«Մայրեր» և «որդիներ». հատընտիր երեսպաշտների շքերթը
Նախորդ տարվա մայիսի 6-ին՝ Դիմադրության շարժման բուռն շրջանում, երբ տասնյակ-հազարավոր ցուցարարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի ու նրա ողջ թիմի հրաժարականը՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու՝ Ազգային ժողովում ունեցած հայտնի ելույթից հետո, երթերից մեկի ժամանակ մի կին պատշգամբից հայհոյական հանրածանոթ ժեստ կատարեց ընդդիմադիր ցուցարարների ուղղությամբ՝ իր այդ ժեստն ուղեկցելով թքելու գործողությամբ:
Տեսանյութը տարածվելուց հետո լուր տարածվեց, որ թքող ու հայհոյող կինն Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը:
Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հաստատել էր՝ թքող ու հայհոյող կինն իր մայրն է:
«Մայրիկի նյարդերը չեն դիմացել»,- այսպես էր բացատրել խորհրդարանական երկրի ԱԺ նախագահը մոր արարքը:
Ոստիկանությունը, բնականաբար, մերժել էր քրեական վարույթ հարուցել փաստի առթիվ՝ հիմք ընդունելով Մարինա Հովհաննիսյանի այն բացատրությունը, թե ինքը չի թքել, ուղղակի թքելու ձև է տվել:
«Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը պարզաբանել է, որ ցուցարարներին միջնամատ ցույց տալով՝ ինքը ցույց է տվել իր անպարտելիությունը: Ըստ Սիմոնյանի մայրիկի` Մարիա Հովհաննիսյանի՝ միջնամատը անպարտելիության ժեստ է, ընդ որում` պատմական ժեստ»,- մասնավորապես ասված էր թեմայի վերաբերյալ ոստիկանության տված պարզաբանման մեջ:
Հետո արդեն պիտի պարզվեր, որ մարդկանց վրա թքելն Ալեն Սիմոնյանի ընտանիքում, փաստորեն, ժառանգական է, որովհետև ինքը՝ ԱԺ նախագահը, նույնպես սիրում է թքել մարդկանց վրա, բայց դա գերադասում է անել այն ժամանակ, երբ մարդն իր թիկնապահների ու իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից նախապես փռվում է գետնին, ապա անշարժացվում:
Մասնավորապես, այս տարվա ապրիլի 4-ին Ալեն Սիմոնյանը Կասկադում իրեն դավաճան անվանելու համար նախ հրահանգել էր բռնել սփյուռքահայ հայրենադարձ գործարար Կարեն Մկրտչյանի ձեռքերը, նրան ասել էր` դավաճանը մայրդ է, ապա թքել վերջինիս աչքին։ ՀՀ դատախազությունը Ալեն Սիմոնյանի արարքին, սակայն, նույնպես քրեաիրավական գնահատական չտվեց:
Ինչևէ, մոր թքելուց շուրջ մեկ տարի անց, Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում անդրադառնալով մեկ տարվա վաղեմության այդ դեպքին, Ալեն Սիմոնյանն ասաց՝ «Բայց լավ ա արել, ինչ որ արել ա»:
Մեկ տարի առաջ, որքան էլ Ալեն Սիմոնյանի մոր վարքագիծն անընդունելի էր ու աղմկահարույց այն առումով, որ նախ այդ ժեստի հեղինակը կին էր, ու բացի դրանից էլ, երկրի բարձրաստիճան պաշտոնյայի՝ օրենսդիր մարմնի ղեկավարի մայր, թվում էր՝ կառավարող ուժը դասեր պետք է քաղած լինի դեպքից, սաստի իրենց ընտանիքների անդամներին, բացատրի իրենց կարգավիճակը, հասկացնի, որ իրենց են դրանով առաջին հերթին հարվածի տակ դնում, բայց փաստորեն իզուր էր թվում:
Երեկ վաղ առավոտից համացանցը պայթում էր ՔՊ-ական պատգամավոր, ադրբեջանցիների ու թուրքերի հետ սրտակից բարեկամության առաջամարտիկ Մարիա Կարապետյանի մոր՝ Աիդա Կարապետյանի՝ կնոջն անհարիր անպարկեշտ բառամթերքի վերաբերյալ արձագանքներից, ինչով նա պատասխանել էր աղջկա հասցեին հնչող քննադատությանը:
Հիշեցնենք, որ Մարիա Կարապետյանը Կանադայի Վանկուվեր քաղաքում ելույթ էր ունեցել և ՀՀ անունից ասել, թե ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
Բնական է, որ այս ելույթը մարդկանց արդարացի զայրույթը պիտի առաջ բերեր, բայց որ դրան կարձագանքեր նաև պատգամավորի մայրը, այն էլ այնպիսի հայհոյանքներով, որոնք վստահաբար շատերը նույնիսկ իրենց ընտանիքների տղամարդկանցից չեն լսել երբևէ, նույնիսկ ՔՊ-ական կոնտինգենտի պարագայում էր արտառոց:
Մարիա Կարապետյանի ու նրա մոր հետ ամեն ինչ պարզ է. մարդիկ այդ դաստիարակությունն են ստացել, ապրել են այդպիսի միջավայրում, ուր նման բառամթերքի հրապարակային կիրառությունը նոնսենս չէ: Նոնսենս է այս մարդկանց երեսպաշտությունը, որ սահմաններ չի ճանաչում, որովհետև Մարիա Կարապետյանը 2019թ., օրինակ, ատելության խոսքը քրեականացնելու ջատագովներից էր:
«Մեր առաջնային նպատակն է քրեականացման միջոցով դիմադրել ատելության խոսքի այս ծայրահեղ դրսևորումներին: Խոսքի ազատության իրավունքը չի ներառում այլոց նկատմամբ ատելություն հրահրելու բաղադրիչ… Հիմնարար սկզբունքը մնում է այն, որ ազատ խոսքի իրավունքը չի ենթադրում իր մեջ այլոց նկատմամբ բռնություն կամ թշնամանք հրահրելու իրավունք»,- տարիներ առաջ ասում էր նա:
Իհարկե, բոլորս ենք հասկանում, որ ՔՊ-ական մանր ու մեծ ցանկացած գործչի օրինավորությունն ու օրինապաշտությունն ավարտվում են այն կետում, որում բախվում են իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, ընտանիքներին ու մտերիմներին, սակայն բարոյականության ինչ-ինչ նշույլներ անհուսորեն չպետք է կորսված լինեն:
Իսկ հատընտիր անբարոյականների պակաս, ցավոք, այսօր մեր երկրում, ինչպես վերջին տարիները ցույց տվեցին, չկա: