«Առաջընթաց» Վաշինգտոնում՝ «բայց»-երով․ Բլինքենի հայ-ադրբեջանական «խաղաղության» կանխատեսումը փոխվում է

Վաշինգտոնում նախօրեին ավարտվեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռօրյա բանակցությունները հայտարարվող առաջընթացով, սակայն «բայց»-երով։

ՀՀ ԱԳՆ տարածած ամփոփիչ հաղորդագրության համաձայն՝ նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ:

«Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- ասված էր հաղորդագրությունում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ իր հերթին՝ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու:

«Կարծում եմ՝ նաև հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում»,- ասել է Բլինքենը:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ևս եռօրյա բանակցությունների արդյունքներով հայտարարություն էր տարածել, որն ուներ նույնական շեշտադրումներ, ինչ ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը։ Եթե հակիրճ, ապա ադրբեջանական կողմը ևս արձանագրում է առաջընթաց քննարկվող փաստաթղթի մի քանի հոդվածների շուրջ, սակայն կա անհրաժեշտություն՝ շարունակել աշխատանքները մի շարք առանցքային հարցերի շուրջ։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ շատ հստակ են բանակցությունների արդյունքներն ամրագրված դրանց մասնակցած երեք կողմերի հայտարարություններում։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ քննարկվել է կազմված փաստաթուղթն ամենապարզ հարցերի շուրջ, ինչպիսիք կարող են լինել դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչ-որ ժամանակացույցներ և այլն, սակայն ամենաբարդ հարցերի շուրջ, ինչպես չէր եղել կոնսենսուս, այնպես էլ այժմ չկա կոնսենսուս, և դա արդեն հստակ հասկացել են ամերիկացի դիվանագետները։

«Երբ երկու ամիս առաջ պետքարտուղար Բլինքենն ասում էր, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը կողմերը շատ մոտ են, այսօր հստակ արձանագրվում է, որ բանակցային գործընթացում կան բարդություններ, հարկավոր են ամիսներ։ Իսկ ինչո՞ւ է ստացվում այնպես, որ բարդ հարցերը թողնվում են վերջին փուլին, քանի որ կողմերն այդ լուրջ տարաձայնություններով մեկնում են բանակցելու, որպեսզի բանակցային գործընթացը լիովին չտապալվի, քննարկում են ինչ-որ աննշան հարցեր՝ ծանր հարցերը թողնելով հետագա փուլին, փորձելով ինչ-որ հավելյալ ելքեր փնտրել։ Սակայն հարցն այն է, որ հակամարտությունն ու դրա խնդիրները տասնամյակներ շարունակ նույնն են, կողմերի մոտեցումներն էլ՝ որոշ փոփոխություններով, կրկին նույնն են։ Նման հակամարտությունների կարգավորման համար երկար տասնամյակներ են հարկավոր լինում։

Պարզապես աննախադեպ իրավիճակն այս հակամարտության դեպքում այն է, որ այս վերջին պատերազմից հետո Ադրբեջանի դիրքորոշումներն ավելի են կարծրացել, իսկ Հայաստանի դիրքորոշումները՝ ընդհակառակը։ Թվում է, թե սա բարենպաստ մթնոլորտ կարող է ստեղծել բանակցությունների համար, սակայն ոչ, քանի որ կողմերից մեկը տոտալ ճնշումներ է բանեցնում, իրեն վստահ է զգում, իսկ միջնորդներն աշխարհաքաղաքական այս ծանր մթնոլորտում չեն կարող իրենց թույլ տալ վանել այդ կողմին և սուր զսպող գործողությունների դիմել։

Եվ այս ամենի արդյունքում ստացվում է հենց ներկայիս իրավիճակը, երբ կողմերն ու միջնորդները նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեն կարող արագ փաստաթուղթ ստորագրել»,- մեկնաբանեց Լուկիանովը։

Նա հիշեցրեց ավելի վաղ արված իր այն պնդումը, թե Արևմուտքը ցանկանում է, որ կողմերն արագ ստորագրեն, ներկայումս ևս Արևմուտքը դա կցանկանա, սակայն կա ԼՂ-ում բնակվող մարդկանց անվտանգության ու կյանքի հարցը, Արևմուտքում նաև հասկացան, որ ԼՂ-ում հաստատակամ են իրենց դիրքորոշումների հարցում։

«Արագ լուծումների հետաձգումը, իհարկե, դրական նորություն է։ Բայց այս իրավիճակն ունի նաև վտանգներ, և դա ռեգիոնում իրավիճակի կտրուկ վատթարացման տեսքով է։ Վերջին տարիների ընթացքում մենք անընդհատ ականատես ենք դառնում ուժի կիրառման, բանակցությունների, ինչ-որ փոքր առաջընթացի, ու այդպես շարունակ։ Եվ դիվանագիտական գործընթացում խնդիրները նշանակում են, որ այս տրամաբանությունը շարունակվելու է, ուժի գործոնը ռեգիոնում գուցե ավելանա, սպառնալիքները խորանան։ Ու ներկայումս Արևմուտքը Հարավային Կովկասում բախվում է այն նույն դիվանագիտական, անվտանգային խնդիրներին, ինչ տասնամյակներ շարունակ Ռուսաստանը, որի պատճառով անընդհատ քննադատությունների է ենթարկվել։ Եվ կարծում եմ՝ օգտակար է, երբ Ռուսաստանն ակտիվ գործընթացում չէ, և թե հակամարտող երկրներում, թե Արևմուտքում, վերլուծելով իրավիճակը, թող գիտակցեն՝ արդյո՞ք սրանք ամիսների ընթացքում լուծվող հարցեր են, արդյո՞ք հնարավոր է անել հասցեական հայտարարություններ և գրավել կողմերից միայն մեկի դիրքորոշումը, արդյո՞ք դա կառուցողական դիրքավորում է միջնորդի կողմից։

Ռուսաստանը, ի դեպ, երկար ժամանակ կարողանում էր պահպանել որոշակի հարաբերական խաղաղություն, արդյո՞ք նույնը կարողանում է անել Արևմուտքը։ Ներկան ցույց է տալիս, որ ոչ։ Ավելին՝ Արևմուտքն անընդհատ ժամանակ է կորցնում ինչ-որ տարրական ռեգիոնալ ճշմարտություններ գիտակցելու համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս