Ի՞նչ ծրագիր է իրականացնում Ադրբեջանը և աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի աջակցությամբ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը վերջին օրերին թեժանում է։ Ադրբեջանը, որ Հայաստանի հետ բանակցում էր Բրյուսելում և Վաշինգտոնում, անակնկալ ու անհասկանալի պատճառաբանություններից ելնելով՝ հրաժարվեց հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հերթական փուլից ու սկսեց թիրախավորել ՀՀ սահմանները և Արցախը՝ դիմելով սադրանքների և ապատեղեկատվական հոսքերի։ Եվ այս ֆոնին ուշագրավ տեղեկատվություն հայտնվեց ռուսական իշխանական մեդիատիրույթում, որ «ԱՄՆ-ը ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, իսկ մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։ Տեղեկությունը «Риа Новости»-ին հայտնել էր Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ, ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը։ Նպատակն ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»,- գրել էր «Ռիա Նովոստին»։ Վաշինգտոնը դեռ այս տեղեկատվությանը չի արձագանքել, իսկ Մոսկվան սպասում է Վաշինգտոնի մեկնաբանություններին։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը և դրա պատճառները, ասաց, որ հիմնական կողմերը՝ Երևանն ու Բաքուն, ներկայում գործում են առավելապես արևմտյան սցենարով, իսկ Ղարաբաղը, որը գտնվում է ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո, առավելապես ռուսական ազդեցության գոտում է, և քանի դեռ այնտեղ են ռուս խաղաղապահները, իրավիճակը կլինի այսպիսին։ Ըստ նրա, բնականաբար, դա ձեռնտու չէ առնվազն ոչ Բաքվին, ոչ Արևմուտքին, և այս հարցը պարզապես բանակցություններով կարգավորելը, ամենայն հավանականությամբ, չափազանց բարդ է թվում։
«Եվ երբ կողմերը բանակցություններով հասել են մի հանգրվանի, երբ Երևանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, հարկավոր է, որ դա ընդունեն նաև հենց ԼՂ-ում։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ ԼՂ-ում չեն ընդունում և կառչում են Ռուսաստանից, որը ներկայություն ունի ԼՂ-ում, և եթե շարունակվի այդ ներկայությունը, ԼՂ հակամարտության կարգավորման արևմտյան պլանը Ղարաբաղի մասով չի իրականանա։ Իսկ այդ պլանի էությունը այն է, որ ԼՂ-ում ապրող մարդիկ հարմարվեն Երևանի, Բաքվի, Արևմուտքի որոշումներին, և ժամանակի ընթացքում ռուս խաղաղապահներն էլ դուրս գան Ղարաբաղից։ Բնականաբար, ոչ ակտիվ խուսափելով Ադրբեջանի հետ առճակատումից, ՌԴ-ն փորձում է դիմադրել, և դա Ադրբեջանում շատ լավ հասկանում են։
Հենց այդ պատճառով էլ ադրբեջանական մամուլում հակառուսական ալիք է բարձրացել։ Անդրադառնալով ԱՄՆ-ի ճնշումների մասին հրապարակմանը, այն տեղավորվում է ողջ պրոցեսի տրամաբանության մեջ։ Հակաահաբեկչական գործողությամբ Բաքուն սպառնում է: Արևմուտքին պետք է օր առաջ «փակել» այս հարցը և լուծել գլխավոր՝ ՌԴ-ին դուրս բերելու խնդիրը, որին նրանք ոչ մի կերպ չեն կարողանում մոտենալ։ Եվ փաստորեն սադրանքներով, կրկին խաղաղապահների հեղինակության նսեմացմամբ փորձ է արվում հենց ՌԴ-ի ներկայության հարցը լուծել, քանի որ առանց ուժային գործողությունների, առանց առանձնահատուկ միջամտությունների չի հաջողվում ԼՂ-ից վերացնել ՌԴ ազդեցությունը, հետագայում՝ նաև ներկայությունը։
«Բնականաբար, ԼՂ բնակչությունը՝ անկախ նրանից, որ ռուս խաղաղապահները նաև սխալներ են ունեցել և գուցե ունեն, ռուսական կողմին վստահում են, որովհետև Ռուսաստանն առաջարկում էր կարգավիճակի հարցը թողնել հետագային, այսինքն՝ ՌԴ պլանով Ղարաբաղը հենց այս փուլում ու այսպիսի իրավիճակում չէր հայտնվելու։ Իսկ Ադրբեջանը, ինչպես ես միշտ ասում եմ, անընդհատ դիմելու է ուժային միջոցների մինչև իր բոլոր նպատակների իրականացմանը հասնելը, և քանի դեռ չի ստացել ուժեղ հակահարված։ Սակայն ստացվում է, որ երբեմն այդ ուժային միջոցները կարող են ունենալ աշխարհաքաղաքական աջակցություն, քանի որ տարածաշրջանում լուծվում են ոչ թե ռեգիոնալ, այլ աշխարհաքաղաքական հարցեր, որի ճանապարհին ԼՂ հարցի վերջնական «փակում»-ը ներկայիս տրամաբանությամբ ձեռնտու է գործընթացում ներգրավված կողմերի մեծ մասին»,- ասաց Խրամչիխինը։ Ըստ նրա, այս ֆոնին մեծ բան կախված է Ռուսաստանից։
«Կդժվարանամ ասել՝ արդյո՞ք ՌԴ-ն ժամանակի ընթացքում կանի ավելին, քան հիմա է անում։ Այս պահին, սակայն, այդ քայլերը չափազանց անբավարար են, քիչ են իրավիճակի վրա ազդելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը։