Միակ շարժումը, որը կարող է փրկել պետությունը

Հարցը, թե ինչո՞ւ է հայ հանրությունն անտարբեր պետության ու պետականության գահավիժման նկատմամբ, մեր իրականության ամենակարևոր հարցադրումներից է, որի պատասխանը կարող է կանխորոշել հետագա զարգացումները։ Այնպես չէ, որ հասարակությունն անհաղորդ է Հայաստանի, Արցախի հետ կատարվողին և չի գիտակցում աղետի խորությունը։ Հակառակը՝ վերջին հարցումները ցույց են տալիս նրա համարժեքությունը՝ ինչպես Արցախի կորստով պայմանավորված սպառնալիքների, այնպես էլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների առումով։ Խնդիրն այն է, սակայն, որ հանրային այդ գիտակցությունը չի հանգեցնում համապատասխան, համարժեք, աղետը կանխելուն ուղղված գործնական քայլերի։

Ոմանց բացատրությունը, որ դրա մեղավորն անկարող քաղաքական համակարգն է, ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները, իհարկե, անհիմն չէ, բայց դա, այդուհանդերձ, չի արտահայտում երևույթի ողջ խորությունն ու բոլոր շերտերը։ Որովհետև դժվար է ասել, եթե մի հրաշքով վաղը բոլոր քաղաքական ուժերը դառնան  համարժեք, հանդես գան ստեղծված իրավիճակը հաղթահարելու լուծումներով, հանրության քանի՞ տոկոսը  կաջակցի նրանց գործնականում։ Այս հարցում քաղաքական համակարգի անգործությունը խնդրի ախտորոշման կարևոր, այդուհանդերձ, մակերեսային բացատրություն է։

Ավելի խորը հարթությունում հանրային այս վարքագիծը, քաղաքականից բացի, նախ և առաջ ունի սոցիալ-հոգեբանական, արժեքային պատճառներ։ Ի թիվս բազմաթիվ գործոնների՝ հանրություն-պետություն խզումը հնարավոր է դարձել այն պատճառով, որ տարիների, տասնամյակների ընթացքում հասարակությունն օտարվել է պետությունից, պետությունը նրա համար դադարել է լինել կյանքի, շրջապատող աշխարհի հետ հարաբերության ամենակարևոր գործակալը։

Դրա հետևանքով մարդկանց գերակշիռ մասը նույն շրջապատող աշխարհի հետ իրենց հարաբերությունը սկսել են կառուցել ու դիտարկել առավելապես անհատական պրիզմայով, որում առաջնային նշանակություն ունի կոմֆորտը՝ կենցաղայինից մինչև սոցիո-մշակութային իմաստներով։ Մարդկանց հոգեբանության, արժեքային համակարգում պետությունից օտարումը վերջինս արժեզրկել է այնպես ու այնքան, որ դրան ուղղված սպառնալիքները քաղաքացիները չեն ընկալում՝ որպես իրենց, իրենց ընտանիքներին ու իրենց կոմֆորտին ուղղված սպառնալիքներ։

Կարդացեք նաև

Տվյալ դեպքում երկրորդական է, որ մարդկանց այդ մոտեցումը մոլորություն է, որովհետև անկախ պետության նկատմամբ իրենց վերաբերմունքից՝ պետությանը սպառնացող վտանգները որևէ դրսևորմամբ հասնելու են նաև իրենց ընտանիքներին։ Ավելի կարևոր է, որ այդ մոլորությունն է ձևավորում մարդկանց անհատական ու հավաքական այնպիսի վարքագիծ, որն ընդհանուր բնորոշմամբ անվանում ենք անտարբերություն պետության ու պետականության նկատմամբ։

Այս իրավիճակի ամենամեծ շահառուն, իհարկե, իշխանությունն է, որը, օգտվելով հանրության անտարբերությունից, պետության հետ անում է ամենայնը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Բայց շահառուների թվում են նաև նոմինալ բազմաթիվ քաղաքական խմբեր, ընդդիմադիր ձևաչափեր, որոնք, չնայած հռետորական պաթոսին, վայելում են իրենց այն կոմֆորտը, որը հնարավոր է դարձել պետության հետ իշխանության կողմից կատարվող բարբարոսության շնորհիվ։

Հասարակությունը, որն ամուր ու կայացած պետության ամենաառաջին շահառուն է, տեսնելով, թե ինչպես են դրա հետ վարվում էլիտաները, օտարվում է ոչ միայն այդ էլիտաներից, որը ողբերգություն չէ, այլ հենց պետությունից, ինչն արդեն գոյաբանական, անվտանգային սպառնալիք է։ Պետականության գահավիժումը, հետևաբար՝ կարող է կանխվել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը կվերարժևորի պետականությունը՝ սեփական հոգեբանության մեջ ու արժեքային համակարգում, ու դեմքով կշրջվի դեպի պետությունը՝ շրջվելու այդ շարժմամբ հեռացնելով բոլոր նրանց, առաջին հերթին՝ իշխանություններին, ովքեր մակաբուծում են՝ ամեն օր մոտեցնելով պետության վախճանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս