«Խաղաղության» օրակարգը, պացիֆիզմը և «լավ» ապրելը առաջնահերթություն հորջորջելու քարոզը փաստացի մշտապես պատերազմող տարածաշրջանում

ԵՊՀ դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում որոշ ընկերներիս հետ բանավիճելիս հաճախ եմ բախվում խնդրի, որ ասում են` «ախր տե’ս, Արևմուտքում ո’նց հրաժարվեցին միլիտարիզմից ու հասան սոցիալական հաջողությունների, մենք էլ ախր պիտի փակենք պատերազմների էջը ու լավ ապրենք իրենց պես»։ Հայաստանում հենց այս քարոզն էլ որոշակի շրջանակների կողմից հստակ և համակարգված արվել է 1990-ականներից սկսած և մտել մարդկանց մի ստվար զանգվածի ուղեղների մեջ, իսկ իրականության մեջ ո’չ իրենց նշած Արևմուտքում, ո’չ էլ ուժային մյուս կենտրոններում միլիտարիզացիայից հրաժարում չի եղել, ավելին` 2022 թ. ռազմական ծախսերը աշխարհում 3.7%-ով աճել են` հասնելով 2.24 տրիլիոն դոլարի, ընդ որում` ԱՄՆ-ի, ՉԺՀ-ի և ՌԴ-ի ռազմական բյուջեները միասին կազմել են ռազմական համաշխարհային ծախսերի 56%-ը (միայն ԱՄՆ-ը` 877 մլրդ դոլար կամ 39%)։

Հ.Գ.։Գրառման տակ տեղադրված մուլտֆիլմը նկարվել է 1944 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին, որպեսզի ընտրողներին ցույց տար` առանց պատերազմական կարիքների սպասարկման բարեկեցություն չի լինելու։

Ամերիկյան մուլտֆիլմում Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի թիմը բառացիորեն անվանվում է «պատերազմի կուսակցություն» և պատկերվում մոդեռնիզացված գնացքի տեսքով, իսկ նրա հակառակորդ քաղաքական ուժը շարքից դուրս եկող մռայլ գնացքի տեսք ունի, որը քարոզում է սոցիալական բնույթի խոսույթ` գները կիջեցնեն, թոշակ կբաժանեն, չգիտեմ ինչ կանեն։ Նրան ֆիլմի հեղինակներն անվանել են «պարտվողական կուսակցություն»։

Սա խորհրդային պրոպագանդա չէ, սա ամերիկյան է, և ամերիկյան ընտրողների մեծ մասի ընտրությունը եղավ հենց Ռուզվելտի թիմը։

Իսկ ի՞նչ ենք ընտրել և ընտրում մենք մշտապես ռազմա-տեկտոնական մի տարածաշրջանում, որտեղ խաղաղության լինել-չլինելը չի որոշվում միայն մեր «բարի կամք» արտահայտելով»։

Տեսանյութեր

Լրահոս