Հրապարակվել է ձայնագրություն, ուր Արմեն Աշոտյանի հետ ոչ ոք չի խոսում. կալանքն ակնհայտ ապօրինի է. Արամ Օրբելյան
«Պետք է շտկում անել՝ մարդկանց մոտ շփոթմունք չառաջանա: Արմեն Աշոտյանի հետ ձայնագրություն չի հրապարակվել: Հրապարակվել է ձայնագրություն, որտեղ մարդիկ խոսում են, բայց ոչ Արմեն Աշոտյանը: Սա շատ կարևոր բան է, որովհետև եթե խոսեին Արմեն Աշոտյանի հետ, ուրիշ բան պետք է քննարկվեր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը, ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը:
Վերջինս նկատեց՝ ինքը չի տիրապետում կալանքի փաթեթում ներառված նյութերին, բայց եթե ձայնագրությունն է հիմք հանդիսացել Արմեն Աշոտյանի կալանավորման համար, ակնհայտ ապօրինի է:
«Երկու հոգի խոսում են, որ Արմեն Աշոտյանի շրջապատից երրորդ հոգին առաջարկել է ունենալ փաստաբան: Փաստորեն, ստացվում է, որ չի կարելի փաստաբան ունենալ»,- ասաց Արամ Օրբելյանը՝ կատակելով՝ երևի պետք է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով անբարեխիղճ մրցակցության, փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու համար:
Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ մեր երկրում կալանքը չդիտարկվի որպես պատժի և անձին մեկուսացնելու միջոց:
«Օրինակ՝ երբ պետությունը մտածում է, որ մեղադրյալը վկային կարող է ճնշել, պետք է այնպես անի, որ դա տեղի չունենա, որ այդ վկային մոտենալու, համոզելու գործընթաց չլինի: ԱՄՆ-ում բազմաթիվ են դեպքերը, ծանր հանցագործությունների դեպքերով անձին չեն կալանավորում, գրավով ազատ են արձակում, որովհետև անձին կալանքի տակ պահելը պետության հիմնական գործառույթը չի կարող լինել»,- ասաց փաստաբանը:
Նա հիշեցրեց՝ ձայնագրության մեջ երկու հոգի խոսում էին այն մասին, որ ինչ-որ անձ պետք է փաստաբան ունենա:
«Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր քրեադատավարական որևէ գործընթացի մասնակից են՝ վկա, մեղադրյալ թե տուժող, օգտվեն փաստաբանի ծառայություններից: Հուսով եմ, որ այս ասածս չի դիտվի՝ որպես միջամտություն քրեական գործին»,- ասաց Արամ Օրբելյանը:
Փաստաբանը նշեց՝ «ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ կալանք» հարցերն ակտուալ կլինեին, եթե Արմեն Աշոտյանի չլիներ քաղբանտարկյալ, բայց Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:
«Քաղբանտարկյալ է համարվում այն անձը, ում նկատմամբ ակնհայտ ապօրինի գործընթացների արդյունքում վերջինս զրկված է ազատությունից կամ ազատության հետ կապված որևէ այլ ֆունդամենտալ իրավունքներից որոշակի այլ դրդապատճառներով: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ նախ Արմեն Աշոտյանը զրկված է եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից: Արմեն Աշոտյանը քննադատում է այս իշխանություններին, շատ ինտենսիվ պահում է կապը միջազգային կառույցների հետ, նա կուսակցության փոխնախագահ է: Ամեն ինչ պարզ է»,- ասաց Արամ Օրբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: