Երևանում մեկնարկել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային համաժողովը

Երեւանում հունիսի 8-ից մեկնարկել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեբուժական պրակտիկայի XXI դարի նորարարությունները» խորագրով տարածաշրջանային եռօրյա համաժողովը։

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան ներառում է 155 կազմակերպություն 120 երկրներից: Հայաստան են ժամանել հոգեկան առողջության շուրջ 70 մասնագետներ աշխարհի 20 երկրներից։ Համաժողովի բացման արարողությանը մասնակցել են ոլորտի 250 ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, հոգեբաններ, հոգեբույժներ։

«Շատ ուրախ ենք, որ համաժողովն անցկացնում ենք մի երկրում, որտեղ մեզ մեծապես օգնել են խթանել հոգեկան առողջության պահպանումը։ Հայ գործընկերները Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կարեւորագույն մաս են կազմում։ Տասնյակ տարիներ Հայաստանը եղել է մեր հուսալի գործընկերը եւ ամեն կերպ օգնել է զարգացնել եւ կատարելագործել բժշկության այս ոլորտը»,- ասել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը։

Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահը  նշել է, որ տարածաշրջանային համաժողովը լավ հնարավորություն է ծանոթանալու միմյանց փորձին՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք պայքարել արտակարգ իրավիճակներին զուգահեռ առաջ եկած հոգեբանական խնդիրների ժամանակ: Այս համաժողովի կազմակերպումը, նրա խոսքով, կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ քաղաքականություն վարողներին հասցվի մասնագետներին լսելու եւ նրանց առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելով որոշում կայացնելու միտքը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել եւ  կարևորել է նմանատիպ միջոցառումների իրականացումը, քանի որ 2020 թվականի սկզբից ի վեր ամբողջ աշխարհը, ինչպես նաև  Հայաստանը,  լուրջ մարտահրավերների, արտակարգ իրավիճակների հետ է  առերեսվել․ համավարակի և  հակամարտությունների բացասական ազդեցություններն առկա են մինչ օրս։

«Ուստի, մեզ համար հատկապես կարևոր է, որ այսօր հնարավորություն ունենք  պրոֆեսիոնալ հանրության հետ քննարկելու  քաղած դասերը, ծանոթանալու ոլորտի նորարարություններին ու առաջընթացներին։ Արտակարգ իրավիճակները փոխում են մեր մոտեցումը հոգեկան առողջության նկատմամբ և  ընդգծում շարունակականությունը՝  պլանավորում, գործողությունների ձեռնարկում,  պատրաստվածության բարձրացում։ Այս ամբողջ ընթացքում մենք արտակարգ իրավիճակների արձագանքն իրականացրել ենք մեր զարգացման ծրագրերին զուգահեռ՝ որպես շարունակականություն»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նա ընդգծել է, որ COVID-19-ը և պատերազմը հոգեկան առողջությունը դարձրին առաջնահերթություն։ Տեղական և միջազգային մասնագետների օգնությամբ մի շարք հրատապ գործողություններ  ձեռնարկվեցին՝ օգնելու հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց:

«Քաղած դասերը մեզ ցույց տվեցին, որ հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը ոչ միայն պետք է լինեն աղետներին պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև  երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում՝ ապահովելու կայուն, մատչելի, մարդու իրավունքների վրա հիմնված հոգեկան առողջության խնամք բոլորի համար»,- ասել է Առողջապահության նախարարը:

Զեկույցների թեման վերաբերել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի 2020-2023 թվականների գործողությունների ծրագրերին, խնդիրներին, ինչպես նաեւ հետքովիդյան եւ հիբրիդային պատերազմի դարաշրջանում Հայաստանում հոգեկան առողջության վիճակին, կնոջ հոգեկան առողջությանը:

«Կորուստ, վիշտ, տոկունություն և հետտրավմային աճ» վերնագրով զեկույցում Հայաստանում հոգեկան առողջության վիճակի, հետքովիդյան և հիբրիդային պատերազմի ժամանակաշրջանի վերաբերյալ ուշագրավ ուսումնասիրության արդյունքներ է ներկայացրել ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ,  «ԻՆԹՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական տնօրեն Խաչատուր Գասպարյանը։

Համաժողովի շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած գիտաժողովին Խաչատուր Գասպարյանը հանդես է եկել «Ցեղասպանություն, արդարություն և հոգեկան առողջություն» թեմայով դասախոսությամբ։ Եզդիների ցեղասպանության թեմային է անդրադարձել գերմանացի պրոֆեսոր Ջան Իլհան Քիլիզիլհանը։ Ավստրիացի պրոֆեսոր Թոմաս Վենզելն անդրադարձել է «ցեղասպանական միջավայրին»՝ քննարկելով աշխարհում տեղի ունեցած վերջին ցեղասպանությունների օրինակները։

Տեսանյութեր

Լրահոս