«Diyarbekispor»-ի Հայաստանի զինանշանին նմանվող էմբլեմի մասին լուրերը հասել են Թուրքիայի խորհրդարան
Հուլիսի 12-ին թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին շրջանառվող լուրերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատգամավորը, դիմելով Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքին, հիշեցրել է, որ շուտով սպասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 2 լիգայում գործող «Diyarbekir» սպորտային ակումբի վերանվանումը «Mezopotamya»-ի (թարգմ․Միջագետք):
Ապա նշել է, որ գրեթե նույնությամբ Հայաստանի գերբին նմանվող լոգոյով ֆուտբոլային ակումբը արդեն իսկ գրանցվել է ԹՖՖ-ի կողմից և երևում է պաշտոնական կայքում:
Թուրքանը նաև մեղադրել է ֆուտբոլային ակումբին քաղաքական քարոզարշավ իրականցնելու մեջ և ընդգծել. «Ակնհայտ է, որ այն իր անունից մինչև զինանշան մարզական գործունեության փոխարեն վերածվել է քաղաքական քարոզչության ապարատի: Անընդունելի է, որ Թուրքիայում կանաչ դաշտերը վերածվեն նման քարոզչական դաշտի։ ԹՖՖ-ն չի կարող կանգնել այս անզգուշության կողքին»։
Նշենք, որ հուլիսի 8-ին թուրքական մեդիայում տարածվել էին լուրեր առ այն, որ Դիարբեքիրում գործող ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Diyarbekirspor»-ը, պատրաստվում է փոխել իր անունը և էմբլեմը։
Դրանից բացի՝ ԹՖՖ-ի պաշտոնական կայքում ևս նշվում էր, որ «Mezopotamya Spor Faaliyetleri ve Yatırımları A.Ş.» անունով սպորտային ակումբ է ստեղծվել։
Ավելի ուշ սակայն ակումբի ղեկավար Սերքան Գենչի տարածած հայտարարությամբ լուրերը հերքվել էին: