Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
Նախարարը հայտնել է, որ Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է Ոչխարների խուզման փառատոնին:
«Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, և մենք կարողանում ենք ուժեղացնել և ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայնքներում տեղական բիզնեսների կարևորությունը:
Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մենք ունենք մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է»,-գրել է Քերոբյանը:
Նա նաև նշել է, որ նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի հետ ամեն տարի երկու տասնյակից ավելի փառատոնի է օժանդակում, որից մեկն էլ այս փառատոնն է: