Սանկտ Պետերբուրգի ռեստորանում թունավորվածների թիվը հասել է 95-ի
Սանկտ Պետերբուրգի Grand Bianco ռեստորանում թունավորվածների թիվը հասել է 95-ի: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Հունիսի 24-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում 95 մարդ (76 երեխա և 19 չափահաս) է տուժել «Grand Bianco» ռեստորանի կողմից անորակ ծառայությունների մատուցումից», – ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի քաղաքային վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Այսօրվա դրությամբ Սանկտ Պետերբուրգի ինֆեկցիոն հիվանդանոցներում հինգ երեխա և մեկ չափահաս է բուժվում։
Ավելի վաղ քաղաքային դատարանների միացյալ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռեստորանի այցելուների շրջանում գրանցվել է սուր աղիքային վարակի 50 դեպք։ Տուժածները ռեստորանում երեկույթներ էին կազմակերպել դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Կույբիշևի շրջանային դատարանը 90 օրով կասեցրել է ռեստորանի աշխատանքը։ Հաստատությունում հայտնաբերել են բազմաթիվ սանիտարական խախտումներ։