Ճապոնիան վերանայում է դաջվածքներով մարդկանց զորակոչի արգելքը, որպեսզի կարողանա համալրել բանակի շարքերը
Ճապոնիայի պաշտպանության ուժերը վերանայում են դաջվածքների արգելքը, քանի որ փորձում են ավելացնել զինվորագրման մակարդակը արագ կրճատվող բնակչության շրջանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դաջվածքները վաղուց տաբու են եղել Ճապոնիայում, որտեղ դրանք ասոցացվում են մաֆիայի նման հանցավոր խմբավորումների հետ, որոնք հայտնի են որպես յակուձա:
Սակայն պաշտոնյաները պնդում են, որ երիտասարդ ճապոնացիները դաջվածքներ են անում նորաձևությունից ելնելով, այլ ոչ թե յակուձայի հետ նույնանալու համար։
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի համալրվածությունը 10%-ով պակաս է, և անցյալ տարվա ապրիլին բանակը չի կարողացել լիարժեք զինվորագրում կատարել:
«Դիմորդներին մերժելը միայն այն պատճառով, որ նրանք դաջվածքներ ունեն, խնդիր է ստեղծում մարդկային ռեսուրսների բազայի ուժեղացման առումով», – ասել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մասահիսա Սատոն:
Պաշտպանության նախարարության կադրային բյուրոյի ղեկավար Կազուհիտո Մաչիդան ասել է, որ արգելքը պետք է վերանայվի՝ հաշվի առնելով Ճապոնիայում ծնելիության անկումը։
125 միլիոնանոց երկիրը 2022 թվականին ունեցել է 800 000-ից պակաս ծնունդ, մինչդեռ 1970-ականներին տարեկան ծնունդների թիվը կազմում էր երկու միլիոնից ավելի:
Վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ Ճապոնիան պետք է անդրադառնա իր բնակչության կրճատմանը և ծերացմանը «այժմ կամ երբեք»: