Ումի՞ց է վախենում Էրդողանը Հայաստանում
Ավարտելով իր առաջին պետական այցն Ադրբեջան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ավանդույթի համաձայն, վերադարձի ճանապարհին ինքնաթիռում անդրադարձել է մի շարք ակտուալ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին և ռեգիոնալ խնդիրներին։
Նա նախ նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի խթանումն էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ «Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի, կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը և գործեն պատասխանատվությամբ»,- ասել է Էրդողանը։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա, նրա համոզմամբ, դա Հայաստանի հետ խնդիր չէ։ ««Զանգեզուրի միջանցքը» խնդիր է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու մահմեդական երկրների միջև խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե նրանք դրան դրական մոտենային, այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտով ինտեգրված կլինեին միմյանց, և, հավանաբար, կբացվեր Պեկին-Լոնդոն գիծը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 3-ին Անկարայում իր երդմնակալության օրը կարճ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Նա կարևոր է համարել Փաշինյանի խոսքերն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Արցախը։
«Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ-շատ կարևոր կետ է։ Մինչ այսօր Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել»,- ասել է Էրդողանը՝ Ադրբեջան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նաև կարևոր քայլ է համարել Փաշինյանի այցն Անկարա։ «Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ՝ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք նաև, որ չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը դրական է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի հասցեին, կարևորում նրա քայլերը, Բաքվում ուղերձ հղեց համայն հայությանը։ Նա նշեց, որ Թուրքիան պատրաստ է իր գլխավոր հյուպատոսության բացմանը Շուշիում, և դա կլինի ուղերձ համայն հայությանը։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հարցում Թուրքիան անցնում է «кнут и пряник»-ի քաղաքականությանը։
Ըստ նրա, առաջինը, թերևս, մեծամասնության դեպքում կկիրառվի, քանի որ հասարակության և քաղաքական շրջանակների կողմից հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս բովանդակությանը դիմադրությունը մեծ է, իսկ երկրորդ մասով կփորձեն ավելի մեղմ վերաբերվել Փաշինյանի իշխանությանը, այլապես հայ-թուրքական հարաբերություններում ներկայիս տրամադրությունների պայմաններում ոչինչ չի ստացվի։
«Էրդողանի արտահայտությունները թույլ են տալիս ենթադրել, որ Թուրքիայի իշխանական վերնախավը հստակ հասկանում է Հայաստանում տիրող իրավիճակը և այնքան էլ վստահ չէ հնարավոր հաջողության հարցում, ունի մտավախություններ, որ հասարակության մեծամասնության կողմից Փաշինյանի քաղաքականությունն ընդունելի չէ։ Սակայն նաև հասկանում են, և կարծես կա այդ վճռականությունը՝ արագացնել գործընթացները, քանի որ Փաշինյանի դեմ տրամադրություններ կան, և խիստ կասկածելի են ՀՀ-ում հնարավոր իշխանափոխության դեպքում հայ-թուրքական կարգավորման հեռանկարները։ Իսկ ներկայումս, թեև դանդաղ, բայց թուրքական կողմն ունի հաջողություններ, ՀՀ իշխանությունները բազմաթիվ քայլեր են իրականացնում, փորձել են նույնիսկ հուսալ, որ կկարողանան Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ անջատել Ադրբեջանի պահանջներից, սակայն ՀՀ իշխանությունների այդ հույսերը լիովին տապալվեցին, սխալ հաշվարկներ էին արվել։
Թուրքիան և Ադրբեջանը կարողացան իրենց օրակարգը թելադրել տարածաշրջանում, և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը էլ ավելի է նպաստում դրան, քանի որ ստիպում է Ռուսաստանին ոչ քիչ ջանքեր ներդնել Հարավային Կովկասում որոշակի ազդեցություն պահպանելու համար՝ մինչ նոր ստատուս-քվոյի ձևավորումը։ Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն գործում են արևմտյան օրակարգով, և սա մարտահրավեր է Մոսկվայի համար, սակայն դրանով Մոսկվայում դեռ լրջորեն զբաղվող չկա»,- նկատեց Ստանիսլավ Տարասովը։
Ըստ նրա, այնուամենայնիվ ակնհայտ է, որ ընտրություններից հետո Էրդողանն ավելի հանգիստ ու վստահ է գործելու, հատկապես, երբ երկրում ներքին դիմադրություն չկա իր դեմ, իրականացնելու է վստահորեն իր ռեգիոնալ և աշխարհաքաղաքական ծրագրերը, փորձելով բարձրացնել իր աշխարհաքաղաքական դերակատարությունը։
Իր հերթին՝ իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ՝ միջանցքին դեմ է թե՛ Երևանը, թե՛ Թեհրանը։ Ըստ նրա, վերջին շրջանում Թեհրանին և Բաքվին հաջողվել է փոքր-ինչ մեղմել լարվածությունը, որը կապ ունի շատ ավելի լայն ռեգիոնալ զարգացումների հետ։
«Դա է պատճառը, որ Իրանն էլ իր հերթին անընդհատ հրապարակային կոշտ հայտարարություններով հանդես չի գալիս։ Սակայն, միևնույն ժամանակ, Իրանի կարմիր գծերն անփոփոխելի են, և դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին Իրանն անընդհատ հայտարարում է, և Թուրքիայի նախագահը խնդիրը ճիշտ է բնորոշում և երևի թե այս հարցում ավելի առանցքային է համարում Իրանի դիրքորոշումը։ Իրանը ռեգիոնալ անվտանգային համակարգի վերաբերյալ իր պատկերացումներն ունի, և ՀՀ տարածքային ամբողջականության որևէ խախտում լրջորեն հակասում է այդ ռազմավարությանը, որը լուրջ խնդիր է Իրանի համար»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, Իրանը այսուհետ ևս շարունակելու է դիմադրել այդ ծրագրերին։ «Կարծում եմ՝ կարևոր չէ՝ այդ մասին արվո՞ւմ են հրապարակային հայտարարություններ, թե՞ ոչ, կարևորը քաղաքականությունն է, որն անփոփոխ է, և Իրանը շահագրգիռ է աշխատել Հայաստանի, Ռուսաստանի հետ այս հարցերի շուրջ, և պետք է նշել, որ ՌԴ-ի հետ կա կոնսենսուս շատ հարավկովկասյան հարցերի շուրջ»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ իրանցի վերլուծաբանը գտնում է, որ ռեգիոնալ բոլոր հարաբերությունները պետք է կարգավորվեն։ «Դա չափազանց կարևոր է, բայց դրանք պետք է կարգավորվեն ռեգիոնալ ձևաչափերում և չունենան արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունը, որը չափազանց մեծ է այս փուլում»,- ասաց նա։