
Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է ազատազրկման կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով

Բրազիլիայի Գերագույն դատարանը քվեարկել է նախկին նախագահ Ֆեռնանդու Կոլոր դի Մելուին կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով 8 տարի 10 ամսվա ազատազրկման դատապարտելու օգտին։
Բրազիլիայի դատախազությունը 73-ամյա Կոլորին մեղադրել է պետական Petrobras նավթային ընկերության դուստր ձեռնարկությունից մոտ 30 միլիոն ռեալ (6 միլիոն դոլար) կաշառք ստանալու մեջ։
Կոլորը դարձել էր Բրազիլիայի առաջին ժողովրդավարորեն ընտրված նախագահը 1989 թ.-ին, ռազմական դիկտատուրայից 20 տարի անց: Սակայն նախագահի պաշտոնը ստանձնելուց 3 տարի անց Կոնգրեսի ստորին պալատը նրան իմպիչմենտ էր հայտարարել:
Կոլոր դի Մելուն դրանից հետո շարունակել է զբաղվել քաղաքականությամբ և 26 տարի Կոնգրեսում զբաղեցրել պահպանողական սենատորի աթոռը՝ նախագահելով Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը: Ֆեռնանդու Կոլոր դի Մելուն իր մանդատից զրկվել է անցյալ տարվա ընտրություններից հետո:
Դատավճռի առնչությամբ Կոլորի փաստաբանները հայտարարել են, որ նա որևէ հանցանք չի գործել, և վստահություն են հայտնել, որ նրան, ի վերջո, կարդարացնեն:
Բրազիլիայի նախկին նախագահը դեռ կարող է բողոքարկել որոշումը: