«Գույներ» ներկայացումն ընդգրկվել է Փոքր թատրոնի խաղացանկում
Ի՞նչ է գույնը, ի՞նչ ազդեցություն ունի այն մեզ վրա, մե՞նք ենք ընտրում գույները, թե՞ գտնվում ենք դրանց ազդեցության տակ։ Այս հարցերին է պատասխանում «Գույներ» ներկայացումը, որն ընդգրկվել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազագային կենտրոնի փորք թատրոնի խաղացանկում:
«Գույներ»-ը պարային ներկայացում է, որը ստեղծման երկար ճանապարհ է անցել՝ Իտալիայից մինչև Հայաստան։ Գեղագիտության ազգային կենտրոնի Ներառական ուսումնական կենտրոնն այս բեմադրությունը նախաձեռնել է՝ կարևորելով ուսուցման շարունակականությունը և հնարավորություն տալով իր շրջանավարտներին իրացնելու իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները։ Յուրաքանչյուր մարմին ունի իր հնարավորությունները, և ներկայացման ակունքներում մասնակիցներից յուրաքանչյուրի շարժվելու յուրահատկություններն են, ինչն էլ սերտորեն կապված է ողջ նախագծի գաղափարի հետ։
Oriente Occidente փառատոնի հրավերով ԳԱԿ տնօրեն և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը 2022 թվականի սեպտեմբերին վարպետության դասեր անցկացրեց Իտալիայի Ռովերետո քաղաքում։ Հենց այդտեղ էլ մեկնարկեցին «Գույներ» նախագծի ստեղծման աշխատանքները։ Այնուհետև դրանք շարունակվեցին Երևանում՝ ԳԱԿ կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնում։
«Գույներ» ներկայացման մասնակիցները բեմական ու մասնագիտական տարբեր փորձառություն ունեն։ ԳԱԿ Փոքր թատրոնի ներառական խմբի արտիստերի հետ միասին նույն բեմում ներկայանում են սոցիոլոգ, մարդու իրավունքների պաշտպան, դիզայներ, նկարիչ, դերասան․․․ Նրանք բոլորն էլ մասնակցել են Ներառական ուսումնական կենտրոնի ժամանակակից պարի դասընթացին, որը նախատեսված էր հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համար՝ սկսնակ և միջին մակարդակներում։
«Գույներ»-ը նույն գաղափարի շուրջ կառուցված եռապատման ամփոփիչ երրորդ բեմադրությունն է։ Այն 2013 թվականից ի վեր Փոքր թատրոնի անցած և դեռ շարունակվող հետևողական ճանապարհի նոր հանգրվանն է՝ «Մի լքիր ինձ» և «LaVieEnRose/Ուրիշ պարեր» ներկայացումներից հետո։
Այս երկու բեմադրությունների հաջողությունն ու արձագանքն այնքան մեծ էին, որ թատրոնն ընդառաջ գնաց հանդիսատեսի ցանկություններին և ինքնաբացահայտման ու ինքնարտահայտման նոր հարթակ ստեղծեց նրանց համար։ Սա սոցիալական նախագիծ չէ․ այստեղ առաջնայինը գեղարվեստական արժեքն է՝ ստեղծված տարբեր հնարավորություններ ու պատրաստվածություն ունեցող մարդկանց անմիջական մասնակցությամբ։ «Գույներ» ներկայացմամբ Ներառական ուսումնական կենտրոնը քաղում է իր անցած դեռևս կարճ, բայց արդեն իսկ արգասաբեր աշխատանքի պտուղները։
Գաղափարի հեղինակն ու բեմադրիչը Վահան Բադալյանն է, տեքստերի հեղինակը՝ Լիլիթ Գրիգորյանը, տեքստը կարդում է Վիվյեն Բաստաջյանը, խորեոգրաֆիկ հատվածները մշակվել են մասնակից արտիստների անմիջական մասնակցությամբ, փորձավարներ և պարուսույցներ՝ Քրիստինե Դանիելյան, Լուսինե Դավթյան, խորեոգրաֆիկ խորհրդատու՝ Թինա Հայրապետյան, Սոֆի Կոշգերյան, նկարչական և երաժշտական ձևավորում՝ Վահան Բադալյան, վիդեո և գրաֆիկա՝ Հռիփսիմե Մարտիրոսյան, մոնտաժ՝ Ալբերտ Մովսեսյան, նախագծի համակարգում՝ Սոնա Բուդաղյան, Նառա Մակարյան, տեխնիկական սպասարկում՝ Արամ Խլոյան:
Բեմում են Ղազարոս Թեքնեջյանը, Լուսինե Սաղումյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիդա Գևորգյանը, Ժաննա Վելիցյանը, Աննա Սարուխանյանը, Գոհար Հարությունյանը, Մարատ Մարտիրոսյանը, Մարիամ Դավթյանը, Մարթա Ղահրամանյանը, Մհեր Մկրտչյանը, Յուրա Կիրակոսյանը, Նարե Թադևոսյանը, Ռոբերտ Մովսեսյանը, Վալենտինա Գրիգորյանը, Քրիստինա Դանիելյանը, Մանուկ Սաղաթելյանը, Թամարա Այդինյանը, Լուսինե Դավթյանը, Նարեկ Մինասյանը, Մհեր Զալինյանը։