Դիլիջան համայնքի նախկին ղեկավարն օտարել է օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերն ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, միասնական դիտավորությամբ և այլ անձանց օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ կազմակերպելով և իրականացնելով օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարումը քաղաքացուն: Այս մասին հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, իր կողմից կազմված պաշտոնական փաստաթղթում անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ օրենքով սահմանված կարգով անտառային նպատակային նշանակության, ընդհանուր 0.1063 հա մակերեսով 3 հողամասերը 2010-2012 թվականներին իր կողմից կայացված որոշումներով ընդգրկել է Դիլիջան համայնքի ֆոնդի հաշվեկշռում՝ դրանք նկարագրելով որպես բնակավայրերի այլ հողեր:
Միաժամանակ Ա. Ս.-ն Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների օժանդակությամբ վերը նշված հողամասերի վերաբերյալ կազմել է կեղծ գլխավոր հատակագծեր, որոնցում անտառային նպատակային նշանակության հիշյալ հողամասերի նպատակային նշանակությունը նկարագրվել է կրկին որպես բնակավայրերի հող, իսկ գործառնական նշանակությունը՝ այլ հողեր:
Հողամասերի նկատմամբ Դիլիջան համայնքի իրավունքը պետականորեն գրանցելու որոշումները և դրանց հիման վրա թողարկված կեղծ հատակագծերը Ա. Ս.-ն ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, որի հիման վրա հողամասերի նկատմամբ գրանցվել է Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը, և տրվել են սեփականության իրավունքի վկայականներ: Այնուհետև վերը նշված 2 հողամասերը ներկայացվել են աճուրդի, որի արդյունքում հաղթող է ճանաչվել առավելագույն՝ 1.113.000 և 1.596.000 ՀՀ դրամ առաջարկած Խ. Ա.-ն: Իսկ երրորդ՝ 160.0 քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, Ա. Ս.-ն 198.720 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել է նույն անձին: Արդյունքում նշված 3 հողամասերը միավորվել են որպես մեկ գույքային միավոր, որի նկատմամբ գրանցվել է Խ. Ա.-ի սեփականության իրավունքը:
Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա. Ս.-ն, տեղեկացված լինելով Դիլիջան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող՝ 0.3354 հա մակերեսով հողամասում իր մտերիմ անձի կողմից առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման ու իրականացված շինարարարության մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ տվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որի մեջ նույն դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված:
Այնուհետև Ա. Ս.-ն կառուցապատողի հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի հիմքով հիշյալ գույքի նկատմամբ իրավաբանորեն գրանցել է իր սեփականության իրավունքը:
Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: