Կարծիք հայտնելը մե՞ղք է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կան մարդիկ, որոնք կարծիք հայտնելիս կաշկանդված են ոչ միայն պաշտոն զբաղեցնելիս, այլ նաեւ դրանից հետո։ ՍԴ նախկին դատավոր Հրանտ Նազարյանը, ում այս իշխանությունը հակասահմանադրական գործընթացով զրկեց ՍԴ դատավորի կարգավիճակից, երեկ սար ու ձոր ընկավ, երբ խնդրեցինք հստակ գնահատական տալ իշխանությունների՝ Արցախի հարցով քաղաքականությանը։

Մենք ընդամենը հարցրինք՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունն իր ուժը ստանում է Գերագույն խորհրդի որոշումից ու Անկախության հռչակագրից, իսկ ԳԽ որոշմամբ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ՍԴ-ն կարո՞ղ է Սահմանադրությանը համապատասխան ճանաչել մի փաստաթուղթ, ասենք՝ «խաղաղության պայմանագիր», որով ամրագրվելու է, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում։

Նազարյանի միակ հստակ ասելիքն այն էր, որ միջպետական այդ պայմանագիրը պետք է ՍԴ-ում քննվի․ «Գիտե՞ք ինչ, նախ պետք է լինի նման համաձայնագիր, դա դեռեւս խմոր վիճակում է, կամ չգիտեմ՝ ինչ վիճակում է, բոլոր դեպքերում, դա պետք է ունենա որոշակի ձեւակերպում, որի շուրջ նոր կարելի է ենթադրություններ անել։ Հիմա եթե չկա փաստաթուղթ, ի՞նչ կարող ենք ասել»։

Հիշեցրինք Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ տարածքը, ինչը նշանակում է, որ Արցախը մեջն է։ «Ես չեմ կարող, կոռեկտ էլ չէ՝ հիմա հնչեցնել, ասեմ՝ այս դեպքում ՍԴ-ն այսպիսի որոշում կայացնի։ Երեւույթը տեսանելի չէ, լսելի է, բայց պետք է տեսանելի լինի, որովհետեւ իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է․․․ Ոչ թե չեմ հավատում, այլ պետք է դրվի փաստաթուղթ, որի շուրջ նոր կարելի է դատողություններ անել»։

Տեսանյութեր

Լրահոս