Հունիսի 15-ին մուտք կգործի համար 52 երթուղին. Վազգեն Հարությունյան
«Մինչև հունիսի 15-ը գիծ դուրս եկող երթուղիների գրեթե մեծ մասը շահագործում է իրականացնում, իսկ ըստ ժամանակացույցի՝ հունիսի 15-ին մուտք կգործի համար 52 երթուղին: Աշխատանքներ են տարվում արդեն հուլիսի 1-ին մուտք գործող երթուղիների մասով»,- այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ավարտվել են գծանշման աշխատանքները Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան վարչական շրջաններում, իսկ այժմ այդ աշխատանքներն իրականացվում են Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններում: Նրա փոխանցմամբ, ամբողջ աշխատանքները կավարտվեն հուլիսի վերջին:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե այդ աշխատանքները նաև աշնա՞նն են երկրորդ անգամ նախատեսվում, ինչին ի պատասխան՝ Վազգեն Հարությունյանն արձագանքեց. «Ամբողջությամբ երկրորդ անգամ չի արվի, բայց կլրացվեն»:
Անդրադառնալով ավտոբուսային առանձնացված երթուղիներին՝ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց. «Ավտոբուսային առաջին առանձնացված երթուղին արդեն շահագործման հանձնված է՝ Սարալանջի ճանապարհին, աշխատանքներ են տարվում Գայի պողոտայում ավտոբուսների առանձնացված երթուղիով կահավորելու մասով: Դիտարկվում է նաև Գարեգին Նժդեհ փողոցը»: