագիրը պատրաստ է օժանդակել, մենթորություն անել, տալ հավելյալ հմտություններ, որպեսզի այդ երիտասարդները կարողանան առաջ տանել իրենց գաղափարը»,- ասաց Ղուկասյնաը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի բոլոր մարզերում իրականացնում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիր, որի նպատակն է 19-29 տարեկան երիտասարդներին տարբեր կրթական հնարավորությունների միջոցով տալ այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որպեսզի շուկայում դառնան ավելի մրցունակ, նոր աշխատանք գտնեն կամ իրենց աշխատանքում որոշակի առաջխաղացում գրանցեն: Հենց «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում է հայտարարվել AI-code battle-ը:
«Մրցույթին կարող են մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացված ցանկացած դասընթացին մասնակցած կամ վերջիններիս ներգրավմամբ (առնվազն 1 հոգի) թիմ կազմած երիտասարդները։ Ծրագիրն իրականցվում է արդեն 2 տարի, շահառուների թիվը գերազանցում է 2000-ը»,- նշեց Ղուկասյանը:
Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների, սովորելու՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում, ինչպես նաև մշակելու հետաքրքիր նախագծեր / դեմո տարբերակներ ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության և այլ ոլորտներում կիրառության համար:
«Մենք նաև կարևորում ենք արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ: Վստահ ենք, որ կրթության որակը և արդյունավետությունն արհեստական բանականության օժանդակությամբ կբարձրանա: Հետաքրքիր է հասկանալ՝ երիտասարդներն ինչպես են մտածում, ինչպես կօգտագործեն արհեստական բանականությունը՝ որևէ կրթկան նախագիծ կամ մոդել ստեղծելիս»,- նշեց Ղուկասյանը:
Յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 500․000 դրամ է։ Ունեն 3 անվանակարգ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագծի համար, արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագծի համար և արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագծի/մոդելի համար։
«Ստացել ենք 10-ից ավելի հայտեր: Դիմում-հայտերի վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Այսօր ունենալու ենք տեղեկատվական հանդիպում, հուլիսի 25-ին կունենանք աշխատարան, որտեղ կպատմենք մեծ ճանաչում ունեցող արհեստական բանականության գործիքների մասին, ցույց կտանք կիրառության ձևերը: Ամեն ինչ արվելու է առցանց: Դիմում-հայտերը ներկայացնելուց հետո մենք կապ ենք հաստատելու բոլոր թիմերի հետ՝ հասկանալու իրենց գաղափարը և խնդրելու ենք ներկայացնել իրենց գաղափարի նախատիպերը: Ժյուրիի կազմում լինելու են ինչպես տեխնոմարդիկ, որոնք կարող են հասկանալ գաղափարի կիրառությունը տեխնոլոգիական տեսանկյունից, այնպես էլ տարբեր բիզնես միջավայրի ներկայցուցիչներ, որոնք կգնահատեն գաղափարի բիզնես արժեքը»,- մանրամասնեց Ղուկասյանը:
Նա նշեց՝ ստացված հայտերից պարզ է դառնում, որ գաղափարները շատ տարբեր են՝ հասարակ վեբկայքերից մինչև վիդեոմոնտաժի գործիքներ: Սպասում են նոր գաղափարների՝ հաշվի առնելով, որ մրցույթի հանդեպ հետաքրքրությունը իրենց ակնկալիքներից շատ է:
Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայատանում կա արհեստական բանականության սահմանափակ կիրառության մասին գաղափարը, այսինքն՝ բոլորը դիրտարկում են այն որպես ինչ-որ բան անող գործիք, բայց պետք է հասկանալ դրա լայն կիրառությունը:
Մրցույթը շարունակական բնույթ կկրի՞, թե՞ ոչ՝ Ղուկասյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ իրենց համար պարզ չէ, թե տեխնոլոգիաները և արհեստական բանականության գործիքները մեկ տարում ինչպիսի զարգացում կունենան: Գուցե, մյուս տարի մրցույթի անցկացումը անիմաստ լինի:
Մրցույթ իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Կարինա Տերտերյան