Խերսոնի մարզում ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացման հետևանքով առաջացած ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել Խերսոնի մարզում, որի մի հատվածը վերահսկվում է Ուկրաինայի, մի հատվածն էլ՝ Ռուսաստանի կողմից: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է 5 հոգու մահվան մասին՝ նաև նշելով, որ ևս 13 մարդ անհետ կորած է:
Ըստ նախարարի՝ չորս մարդ մահացել է Խերսոնի շրջանում, ևս մեկը՝ Նիկոլաևի շրջանում։
«Խերսոնի մարզում փաստացի հեղեղվել է 48 բնակավայր, որոնցից 34-ը (3625 տուն)՝ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքում, 14-ը՝ ժամանակավոր օկուպացված տարածքում», – հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը։
Իր հերթին Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ ջրհեղեղի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել։
Սալդոյի տվյալներով՝ ՌԴ իշխանությունները հեղեղման գոտիներից տարհանել են ավելի քան 5800 մարդու:
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը, որի հետևանքով տասնյակ բնակավայրեր հեղեղվել են: Կողմերը ՀԷԿ-ի գնդակոծման մեջ մեղադրում են մեկը մյուսին: