«Երախտագետ» Խզմալյանը, կամ՝ իշխանության արևի տակ
Օրերս Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը տնօրինության որոշմամբ ստացավ Մատենադարանի «Երախտագիտության մեդալ»:
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը՝ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Արա Խզմալյանը, ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել էր. «Այս խորհրդանշական քայլով փորձեցինք արժևորել այն անսեթևեթ ու անաղմուկ, բայց և անգնահատելի ներկայությունը, որ Մատենադարանի բարեփոխումներում ունի պետական համակարգի ամենակիրթ ու լուսավոր պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Շնորհակալ ենք…»:
Իհարկե, Ժաննա Անդրեասյանին Արա Խզմալյանը շնորհակալ լինելու շատ պատճառներ ունի՝ թերևս, սկսած տնօրենի պաշտոնում իր ընտրությունից. 2023 թվականի հուլիսին նոր ձևավորված և տնօրեն ընտրած հոգաբարձուների խորհրդում Խզմալյանի ներկա ու նախկին վերադասներն ու գործընկերներն էին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ու ԿԳՄՍ նախկին նախարար, այսօր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Իսկ որ «Մատենադարանի» տնօրենի ընտրությունը կանխորոշված էր, և հենց Արա Խզմալյանն էր լինելու հաղթող թեկնածուն, մամուլը պնդում էր ընտրություններից առաջ՝ արձանագրելով, որ մրցույթից 2 ամիս առաջ կառավարությունը փոխել է ընտրության կարգը, վերանայել կանոնադրությունն ու հոգաբարձուների խորհրդում շեշտակի ավելացրել իր ներկայացուցիչների թիվը։
Արա Խզմալյանի ընտրվելուց հետո Մատենադարանին ԿԳՄՍ նախարարությունը միլիոնավոր դրամների մի քանի դրամաշնորհ է ուղղել, իսկ Մատենադարանն ակտիվ սկսել է մասնակցել պետգնումներին՝ ծառայություններ պատվիրակելով այս կամ այն ընկերություններին՝ հիմնականում մեկ անձից ոչ մրցակցային ընթացակարգով:
168.am-ն առիթ ունեցել է գրելու, որ ոչ միայն Մատենադարանը, այլև Խզմալյանի անվան հետ կապվող «Ազգային ստեղծարար միավորում» կազմակերպությունը ևս պարբերաբար դրամաշնորհներ է ստանում ԿԳՄՍ նախարարությունից:
Օրինակ, այս հ/կ-ի անցյալ տարվա դրամաշնորհի չափը կազմել էր 40 միլիոն դրամ, այն հատկացվել էր «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով միջազգային համաժողովի համար, որի անցկացման վայրը Մատենադարանն էր, 2024-ին՝ դրամաշնորհի չափը կազմել է 49 միլիոն դրամ: Եվ այսպես՝ արդեն չորս խոշոր դրամաշնորհ «Ազգային ստեղծարար միավորում» հ/կ-ին, որն ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ գոյություն ունի 2006 թվականից, բայց միայն 2022 թվականից է հայտնվել ԿԳՄՍՆ դրամաշնորհների հովանու ներքո:
Այստեղ դարձյալ հիշեցնենք, որ Արա Խզմալյանը 2019 թվականից ԿԳՄՍ փոխնախարարն էր, իսկ 2023 թվականի հուլիսից՝ Մատենադարանի տնօրենը։
Բայց սրանք միակ հանձնառությունները չեն, որ դրվել են երիտասարդ ու ժրաջան Խզմալյանի ուսերին. 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ նոր Հանրային խորհրդի կազմավորման մասին։
Փաշինյանը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։
«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- նշվել էր հայտարարության մեջ։
Ահա այսպես սկսվեց Խզմալյանի նոր առաքելությունը, նա, օրինակ, սկսեց Փաշինյանի ու Փաշինյանի ստեղծած խորհրդի հետ գնալ ու արձանագրել այն, ինչ չեն արձանագրում մարդիկ, որոնք, ասենք, Կիրանցի պատը չեն համարում խաղաղության խորհրդանիշ:

Արա Խզմալյանն, օրինակ, թշնամու քթի տակ հայտնված Կիրանց գյուղ այցելությունից հետո դարձյալ երախտագիտության խոսքեր է գրել. «Այն ահռելի աշխատանքը, որ տարվում է անաղմուկ, անտես ու աննկարագրելի ջանքերով, երեկ ներկայացվեց Հանրային խորհրդի անդամներին: Զինված ուժերի ու սպառազինության արդիականացում, նոր տեխնոլոգիաների ներդրում, աննախադեպ ամրաշինական աշխատանքներ… Եվ գիտակցում, որ անվտանգությունը միայն զենքը չէ, այլ մի ամբողջ համակարգ, մտայնության և հոգեբանության փոփոխություն:
Երախտագիտության խոսքեր այս ընթացքի բոլոր մասնակիցներին…
Իսկ տեսածը սոսկ լավատեսության պատրվակ չէ, այլ կենտրոնացած ու անշեղ աշխատանքի հրավեր բոլորին»:
Արա Խզմալյանը նաև «կրթական ծրագրերի» ռահվիրա է. չմոռանանք, որ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներից մեկը Մատենադարանում է կայացել:

