Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս. Թագուհի Թովմասյանը
ՀՀ ԱԺ ՄԻՊ և ՀՀ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. «Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս:
Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմին համարվող Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման և գործունեության նախորդող ժամանակահատվածում տասնյակ դատավորներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոշ դեպքերում դադարեցվել են դատավորների լիազորություններ, մասնավորապես դատավորներ Աննա Փիլոսյանի, Ռուբեն Վարդազարյանի, Սիմա Իսկանդարյանի, Ռաֆիկ Մելքոնյանի, Գագիկ Խանդանյանի, Վահե Խալաթյանի, Նաիրա Մխիթարյանի, Զարուհի Նախշքարյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի, Արայիկ Մելքումյանի (վերջինիս նկատմամբ կայացված որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է) լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտման հիմքով։
Այս անգամ էլ խիստ մտահոգիչ գործընթաց է սկսվել ՀՀ դատական համակարգում և իրավաբանական հանրույթում բարձր հեղինակություն ունեցող և իր պրոֆեսիոնալիզմով մշտապես աչքի ընկած դատավոր Դավիթ Հարությունյանի շուրջ, որի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Ըստ դատավորի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հստակ նպատակ ունեն սահմանափակել խոսքի ազատությունը՝ դատավորներին դատական իշխանությանը վերաբերող հարցերից խոսելուց զերծ պահելու նպատակով
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք։ Արտահայտվելու ազատությունը սահմանված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում։
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2018թ. դեկտեմբերի 21-ի թիվ 05-Լ որոշման հավելվածի Կանոն 12-ի համաձայն՝
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` դատավորն իրավունք ունի ինքնաարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի արդարադատության մարմինների անկախության և անաչառության նկատմամբ: Կանոն 14-ի համաձայն՝
Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ դատավորը կարող է`
ա) հանդես գալ ելույթներով, զեկույցներով, գրել և կարդալ գրական ստեղծագործություններ, մասնակցել օրենքին, իրավական համակարգին, իրավունքի նորմերի կիրառմանը և նման այլ հարցերին վերաբերող միջոցառումներին,
բ) հանդես գալ պաշտոնական մարմինների բաց լսումներում, այդ մարմինների պաշտոնատար անձանց` նրանց խնդրանքով հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների ու փորձի օգտագործում։
Ուշագրավ և խիստ մտահոգիչ են նաև դատավոր Դավիթ Հարությունյանի այն ահազանգերը, որ միջնորդությունները պատշաճ չեն քննարկվում, իր իրավունքները չեն պարզաբանվում, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, առանց միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումներ լսելու, հեռանում է խորհրդակցական սենյակ և գալիս ու որոշումներ է հրապարակում, բացահայտ հայտնում է սեփականության իրավունքով Դավիթ Հարությունյանին պատկանող գույքի նկատմամբ ուժի գործադրման հնարավորության մասին։
ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում դիտարկելով նման զարգացումները, ինչպես նաև ընդհանուր առմամբ ոլորտային օրենսդրությունը, որպես այդպիսին խնդրահարույց է դառնում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի դատական պաշտպանությունը։
Մի շարք նամակներով միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել հայկական դատական անկախ համակարգի կոնկրետ սպառնալիքների դեպքերի փաստական հանգամանքների վրա: Անթուլատրելի են ոտնձգությունները անկախ դատական համակարգի նկատմամբ»։