Ընդունելությունը տարեցտարի նվազում է. Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը կլուծարվի
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Երևան քաղաքում առողջապահության ոլորտի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման մասին նախագիծը:
Ըստ այդ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Էրեբունի, Տիտոգրադյան փողոց 133/1 հասցեում գտնվող 2357 քառ. մետր ընդհանուր մակերեսով մասնաշենքը վերցնելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնելու են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացմամբ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Երևան քաղաքում գործող բժշկական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կառավարման և ծախսարդյունավետության բարձրացմամբ, ռեսուրսների համակենտրոնացմամբ: Մասնավորապես՝ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը հնարավորություն է տալիս օպտիմալացնել օգտագործվող տարածքները և ուսումնանյութական բազան, նպաստում է ոլորտում տարվող քաղաքականության համաձայն մասնավոր հատվածի կողմից մասնագիտական կրթության իրականացման կազմակերպմանը, պետության բեռի թեթևացմանը:
Երևան քաղաքում գործում են պետական 4 և ոչ պետական հավատարմագրված 7 ուսումնական հաստատություններ, որոնցում ուսուցանվում են առողջապահական ոլորտի մասնագիտություններ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործում է «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Հարևանությամբ գործում է նաև «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամը, որը 2022 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում և ուսուցանում է գրեթե նույն մասնագիտությունները:
Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ընդունելությունը տարեցտարի նվազում է և ներկայումս ուսանում է 420 ուսանող, որից 140-ը ավարտում են 2022-2023 ուսումնական տարում, 2020-2021 ուսումնական տարում ուսանել է 663 ուսանող, իսկ 2021-2022 ուսումնական տարում՝ 529:
Նշված է, որ հարևանությամբ գտնվող ««Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամի շենքային և ուսումնալաբորատոր պայմաններն էականորեն ավելի բարենպաստ են մասնագիտական կրթության կազմակերպման տեսանկյունից և վերջին տարիների «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» քոլեջում ուսանողների թվի նվազումը պայմանավորված է այդ հանգամանքով՝ դիմորդներից շատերը գերադասում են կրթություն ստանալ «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի միջոցառումը՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), ինչպես նաև «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների թվի նվազումը, որն իր հերթին առաջ է բերում ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, վարչությունը քննարկել է քոլեջի լուծարման հարցը, որը համաձայնեցվել է նաև քոլեջի տնօրինության հետ և արժանացել հավանության:
«Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների ուսումնառության շարունակումը նույն պայմաններով (անվճար/վճարի նույն չափով) նախատեսվում է կազմակերպել «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամում (ուսանողի ցանկությունը հաշվի առնելով) կամ այլ պետական կամ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում, իսկ աշխատակիցների մեծ մասն իրենց աշխատանքը կշարունակեն «Էրեբունի» բժշկական ակադեմիա» հիմնադրամում: