Եթե կորել է ինքնորոշման իրավունքի հույսը, ապա դրանից հետո ինչի՞ շուրջ են բանակցել. համանախագահները պարա՞պ էին. Հայկ Մամիջանյան
«Եթե ինչ-որ մեկը գալիս ու ասում է՝ ես բանակցությունները սկսում եմ 0-ական կետից, իմ կետից, այդ պահից սկսած ցանկացած տեղի ունեցածի համար պատասխանատվություն կրում է նման ցնդաբանություն ասողը: Հետևաբար, երեկվա նրա 3.5 ժամանող խոսույթն անիմաստ էր»,- ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախորդ օրը քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Հայկ Մամիջանյանը բանակցային գործընթացների մասին մի շարք վերհուշներ արեց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար՝ արձանագրելով, օրինակ, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգության կարևորագույն կետերից էր այն, որ հանդես էր գալիս եռաստիճան երաշխավորությունների համակարգ՝ հակամարտող կողմերի միջև համաձայնություն, Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն:
168.am-ի հետ առանձնազրույցում անդրադառնալով Փաշինյանի այն վստահեցմանը, թե «Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից՝ փլուզեց հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականի իրականացման՝ թեկուզ աղոտ հույսերը, որովհետև, եթե Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ, ուրեմն նաև սուբյեկտ չէ: Եթե սուբյեկտ չէ, ուրեմն վտանգվում է նաև ինքնորոշման իրավունքի հայկական մեկնաբանությունը միջազգայնորեն ընկալելի դարձնելու թեկուզ տեսական հույսը…», «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շեշտեց.
«Եթե կորել է ինքնորոշման իրավունքի հույսը, ապա դրանից հետո՝ մինչև 2019 թվականը, ինչի՞ շուրջ են բանակցել. համանախագահները պարապ էի՞ն: Ինչի՞ վերաբերյալ են եղել համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտարարություները, որտեղ «ինքնորոշումը» հստակ ձևակերպվում է: Հետևաբար, դա սուտ է»: