Բաժիններ՝

Ապակիների լուսաթափանցելիության չափը խախտած վարորդներին այսօրվանից գրավոր նախազգուշացնում են, իսկ հաջորդ անգամ կլինի տուգանք

Մայիսի 31-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։

Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորներն առաջարկ են ներկայացրել՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։

Նշենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%, և հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու էին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Սակայն երեկ, կեսգիշերից սկսած, պարեկային ծառայողները հայտնաբերելով լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցներ՝ ոչ թե տուգանել են, այլ նախազգուշացրել:

Կարդացեք նաև

«Կանգնեցնում են Աբովյանում, էջմիածնում, Փարաքարում, Երևանում: Չեն տուգանում դեռ, բայց գրավոր նախազգուշացնում են, իսկ հաջորդ անգամ կլինի տուգանք՝ 25.000 դրամի չափով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Մեկ այլ վարորդ հայտնեց, որ շատերն ապակիներն իջեցրած են վարում, սակայն կրկին պարեկները կանգնեցնում են, ստուգում:

«Ով չի պոկել «պլյոնկան», ապակին իջեցրած է վարում: Քիչ առաջ 3-րդ մասում աչքիս առջև 2 մեքենա միանգամից ստուգեցին, նախազգուշացրեցին: Օրինակ ես, այսպես թե այնպես, պոկելու էի, որովհետև հաճախ եմ գնում Վրաստան, ու այնտեղ ամեն անգամ սրա համար տուգանք եմ վճարել: Կարծում եմ, «պլյոնկան» հանելը ճիշտ է, որովհետև գիշերը մեքենա վարելը դժվար է, հետընթացի ժամանակ անպայման ապակիները իջեցրել եմ, քանի որ թաղանթապատված էր 100 տոկոսով»,- նշեց մեր զրուցակիցը:

Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատուրովն էլ նշեց՝ քանի որ օրենսդրության մեջ խնդիրներ են տեսել, ժամանակավոր հետաձգում են, որպեսզի օրենքը փոփոխեն, կարգի բերեն, ապա նոր տուգանեն:

Տեսանյութեր

Լրահոս