Հասկանալի է՝ ինչու են չեզոքացնում Արմեն Աշոտյանին. իշխանափոխությունը մնում է գերխնդիր. Արտակ Զաքարյան

«Արդեն մի քանի տարի է՝ քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալություններ, դատավարություններ, տարբեր տեսակի սենսացիոն գործողություններն իրավական համակարգի կողմից շարունակվում են: Արմեն Աշոտյանի հետ կապված «գործի» էությունը և այսօրվա նրան ձերբակալելու որոշումն էլ այդ քաղաքական ենթատեքստի շարունակությունն է»,- Քննչական կոմիտեի դիմաց 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«Ակնհայտ է, որ ընդդիմությունը այսօր շատ կոշտ ձևով խանգարում է իշխանություններին՝ իրականացնելու կամ շարունակելու իրենց հակահայկական, հակապետական գործողությունները: Ընդդիմության կողմից շատ արագ ջրի երես են բերվում բոլոր քաղաքական գործընթացները, որոնք ուղիղ սպառնալիք են ՀՀ-ին: Ընդդիմադիր տարբեր գործիչների կողմից բարձրացվում են հարցեր, որոնք շատ ցավոտ են այս իշխանությունների համար՝ ինչպես ներքին քաղաքականության տեսանկյունից, այնպես էլ՝ արտաքին: Հետևաբար, սրանց այլ բան չի մնում, քան դիմել ուժային և իրավական մեթոդների: Նորից եմ կրկնում, մեր երկրում, ցավոք, շինծու գործերի պակաս չկա: Այն աստիճանի շատ են, որ հասարակությանն այլևս չի էլ հետաքրքրում, թե ում ինչի համար են տանում, ինչ եղավ: Մարդկանց մեծամասնությունն արդեն շատ լավ հասկանում է, թե իրականում ինչ քաղաքական երանգներ ունի այս գործընթացը: Արմեն Աշոտյանն ամենաակտիվ ընդդիմադիր գործիչներից է եղել վերջին 5 տարիներին, շարունակ բարձրաձայնել է խնդիրներ, մատնանշել բոլոր սխալները, թերություններն ու դավադրությունները, որոնք իրագործվում են և իրագործվել են, հետևաբար՝ նրան այս կերպ չեզոքացնելն ինչ-որ առումով նաև հասկանալի է այս իշխանությունների կողմից»,- ընդգծեց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնալով ավելի ու ավելի պրոբլեմատիկ, ինչ-որ առումով՝ նաև անկառավարելի են դառնում. «Ես, ցավոք, տեսնում եմ, որ այս իշխանությունները նույնիսկ արդեն անվտանգային իրավիճակին չեն տիրապետում, որը բխում է արտաքին քաղաքականության ոլորտում գործած բազմաթիվ սխալներից: Ադրբեջանն իրեն պահում է լկտիաբար, Թուրքիայի կողմից ստանում է բավարար քաղաքական աջակցություն՝ հայտարարությունների և գործողությունների տեսքով, և Էրդողանի հայտարարությունն էլ գալիս է լրացնելու դրան, որ նրանք միջանցք գաղափարից չեն հրաժարվել, իսկ դրա պատճառը, առաջին հերթին, Հայաստանի իշխանությունների թուլությունն է: Իհարկե, կան նաև արտաքին տարբեր ուժերի հակասող և համընկնող շահերը, բայց Հայաստանի շուրջ, ցավոք, հակահայկական զարգացումները և մեր ժողովրդի անվտանգային առումով խոցելիությունը շատ բարձր մակարդակի վրա է»:

Հարցին՝ այս օրակարգերի հակազդեցությունը ո՞րը պետք է լինի, նա պատասխանեց. «Հակազդեցությունը մեկն է, ցավոք, շատ չեն հնարավորությունները. Հակազդեցությունը Ռուսաստանի և Իրանի հետ լիարժեք քաղաքական պայմանավորվածություններն են, առաջին հերթին, Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրն ապահովելու համար: Կյանքը ցույց տվեց, որ Արևմուտքը ոչ մի կերպ ի զորու չէ: Բայց Արևմուտքը, քանի որ օգտագործել և օգտագործում է այս իշխանությանը, հիմա ցանկանում է ստանալ նաև վերջին՝ իր համար շահավետ լուծումներն այս իշխանություններից: Դրանից հետո այս իշխանությունները ևս շպրտվելու են դուրս: Մենք տեսնում ենք, որ շատ մեծ դժգոհություն կա հասարակության մոտ, բայց դա քաղաքական իմաստով դեռևս չի գեներացվում: Ընդդիմադիր ուժերը շատ արագ համախմբվելու, շատ արագ միասնական ճակատ ստեղծելու և պետությունը, հասարակությունը այս ցավալիորեն ծանր անվտանգային խոցելի միջավայրից դուրս բերելու նպատակ պետք է լուծեն: Իշխանափոխությունը մնում է գերխնդիր, բայց ոչ թե նպատակ, այլ միջոց: Առանց իշխանափոխության՝ հնարավոր չի լինելու այս վիճակից դուրս գալ: Այս պահին առնվազն տարօրինակ է, որ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր նաև ընդդիմությանն են քննադատում կամ ընդդիմության կողքին չեն կարողանում կանգնել»:

Կարդացեք նաև

Լրագրողը հետաքրքրվեց՝ եթե Արմեն Աշոտյանը կալանավորվի, հասարակական ընդվզում կսկսվի՞:

«Ոչ թե ընդվզում, այլ հասարակությունը, բնականաբար, չի ողջունի այդ գործընթացը: Բանական մարդը հաստատ տեսնում է, թե ընդդիմությունը ինչ աստիճանի ճշմարտություններից և խնդիրներից է խոսում, որոնք բոլորին են վերաբերում: Աշոտյանը, ես կամ իմ գործընկերները միայն մեր անվտանգության մասին չենք խոսում, դա մեր պետությանն է վերաբերում, հետևաբար՝ յուրաքանչյուր քաղաքացու»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս