Կոչ ենք անում Ադրբեջանին մշակել օրակարգ, որը կպաշտպանի ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը․ ԵԱՀԿ
Հրապարակվել է ԵԱՀԿ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ, որում ասված է. «…Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ մշակել դրական օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն է թողնում, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնարար՝ էներգետիկ և կապի ծառայությունների խափանումներին։ Հրադադարի հաճախակի խախտումները ևս լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության վերաբերյալ: Եթե դա դեռ այդպես է, մենք կոչ ենք անում Բաքվին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով, որ պահպանվի էլեկտրացանցը:
Ավելին, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից և փոխարենը խթանել մի խոսույթ, որը վստահություն է ձևավորում և ստեղծում խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայր: Նաև պետք է ձեռնարկվեն վստահության ամրապնդման հետագա միջոցառումներ, մասնավորապես՝ բանտարկյալների ազատ արձակման հետ կապված։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման գործողություններին․ մենք ընդգծում ենք կողմերի միջև համագործակցության կարևորությունը ականներից տուժած տարածքները որոշելու համար»։