«Ագրեսիան զսպելու լավագույն ուղղությունը դեպի խաղաղություն շարժվելն է». ՔՊ-ական պատգամավորը՝ Երասխի ուղղությամբ կրակոցների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Ադրբեջանի Զու-ի կողմից Երասխի ուղղությամբ արձակած կրակոցներին, նշեց, որ հնարավոր զարգացումների վերաբերյալ կխուսափի որևէ մեկնաբանություն տալուց։

«Իսկ ինչ վերաբերում է միջադեպին և վերջին շրջանի փոխհրաձգության ակտիվացմանը, իհարկե, մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին։ Այստեղ մենք կրկին տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է հողի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել, որպեսզի ավելին ստանա բանակցություններում։

Երեկվա միջադեպը հատկանշական էր նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներ էին թիրախավորել, և այն գործարանի ուղղությամբ էր եղել հրաձգությունը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան, ու չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար։

Սակայն այս ամենը մեր դիրքորոշումները չեն փոխում, մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին։ Գիտեմ, ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս այս ամենն արձանագրում է և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է  դիտարկումների մասին»,- նշեց Սարգիս Խանդանյանը։

Կարդացեք նաև

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը ՀՀ կառավարությանը զեկույցներ չի ներկայացնում, այլ ներկայացնում է եվրոպական հանձնաժողովին և անդամ երկրներին։

«Ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում։ Ագրեսիան զսպելու լավագույն ուղղությունը դեպի խաղաղություն շարժվելն է։ Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագույնը՝ ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունն այս գործընթացին, սա նաև ակնհայտ է մեր միջազգային գործընկերների համար։ Մեր պահանջն ու կոչն է մեր միջազգային գործընկերներին, որպեսզի զսպի Ադրբեջանին և բերի կառուցողական դաշտ»,- ընդգծեց իշխանական պատգամավորը։

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, որ հարկ եղած դեպքում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում հյուպատոսություն կբացի, ինչն ազդակ կարող է լինել ամբողջ աշխարհին, նաև Հայաստանին, ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ գործնականում, եթե այդ հայտարարությանը հետևեն գործողություններ, ապա  արդյունավետ ու նպաստավոր չեն լինի տարածաշրջանում խաղաղության համար։

«Նման հայտարարությունները չեն նպաստում այդ գործընթացին, ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ։ Իրականում թուրք-ադրբեջանական հռետորաբանությունն ինչպես եղել է նախկինում, նույնությամբ շարունակվում է նաև հիմա, որևէ փոփոխություն չի կրել»,- եզրափակեց Սարգիս Խանդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս