Թշնամին ճնշումն ուժեղացնում է զիջման գնացողի նկատմամբ՝ Հայաստանը բաժանելու համար. Գրիգոր Բալասանյան
Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել էր, որ Ադրբեջանը կրկին փակել է Հայաստան-Արցախ գազատարի միակ խողովակաշարի փականը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, արձագանքելով Արցախի գազամատակարարումը՝ կարճ ժամանակով վերականգնելու հարցին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի փոխարեն՝ կիրառել է ադրբեջանական Խանքենդի տեղանունը և լուրով ոգևորվել, ապա գազամատակարարման անջատումից հետո արել երկրորդ գրառումն ու նշել. «Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ»:
168 TV-ի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը Խանքենդի անվանած Տոյվո Կլաարի գրառման վերաբերյալ ընդգծեց՝ նրա այդ պահվածքից զարմանալ պետք չէ։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը կաշառում է, Կլաարը կաշառված է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Բալասանյանը՝ ընդգծելով՝ հայկական կողմը, երբ տեսնում է, որ միջազգային հանրությունը ներկայացնող պաշտոնյան կաշառվում է, պետք է հստակ դրան արձագանքի, բացի այդ, պետք է դիմի միջազգային հաաբերություններում առկա գաղտնի դիվանագիտության գործիքներին՝ հայկական շահը պաշտպանելու համար։
«Կան բաղադրատոմսեր Ադրբեջանին ծնկի բերելու և քիթը տրորելու համար, բայց դրա համար պետք է քաղաքական կամք»,- ասաց Բալասանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմից բանակցողները պետք է ակտիվ աշխատեն միջազգային հանրության հետ, միջազգային հանրության միջոցով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ՝ առանց խոսելու այն մասին, թե ցանկացած հակաադրբեջանական գործողություն կբերի պատերազմ։
«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հայի ենթագիտակցության մեջ ծնված օրվանից պետք է մտցվի, որ ամեն օր կարող է լինել պատերազմ, որովհետև ունենք հարևաններ, որոնք ուզում են, որ հայը չլինի։ Այդ գոյաբանական կռիվը միշտ լինելու է, հետևապես՝ «էսպես չանենք, որ պատերազմ չլինի» սկզբունքը կործանարար է: Ամեն ինչի զիջման գնացողը դիտարկվում է՝ ոչ թե որպես խաղաղասեր, այլ թույլ մարդ, հետևապես՝ թշնամին ճնշումն ավելի է ավելացնելու, պոկելու առավելագույնը՝ բաժանելու Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։
Մանրամասները՝ տեսանյութում։