Հնարավոր է՝ ամենածանր հանցանք կատարածը գրավոր խոստանա հավատարիմ լինել իշխանությանը, ապա «գործուն զղջա» ու ազատ արձակվի՝ դրանից հետո կատարելով իրեն տրված բոլոր հանձնարարություն-հանցագործությունները. Ավետիք Իշխանյան

Այս շաբաթ հրատապ կերպով Կառավարությունից Ազգային ժողով (ԱԺ) ուղարկվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) համապատասխան լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որում կարգավորում է ներառված առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:

168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է այս թեմային, դրա խնդիրներին, ընդունման պատճառներին ու օրենքն առաջ մղողների մոտիվացիաներին:

Հատկանշական է, որ այս լրացումների դեմ են հանդես եկել ինչպես պետական իրավապահ և ոչ իրավապահ վերաբերելի մարմինները, այլև մասնագիտական շրջանակները: Մասնավորապես՝ իրենց մտահոգություններն են հայտնել Փաստաբանների պալատն ու ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ իշխանությունը հրատապ կարգով, նախ կառավարության նիստով, ապա Ազգային ժողովով միայն ՔՊ-ական պատգամավորների ձայների միջոցով անցկացրեց գործուն զղջալու օրենքը նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարողների վրա տարածելու օրինագիծը:

– Այսինքն՝ օրենքն ընդունելուց հետո որևէ մեկը կամ որևէ ավազակախումբ կարող են մարդ սպանել, ահաբեկչություն կատարել, որը դառնա բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ, կատարեն խմբակային բռնաբարություն, հայրենիքի դավաճանություն և․․․ գործուն զղջալ՝ ազատվելով պատժից։ Վստահ եմ, որ համաշխարհային պատմության մեջ նման օրենք չի եղել և այսօր էլ գոյություն չունի։ Ոմանց կարող է թվալ, որ նման օրենք ընդունվում է յուրայինների կողմից հնարավոր կատարված և կատարվելիք ծանր հանցագործությունները օրենքով մեղմելու համար։ Նման մտածողությունն ընդամենը միամտություն է, քանի որ  Հայաստանն իրավական պետություն չի, և ծանր հանցագործությունների  համար պատիժ չի սպառնում իշխանության ներկայացուցիչներին և նրանց մերձավորներին։

Օրինակները բազմաթիվ են։ Այնպես որ, այս օրենքի ընդունումն այլ նպատակներ է հետապնդում։

– Ըստ տարածված լուրերի՝ այս օրենքն ընդունվել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պնդմամբ՝ նախ 44-օրյա պատերազմի դասալիքների վրա տարածելու, ապա նաև՝ քաղաքական նպատակներով: Ի՞նչ թաքնված նպատակի իրագործում կարող է դրվել այս օրենքի տակ:

– Ճշտենք, առանց վարչապետ կոչեցյալի համաձայնության և հրահանգի, որևէ մեկը, այդ թվում՝ Քննչական կոմիտեի նախագահը չէր համարձակվի կառավարության նիստում առաջարկել, առավել ևս՝ պնդել որևէ հարց։ Այլ հարց, եթե նախապես նա իր տիրակալին ներկայացրել է դասալիքների և ոչ միայն նրանց հետ կապված ոչ այնքան դուրեկան իրավիճակը և առաջարկել նման օրենքով «տակից դուրս գալ»։

Հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում ոչ բոլոր քաղաքացիներն են պատրաստ պայքարել իրենց իրավունքների համար։ Եվ կոնկրետ այն մարդկանց գուցե գերակշիռ մասը, ում առանց լուրջ հիմքերի դասալքության մեղադրանք է առաջադրվել, հավանական է, որ քննիչները նրանց «համոզեն», որ գործուն զղջան և ազատ արձակվեն։ Նման օրենքով հնարավոր է նաև, որ ամենածանր հանցագործություն կատարած որևէ անձնավորություն քննության ընթացքում գրավոր խոստանա լինել հավատարիմ գործող իշխանությանը, ապա «գործուն զղջա» ու ազատ արձակվի՝ դրանից հետո կատարելով իրեն տրված բոլոր հանձնարարություն-հանցագործությունները, այդ թվում՝ սպանություններ։

Այլ ձևակերպումներով՝ այս, կարելի է ասել, օրենքն արդեն գործել է։ 2021թ. վարչապետ կոչեցյալին սատարողների մեջ էր նրա կողմից ներում ստացած ամենադաժան հանցագործությունը կատարած ցմահ դատապարտվածներից մեկը։ Հիշենք նաև ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց, հետո չգիտեմ ինչ եղավ․․․ Եվ նա այլևս ոչ միայն «նախկին» չէր, այլև ամենաթունդ վարչապետապաշտը։ Դեռևս չընդունված, մի փոքր այլ ձևով, արդեն այս օրենքը գործեց նաև պատերազմում զոհվածի մայր Գայանե Հակոբյանի կողմից վարչապետիկի «առևանգում»-ներկայացումից հետո։

Այնպես որ, այս օրենքը ոչ միայն դասալիքների չարչրկված հարցի լուծումն է տալու, այլև ունի քաղաքական նպատակ, այն է՝ հավաքագրել և՛ հանցագործ տարրերին, և՛ թուլություն ցուցաբերող ընդդիմադիր գործիչներին։

Ի՞նչ վտանգներով է հղի այս օրինագծի ընդունումը, արդյո՞ք իրավական ու անվտանգային անարխիայի առաջ չենք կանգնի:

– Այս օրենքի ընդունմամբ կանգնում ենք ոչ միայն իրավական և անվտանգային անարխիայի առաջ։ Այս օրենքը նախատեսված է նաև հասարակությանը վերջնականապես բարոյազրկելու համար։ Հիշենք, որ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության խորհրդանիշն Աբաջյանի կեղծ պապիկն էր։ Վարչապետ կոչեցյալը խրախուսում է անսկզբունքայնությունը, դավաճանությունը, բանսարկությունը, սուտն ու կեղծիքը և, իհարկե, իր առջև սողալն ու իրեն քծնելը։ Նաև ուշադրություն դարձրեք, որ վարչապետ կոչեցյալին ամենահավատարիմ գործիչներն իրենց հարազատներին, ընկերներին, կուսակցությանն ուրացած մարդիկ են՝ Գրիգոր Մինասյան, Կարեն Անդրեասյան, Սերգեյ Բագրատյան, Հովիկ Աղազարյան, Շիրակ Թորոսյան և ուրիշներ։

Այնպես որ, այս օրենքով վարչապետ կոչեցյալը նպատակ ունի համալրել իրեն հավատարիմների քանակը՝ ցանկալի է՝ ներգրավելով առավել խոցելի, հանցագործ անձանց։

Տեսանյութեր

Լրահոս