Բացառիկ. Բալլինայի քաղաքապետը՝ Իռլանդիայի և Հայաստանի նմանության, արտագաղթի, Ջո Բայդենի մասին
«Ես լրագրող չեմ, բայց կապ ունեմ լրագրության հետ. ինքս եմ գրում մամուլի հաղորդագրությունները»,- մի առիթով ինձ ասաց Իռլանդիայի Բալլինա քաղաքի քաղաքապետ Մարկ Դաֆին:
Զարմացա, որովհետև Հայաստանում մեծ քաղաքների դեպքում քաղաքապետարաններն ունենում են լրատվական ծառայություններ, իսկ փոքր քաղաքների և նույնիսկ գյուղերի պարագայում՝ համայնքների ղեկավարների օգնականները կամ այլ պատասխանատու անձինք են գրում մամուլի հաղորդագրությունները, բայց ոչ՝ համայնքների ղեկավարները:
Զրույցի ընթացքում Մարկ Դաֆիին սկսեցի հարցուփորձ անել, թե ի՞նչ մեծության քաղաքի ղեկավար է ինքը, երբվանի՞ց է ղեկավարում քաղաքը, ի՞նչ աշխատանքներ է կատարել այս ընթացքում, և հասկացա, որ բավականին հետաքրքիր հարցազրույց կարող ենք ունենալ: Այդ օրերին երկուսս էլ գտնվում էինք Բրյուսելում՝ մասնակցում էինք The German Marshall Fund of the United States-ի Transatlantic Inclusion Leaders Network (TILN) 2023 ծրագրին, և ազատ ժամանակ գրեթե չունեինք, բայց կարողացանք մանրամասն զրուցել Իռլանդիայում առկա իրավիճակի, Հայաստանի հետ նմանությունների, Բալլինա քաղաքում առկա խնդիրների, քաղաքների կառավարման, Ջո Բայդենի և Բալլինայի կապի և Մարկի կատարած աշխատանքների մասին:
– Մարկ, նախ հետաքրքիր է՝ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին և դառնալ քաղաքապետ, ո՞րն էր Ձեր մոտիվացիան:
– Իռլանդիայի պատմությունը նման է Հայաստանի պատմությանն այն առումով, որ արտագաղթը բավականին մեծ է: Իռլանդացիները հրաշալի մարդիկ են, ունեն մեծ սիրտ, բայց ստիպված են ավելի լավ հնարավորություններ որոնել այլ երկրներում: Ես ժամանակին մեր համալսարանի ուսանողների միության նախագահն էի, և դա իմ կյանքի առաջին փորձն էր՝ աշխատել և ներկայացնել մարդկանց: Ուսանողների միության նախագահի աշխատանքին անցնելուց առաջ երեք հարց տվեցի ինքս ինձ՝ ուզո՞ւմ եմ անել դա, արդյո՞ք հաջողակ կլինեմ այդ գործում, կփոշմանե՞մ, եթե չանեմ դա, և երեք հարցերին էլ դրական պատասխանեցի: Ուսանողների միության նախագահի աշխատանքն ինձ համար առաջ գնալու հիմք էր: Եվ ահա մի քանի տարի ճանապարհորդելուց և Դուբլինում կորպորատիվ բիզնեսում աշխատելուց հետո, մի օր նստած էի գրասեղանիս մոտ և ինքս ինձ տալիս էի նույն հարցերը, երբ տեսա, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հնարավորություն կա: Բալլինան մեծ պոտենցիալ ունեցող, աշխարհի մի գեղեցիկ մասնիկն է, որն ունի հրաշալի բնակիչներ, որոնց մի մասը, ցավոք, արտագաղթել է:
Այսպիսով, ես ինքս ինձ տվեցի նույն երեք հարցերը, և չնայած բավականին նյարդային և լարված վիճակում էի, ասացի՝ լավ, ես գնալու եմ դրան, և հայտարարեցի այդ մասին: Մեր քաղաքում քաղաքական ներկայացվածության առումով մեծ փոփոխություն չէր եղել, և հաճախ քաղաքապետի պաշտոնը փոխանցվում էր քաղաքապետների որդիներին կամ ընտանիքի անդամներին և մնում նույն շրջանակների մեջ: Այնպես որ, ինձ համար բավականին բարդ էր, ես շուրջս էի նայում, թե ով է, ի վերջո, փոխելու այդ իրավիճակը, ով է անելու առաջին քայլը:
ԱՄՆ դեսպանատանն ամբողջ Իռլանդիայից հավաքված երիտասարդ առաջնորդների մասնակցությամբ միջոցառում կար, որին ես էլ էի մասնակցում. առաքելության ղեկավարի տեղակալն ասաց՝ դուք ապագա առաջնորդներ եք: Գլխումս մի միտք էր՝ լավ, մեզ այսպիսի շրջանակներում անընդհատ ասում են՝ դուք երիտասարդ առաջնորդներ եք, ի վերջո, ես ե՞րբ տեղիցս վեր կկենամ և կդառնամ այդ առաջնորդը: Որոշեցի, որ պետք է անեմ այդ քայլը և մասնակցեմ ՏԻՄ ընտրություններին: Եթե չընտրվեի, ոչ մի խայտառակություն կամ ձախողում չէի ունենա, որովհետև գոնե այնքան համարձակ կլինեի, որ կփորձեի փոխել այդ համակարգը:
Ես վերադարձա Դուբլինից և ստեղծեցի կամավորների խումբ: Մենք ամեն շաբաթ մեկ ժամով հավաքվում էինք՝ աղբը հավաքելու, հին շենքերը ներկելու և ծառեր ու ծաղիկներ տնկելու համար՝ փորձելով բարելավել մեր քաղաքը: Այդ աշխատանքը, իհարկե, կարևոր էր, բայց մեծամասամբ խորհրդանշական էր, քանի որ դա խաղաղ բողոքի ձև էր: Մենք ասում էինք՝ ո՛չ, սա մեր քաղաքն է, սա նաև երիտասարդների համար է, և սա հնարավորություն է ինչ-որ բան փոխելու, մարդկանց հմտություններն օգտագործելու համար, քանի որ բոլորն ունեն հիանալի գաղափարներ և մեծ հմտություններ, ինչպիսիք են ճարտարապետությունը, ճարտարագիտությունը, բնապահպանական խնդիրների կառավարումը և այլն, այդ ձայները պետք է լսելի լինեն: Ես սկսեցի այդտեղից. Բալլինայի քաղաքացիներն այդ ամենին դրական արձագանքեցին, ես ընտրվեցի, և արդեն 4 տարի մենք բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել՝ ավելի քան 1000 կամավորների աջակցությամբ:
-Դուք նշեցիք, որ 1000-ից ավելի կամավորներ են աջակցում Ձեզ. Արդյո՞ք նման գործելաոճը բնորոշ է Իռլանդիայի մյուս քաղաքապետերին ևս, օրինակ, Հայաստանում քաղաքապետերն ունեն մեծ աշխատակազմ, նույնիսկ կան օրինակներ, իրենց կատարած աշխատանքները սոցիալական տարբեր մեդիաներում վճարովի գովազդում են:
-Դա այնքան էլ բնորոշ չէ։ Ես չեմ ուզում խոսել այլ քաղաքապետերի փոխարեն, միայն կասեմ, որ այն, ինչ մենք անում ենք Բալլինայում, շատ յուրահատուկ է, և մարդիկ էլ այդ ամենին շատ դրական են արձագանքում:
Այն, ինչ մենք անում ենք, կարող է օգտագործվել նաև այլ երկրներում, քանի որ բոլոր տեղերում էլ կան երիտասարդներ, ովքեր մեծ հաճույքով որևէ բան կանեն իրենց քաղաքի, իրենց համայնքի համար, իրենց երկրի համար, որպեսզի այն իր ուրույն տեղն ունենա աշխարհում: Մեզ պետք է, որ այդ երիտասարդ ձայները հզորանան, ունենանք ավելի համախմբված հասարակություն և ավելի լավ միջավայր: Երիտասարդներին պետք է տալ ժամանակ, հնարավորություն և գործիքներ՝ իրենց առաջնորդությունը դրսևորելու համար. նրանք միշտ ամեն ինչ լավ են անում, երբ տեսնում են, որ իրենց վստահում են:
– Ո՞րն էր Ձեր առաջին որոշումը՝ որպես երիտասարդ քաղաքապետ, հատկապես ի՞նչն էիք ուզում փոխել:
– Առաջին բանը քաղաքը բնակիչներին վերադարձնելու փորձն էր, այսինքն՝ փողոցները դարձնել հետիոտնի համար հարմար վայր՝ նախընտրելով մարդկանց՝ մեքենաների փոխարեն: Մենք նաև քաղաքի բնակիչների և քաղաքի հետ կապ ունեցող մարդկանց պատկերով մի հսկայական որմնանկար տեղադրեցինք քաղաքի կենտրոնում: Այդ մարդկանցից մեկն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է, որն այն ժամանակ դեռ նախագահի պաշտոնում չէր: Այդ իրադարձությունը միանգամից հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, լրագրողները եկել էին Բալլինա և խոսում էին Ջո Բայդենի ժառանգության մասին: Ընտրվելուց հետո Ջո Բայդենը խոստացավ գալ Բալլինա, և ահա այս տարվա ապրիլին նա այցելեց մեզ և ելույթ ունեցավ 27 հազար հոգանոց լսարանի առջև՝ հենց մեր քաղաքի կենտրոնում:
Որպես քաղաքապետ՝ իմ գործառույթն էր բեմից ներկայացնել Իռլանդիայի վարչապետին և ԱՄՆ նախագահին. դա իսկապես մեծ պատիվ էր ինձ համար: Հաճելին այն էր, որ ես որոշումս կայացրել էի Իռլանդիայում, մի հանրապետությունում, որը հնարավորություն տվեց ինձ նման երիտասարդ գործչին մտնել քաղաքականություն և ընտրվել քաղաքապետ: Ինչպես գիտեք՝ Իռլանդիան 800 տարի պայքարել է բրիտանական ճնշումների դեմ։ Մեր նախնիները, մեր ժողովուրդը պայքարել են հանուն ազատության. ազատությունն ու ժողովրդավարությունը փխրուն են, և կարևոր է պաշտպանել դրանք: Ես ուրախ եմ, որ ընտրել եմ այս ճանապարհը, և, որ քաղաքականություն մտնելու որոշումս կայացրել եմ 4-5 տարի առաջ, որի արդյունքում հնարավորություն ունեցա ԱՄՆ նախագահին ներկայացնել մեր քաղաքում:
– Երբ ետ եք նայում՝ ի՞նչն եք լավ արել և ի՞նչը կցանկանայիք փոխել կամ այլ կերպ անել:
– Մարդկանց ներգրավելն ու նրանց հնարավորություններն օգտագործելը համարում եմ իմ ամենադրական քայլերից մեկը: Մենք ունենք մի քանի հիանալի նախագիծ, որոնք այժմ գործում են մեր քաղաքում՝ նորացնում ենք քաղաքի կենտրոնը, կառուցում ենք նոր հանրային տարածք, նոր թանգարան և նման այլ բաներ: Ես նաև ակտիվ եմ առցանց՝ փորձելով այդ ամենի մասին տեղեկացնել մարդկանց: Երբեմն, որքան շատ ենք մարդկանց պատմում ինչ-որ բանի մասին, այնքան ավելի շատ է պետք առաջնահերթություն տալ ինչ-որ բան անելուն, ուստի դա հավասարակշռող գործողություն է: Մենք կենտրոնանում ենք քաղաքի վրա, քանի որ քաղաքը մեծ աշխատանքի և ուշադրության կարիք ունի: Բայց ես կցանկանայի դա ընդլայնել դեպի փոքր գյուղեր, քանի որ այնտեղ մարդիկ երբեմն իրենց անտեսված են զգում պետական կառույցների կողմից: Ուստի ես կցանկանայի ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել՝ավելի մեծ տարածքում աշխատանքներ իրականացնելու համար:
– Որո՞նք են ձեր քաղաքի հիմնական խնդիրները:
– Ամենամեծ խնդիրը կացարանների խնդիրն է. բնակարանները շատ թանկ են, և դժվար է լուծել այդ խնդիրը: Իրավիճակը կամաց-կամաց փոխվում է, քանի որ այժմ կան դրամաշնորհներ և հնարավորություններ՝ կառավարության կողմից, որոնց նպատակն է՝ օգնել մարդկանց տուն կառուցել կամ վերանորոգել հին շենքերը: Այսպիսով, մեր օրվա ամենամեծ խնդիրը կացարանների խնդիրն է:
– Կացարանների խնդիրը լուծելու ռազմավարություն ունե՞ք։
– Այո, մենք վերականգնում ենք հին շենքերը, բայց նաև աշխատում ենք հմուտ երիտասարդ ճարտարապետների հետ, ովքեր քաղաք են վերադարձել, մասնավորապես, Ռոտերդամից, և ցանկանում ենք փորձել կառուցել բնակարանային նախագծերի ռազմավարական զարգացման գոտիներ: Պետք է ստեղծել մեծ քաղաք ոչ միայն ապրելու, այլև զբոսաշրջային այցելությունների համար գրավիչ դարձնելու համար՝ ունենալով սրճարանային տարածք, դարձնելով այն ապրելու համար հաճելի և գրավիչ միջավայր: Այս պահին այդ նախագծի վրա ենք աշխատում՝ փորձելով քաղաքի կենտրոնում ապահովել ապագայի վրա հիմնված զարգացող բնակարանաշինություն, ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ ստիպված չլինեն մի տեղից մյուսը հասնելու համար անընդհատ մեքենա նստել:
– Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում այդ փոփոխություններին:
– Բավականին հաճելի է, որ երբ քայլում եմ փողոցում, մարդիկ ինձ ողջունում են կամ խոսում են իրենց խնդիրների մասին: Նրանց խնդիրներն ու առաջարկությունները, գաղափարներն ու բողոքները լսելը միշտ օգտակար է: Երբեմն բավականին բարդ է քաղաքի մի հատվածից մյուսը քայլել, որովհետև մարդիկ անընդհատ կանգնեցնում են, բայց մարդիկ սիրալիր են, և այդ ամենը բալանսավորված է:
Բավարար ռեսուրսներ չունենալը մեծ մարտահրավեր է: Օրինակ՝ միայնակ մայրերի կողմից կացարանի ապահովման կամ աջակցության բազմաթիվ խնդրագրեր եմ ստանում: Այնուամենայնիվ, դժվար է լուծումներ գտնել յուրաքանչյուր առանձին դեպքի համար՝ միաժամանակ կենտրոնանալով հավակնոտ բնակարանաշինություն մշակելու, ավելի համապարփակ ռազմավարության վրա, որը կլուծի խնդիրը բոլորի և հաջորդ սերունդների համար:
– Քանի որ մենք հենց TILN ծրագրի շրջանակում ծանոթացանք (հարցազրույցի պահին ես և Մարկ Դաֆին գտնվում էինք Բրյուսելում.- Ռ.Մ.), հետաքրքիր է՝ ո՞րն էր այս ծրագրին մասնակցելու Ձեր մոտիվացիան:
– Ես հանդիպել էի ԱՄՆ դեսպանի և դեսպանատան աշխատակիցների հետ, նրանք ինձ տեղեկացրել էին ծրագրի մասին: Կարծում եմ՝ սա հեղինակավոր ծրագիր է: Ես մտածում եմ Բալլինայի մասին, ես մտածում եմ Իռլանդիայի մասին՝ որպես մի վայր, որտեղ դու պետք է գործես լոկալ, բայց՝ գլոբալ մտքով: Ապագան Եվրոպայի և Միացյալ Նահանգների մեր ընկերների հետ համագործակցությունն է. սա փայլուն հնարավորություն էր, որը կարևոր է իմ անձնական և մասնագիտական զարգացման համար: Այդ իսկ պատճառով դիմեցի, և ես իսկապես բախտ ունեցա ընտրվել և հանդիպել մեծ մարդկանց։ Որոշ ժամանակ կպահանջվի Բրյուսելում տեղի ունեցածը մարսելու համար: Այս ծրագրին մասնակցությունն արտոնություն է, որը ոչ բոլոր մարդկանց է հասանելի, քիչ մարդիկ հնարավորություն ունեն գալ այստեղ և հանդիպել այսքան հաճելի և իրենց ոլորտներում կայացած մարդկանց:
– Այս ամենը նաև Ձեր անձնական հատկանիշների մասին է խոսում, քանի որ դարձյալ գալիս ենք այն թեմային, որ ոչ բոլոր քաղաքապետերն են աշխատում իրենց անձնական և մասնագիտական զարգացման վրա:
– Ես բարձր վարձատրվող աշխատանքս թողեցի և վերադարձա տուն, քանի որ դա այն է, ինչի համար ես պատրաստ եմ առավոտյան արթնանալ և աշխատել մինչև կեսգիշեր: Քաղաքապետի իմ աշխատանքը պահանջում է համբերություն իմ ընտանիքից, ընկերներից և սիրելիներից: Ես անընդհատ տարբեր միջոցառումների եմ մասնակցում, ինչպես այս բրյուսելյան շաբաթն է, որտեղից իմ քաղաք ավելի մոտիվացված եմ վերադառնալու և պատրաստ եմ լինելու ավելի արդյունավետ աշխատել իմ պաշտոնում:
Ռազմիկ Մարտիրոսյան
Բրյուսել-Երևան