«Վայն եկել է՝ Մատենադարանը տարել. Արա Խզմալյանով իշխանությունն այնտեղ խորքային խնդիր է լուծում». Սերժ Սրապիոնյան
Մոտ երկու ամիս առաջ Կառավարությունը փոփոխության ենթարկեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի՝ Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ավելացնելով Գործադիրի անդամների թիվը, պակասեցնելով Մատենադարանի անդամներինը։
Կառավարությունը նաև փոփոխություն կատարեց տնօրենի թեկնածուի համար պահանջվող չափանիշների ցանկում և դրանցից հեռացրեց դոկտորի պարտադիր կոչումը։
Այս փոփոխությունից ամիսներ անց՝ հունիսի 26-ին, տեղի ունեցավ բաց մրցույթ և Մատենադարանի Հոգաբարձուների խորհուրդը, որի մեծամասնությունը Կառավարության անդամներ են, տնօրեն ընտրեց ԿԳՄՍ փոխնախարար, դոկտորի գիտական կոչում չունեցող Արա Խզմալյանին՝ տնօրենի թափուր տեղի համար հայտ ներկայացրած Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանի և գիտաշխատող Արծրունի Սահակյանի (պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր) միջից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում գրականագետ Սերժ Սրապիոնյանը, խոսելով այս ընտրության մասին, շեշտեց՝ մինչ ընտրությունը Մատենադարանի տնօրենի ընտրության կարգում և Հոգաբարձուների խորհրդում արված փոփոխություններն արդեն խոսում էին այն մասին, որ սա այն ծրագրի շարունակությունն է, որով իշխանությունը ոչնչացնում է բուհերը։
«Այս մարդը՝ Արա Խզմալյանը, ԿԳՄՍ նախարարությունում մշակույթի պատասխանատուն էր։ Քանի՞ ինքնուրույն ծրագիր է բերել և մշակութային կյանքն ակտիվացրել, կարո՞ղ է արդյոք գոնե մեկ մշակութային միջոցառում մատնանշել, որը մնում է՝ որպես մեր ազգային մշակույթի կարևոր միջոցաումներից մեկը։ Ես չեմ տեսել նման միջոցառում, փոխարենը տեսնում եմ, որ նրա ղեկավարության ներքո գտնված մշակույթը գահավիժում է դեպի կործանում, օրինակ՝ «մշակութային միջոցառում է» «Գոյ» թատրոնի փակումը»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։
Գրականագետի փոխանցմամբ՝ իշխանությունն Արա Խզմալյան միջոցով Մատենադարանի հարցում ավելի վտանգավոր խնդիր է լուծում, քան կարող է թվալ առաջին հայացքից։
«Արա Խզմալյանով պետք է Մատենադարանի հեղինակությունը հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ ոչնչացնել։ Ցեղասպանության թանգարանի ճակատագիրը հուշում է, որ նման ողբերգական ճակատագիր է սպասվում նաև Մատենադարանին, ուստի դրա համար բերեցին մի սովորական կատարողի, բազմեցրին տնօրենի աթոռին, որ իրենց մութ նպատակին հասնեն»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ ինքը՝ Խզմալյանը, իր ընտրության հետ կապված մտահոգություններին ի պատասխան՝ դրանց հեղինակներին կոչ է անում դուրս գալ «Պեպոյի սինդրոմից», Սերժ Սրապիոնյանն արձագանքեց.
««Պեպոյի սինդրոմից» եթե դուրս են գալիս, ապա դուրս են գալիս Հայաստանի մշակույթի ծիրից։ Իրենք դուրս գալով դրանից, բերում են «Օվերտոնի սինդրոմը» և դա Մատենադարանի պարագայում լինելու է այդ հսկայական կոլեկտիվի քանդման ճանապարհը։ «Պեպոյի սինդրոմից» դուրս եկած Արա Խզմալյանն անդամակցել է ՔՊ-ական քանդարար սինդրոմին, բայց պետք է հիասթափեցնեմ այս երիտասարդ կարիերիստին և ասեմ՝ Արա Խզմալյանը շատ փոքր ուժ է, որ կարողանա ոչնչացնել Մատենադարանի արժեքները, ուստի մենք ականատես ենք լինելու Մատենադարանում բախումների տնօրենի և աշխատակազմի միջև։ Հուսով եմ, որ այս տնօրենիկը չի կարողանա դիմանալ այն գահին, որին փափուկ բերել և բազմեցրել են»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։