Ամեն ինչ անում ենք Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բուժհաստատությունները նոր, գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար. Գոռ Խաչատուրյան
Հայ-հոլանդական բժշկական ասոցիացիայի նախագահ Գոռ Խաչատուրյանը հերթական բարեգործական ծրագրով այս օրերին Հայաստանում է: Ասոցիացիան պաշտոնապես գրանցվել է 2021 թվականին։ Հոլանդիայում բնակվող հայ բժիշկներից, այդ երկրի բժշկական բարձրագույն հաստատություններում սովորող դեռևս 32 անդամից բաղկացած թիմը մինչև ասոցիացիայի պաշտոնական գրանցումը ևս հանդես է եկել բարեգործական տարբեր ծրագրերով. բժշկական սարքավորումներ են նվիրաբերել Հայաստանի բժշկական կենտրոններին, հատկապես՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Պատերազմի բոթը լսելով՝ հայ-հոլանդական բժշկական ասոցիացիայի անդամները՝ նախագահ Գոռ Խաչատուրյանի գխավորությամբ, ՀՀ բուժկենտրոններին շտապօգնության 2 ռեանոմոբիլ մեքենա են նվիրաբերել, որոնցից մեկն այսօր էլ սպասարկում է Կապանի հիվանդանոցը։
Այդ օրերին, երբ հատկապես սահմանամերձ բնակավայրերի բժշկական կենտրոնները ծառայում էին որպես զինվորական հոսպիտալներ, սփյուռքահայ մեր բժիշկ հայրենակիցները Սիսիանի և Վարդենիսի հիվանդանոցներին նվիրաբերել են անզգայացման ապարատներ:
Ավելի վաղ՝ քովիդի համավարակի ժամանակ, մեր ԲԿ-ներին նվիրաբերվել են ռենտգեն սարքեր, ինչպես նաև արհեստական շնչառության համար նախատեսված սարքեր են նվիրաբերել սահմանամերձ շրջանների բուժհաստատություններին։
168.am-ի հետ զրույցում Գոռ Խաչատուրյանը նշեց, որ և՛ պատերազմի, և՛ համավարակի ժամանակ, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, առաջին անհրաժեշտության տարբեր բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ ստերիլիզացնելու համար նախատեսված սարքեր են ուղարկվել Հայաստան, նաև ստերիլիզացման այնպիսի սարք, որը հնարավորություն է տալիս պատերազմի ժամանակ հենց դաշտային հիվանդանոցներում ստերիլիզացնել վիրաբուժական գործիքները։
Մինչ այս հերթական այցը հայրենիք, Գոռ Խաչատուրյանը Հայաստան է եկել նաև ապրիլին։ Հոլանդիայի հայ բժիշկների կողմից ապրիլի 25-ին Ջերմուկ քաղաքի բժշկական կենտրոնին են նվիրաբերվել գերմանական միկրոսկոպներ և արյան հետազոտության սարք։
Այս անգամ ևս Գոռ Խաչատուրյանը դատարկաձեռն չէր եկել Հայաստան:
Հունիսի 20-ին Գոռ Խաչատուրյանը և ասոցիացիայի մեկ ներկայացուցիչ Վայքում էին՝ մասնակցելու Վայքի բժշկական կենտրոնում կահավորված նոր ռենտգեն կաբինետի բացմանը։
Հաջորդ օրը հոլանդահայ բժիշկները մեկնել են Կապան՝ քաղաքի բժշկական կենտրոնին նվիրաբերելու գերմանական արտադրության բարձորակ վիրաբուժական գործիքներ։
«Հույս ունեմ՝ հաջորդ այցը հայրենիք շատ չի ուշանա հավանաբար: Ե՛վ ես, և՛ ասոցիացիայի անդամները ամեն ջանք ներդնում ենք հայրենիքին սատար լինելու, Հայաստանի սահմանամերձ քաղաքներում և շրջաններում գտնվող բուժհաստատություններին օգնելու, նոր, գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար»,- ասաց Գոռ Խաչատուրյանը: