Կոմունիստները հիմա ՔՊ-ականներին նայելով` նախանձում են. Լարիսա Ալավերդյան
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պայծառ կետ է տարածաշրջանում ժողովրդավարության իմաստով»,- Հայաստանում ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունից ընդամենն օրեր առաջ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ ահազանգում էին դատավորների հետապնդման մասին, այդ հայտարարությունից ընդամենն օրեր հետո՝ խորհրդարանական մեծամասնությունը՝ իշխանական ՔՊ-ն, նախաձեռնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելու գործընթացը:
Որոշման հիմնավորման մեջ ՔՊ-ն նշել էր, որ «Թագուհի Թովմասյանը 8-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները»:
Ըստ ՔՊ-ի՝ «դա հանգեցրել է նրան, որ հանձնաժողովն ԱԺ խորհրդի 46 նիստից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այդպիսով զրկված լինելով մասնակցելու ԱԺ լիագումար նիստերի օրակարգի ձևավորմանը»՝ «այդպիսով խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն գործունեությանը»:
Ի դեպ, իշխանությունները նմանատիպ սցենար արդեն փորձարկել էին 2020 թվականին, երբ դարձյալ հատուկ նախագծով դադարեցրել էին նույն պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում ներքաղաքական այս և այլ գործընթացներին անդրադարձավ Հայաստանին ու Արցախին առնչվող արտաքին քաղաքական գործընթացների համատեքստում:
ԱՄՆ դեսպանի դիտարկումների մասին իրավապաշտպանը նախ նկատեց, որ կցանկանար՝ տիկին դեսպանը դիվանագետին հարիր ազնվությամբ կարողանար հանդես գալ հասարակության համար, ապա՝ հավելեց. «Հենց այդ դիտարկումները, որոնք արտահայտվում են ինչպես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի, այնպես էլ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կողմից, կամ՝ այլոց լռության տեսքով, այն մթնոլորտն է, որի մեջ ՔՊ-ականներն իրենց զգում են ոչ միայն անպատիժ, այլև բարոյական նորմերից ազատ:
Իսկ ՔՊ-ականների խնդիրը և այն, ինչի համար իրենք կոչված են եղել և բերվել են, եղել է մի բան՝ օր առաջ Արցախը բռնակցել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդ: Ու դրա համար ջանք չեն խնայելու այն անձինք, որոնք վերին աստիճանի կարճատես լինելով, միայն իրենց աշխարհաքաղաքական շահերը նկատի ունենալով՝ ի վնաս թե՛ մարդկությանը, թե՛ քաղաքականությանը, թե՛ իրենց կողմից քարոզվող ժողովրդավարությանը, շարունակելու են այդ ոճը, որից ՔՊ-ականները շռայլորեն օգտվելու են»:
Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ չկա նախադեպ, երբ որևէ քաղաքական ուժ այդքան հետևողական լինի միակուսակցականությանը հասնելուն՝ ինչպես «Քաղաքացիական պայմանագիրը»:
«Կոմունիստները հիմա իրենց նայելով` նախանձում են, որովհետև նրանք անթաքույց անում են ամեն ինչ՝ ցույց տալու, որ իրենց դեմ խաղ չկա (ինչպես ավելի վաղ ասել են իրենց ավագ ուսուցիչները՝ ՀՀՇ-ականները), և կանեն այն ամենը, ինչ ցանկանան՝ մասնավորապես, շտապողականությամբ Արցախը բռնակցել Ադրբեջանին:
Եվ այս պատճառով է, որ իրենց ցանկացած քայլը պետք է դիտարկվի ոչ այնքան ու ոչ միայն ներքաղաքական իրավիճակի տեսակյունից, այլ այս նպատակից, որի մասին խոսում եմ 2018 թվականից»,- հավելեց նա:
Իրավապաշտպանը խոսեց նաև Արևմուտքի շտապողականության մասին՝ արձանագրմամբ, որ այն խիստ բացատրելի է, որովհետև իր խնդիրը տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի թուլացումն է կամ կազմալուծումը:
«Քանի որ հիմա ուկրաինական ճակատում անորոշություն է, շտապում են այստեղ հարված հասցնել, ՌԴ ներկայությունը դուրս մղել այստեղից՝ դրանով իսկ ազատ պահել իրենց ձեռքերը»,- մանրամասնեց նա:
Հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն այս տարածաշրջանում հանձնվում է Արևմուտքի այդ քաղաքականությանը, քանի որ, ըստ էության, ձախողել է եռակողմ պայմանագրով ստանձնած պարտականությունը՝ այն է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո», Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Եկեք հստակեցնենք՝ ՌԴ-ն ե՞րբ է դա խոստացել. 2020 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակ Հայաստանը հրաժարվե՞լ էր Արցախի նկատմամբ իր պարտականություններից, ասե՞լ էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ. ամբողջովին փոխվել է իրավիճակը: Մենք հիմա ի՞նչ ենք պահանջում»: