«Արևմուտքը կհորդորի Ալիևին երկխոսել ԼՂ հայերի հետ, սակայն սրանով ամեն ինչ կեզրափակվի»․ ինչ սպասել Քիշնևում սպասվող հնգակողմ բանակցություններից
Մոլդավայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպում, որին ընդառաջ ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր թվիթերյան միկրոբլոգում գրառումներ է արել՝ ըստ էության ուրվագծելով սպասվող բանակցությունների հիմնական օրակարգը։
Նա նշել է, որ էական է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների սահմանազատման հարցում, ինչպես նաև նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում: Ապա մեկ այլ գրառմամբ նշել է. «Ներկայումս վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության շուրջ։ Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտություն, վերքերը բուժելը ժամանակ է պահանջում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն Քիշնևում կայանալիք հանդիպմանն ընդառաջ ևս հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, և Եվրամիությունը ողջունում է դա, ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական պահը (թափը) և խուսափել քայլերից, որոնք կարող են վտանգել խաղաղ գործընթացը, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունը։
«Մայիսի սկզբին՝ ԱՄՆ-ում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից հետո, առաջնորդները հանդիպեցին Բրյուսելում մայիսի 14-ին՝ հունիսի 1-ին Մոլդավայի մայրաքաղաք Քիշնևում նախատեսված հաջորդ հանդիպումից առաջ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են նաև Մոսկվայում։ Բրյուսելում նրանք կենտրոնացան մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, հաղորդակցությունը, հումանիտար հարցերը և նախկին Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
Այդ ժամանակվանից ի վեր ղեկավարները հրապարակավ վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրի տարածքային ամբողջականությանը և Հայաստանի (29800 քառ. կմ) և Ադրբեջանի (86.600 քառ. կմ) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի համարձակ հայտարարությունը այս կապակցությամբ և Հայաստանի բացահայտ պատրաստակամությունը՝ աշխատելու երկկողմ սահմանի սահմանազատման ուղղությամբ։
Մենք նաև ողջունում ենք մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։
Քանի որ աշխատանքը շարունակվում է այս զգայուն հարցերի շուրջ, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու, լավ մտադրություններով աշխատելու և առաջնորդություն ցուցաբերելու համար՝ համապարփակ կարգավորման հետ կապված բոլոր խնդիրների լուծումներին հասնելու համար: Չնայած հակամարտության բարդ պատմությանը և անցյալին, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով»,- ասված է Ստանոյի հայտարարությունում: Այս ֆոնին հարկ է հիշեցնել օրերս Իլհամ Ալիևի՝ Բերձորում արած աղմկահարույց ելույթը, որով նա սպառնալիքներ, պահանջներ հնչեցրեց՝ ուղղված Արցախի իշխանություններին, ակնարկելով, որ դրանք չանելու դեպքում Ադրբեջանը կարող է հեշտությամբ հատուկ գործողություն իրականացնել Արցախում: Իսկ այդ պահանջներն են. Արցախի նախագահը պետք է հանձնվի, ԱԺ-ն պետք է ցրվի, այլ առաջարկ, ըստ Ալիևի, չի լինելու:
Իլհամ Ալիևը գոհ է նաև իր արևմտյան գործընկերներից, որոնք, ըստ նրա, պարզապես հետաքրքրվում են, թե ինչպիսին է լինելու ԼՂ իշխանությունների ճակատագիրը: Միևնույն ժամանակ կարևոր է արձանագրել, որ ՀՀ իշխանությունների պնդումները, թե ձևավորվելու է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ, չի հաստատվում որևէ միջնորդի հայտարարությամբ, ինչը տագնապալի ամրագրում է: Արևմտյան առաջնորդները կարծես չեն պատրաստվում միջամտել, որևէ կերպ մասնակցել Բաքու-Ստեփանակերտ որևէ երկխոսության, ավելին, նրանք արդեն իսկ այսօր չեն արձագանքում Ալիևի հրապարակային սպառնալիքներին, որոնք ուղղված են արցախահայերին:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կարծես երկու չպարզաբանված խնդիր է մնացել։
Ըստ նրա՝ առաջինը ԼՂ-ում բնակվող հայերի ճակատագիրն է, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի ձևաչափի հարցը։
«Մնացած հարցերում կարծես կա կոնսենսուս, և Արևմուտքը դա ցանկանում է օր առաջ ամրագրել։ Սակայն ամենաէականը մարդկային ճակատագրերն են։ Այդ հարցը հեշտությամբ կթողնեն ռուս խաղաղապահների գործունեության տիրույթում, կա լավ պատճառաբանություն՝ չստանձնելու անվտանգության երաշխավորի դերը բնակչության համար, և դա ռուսների ներկայությունն է, խաղաղապահների մանդատը ԼՂ-ում։ Արևմուտքը ձգտում է օր առաջ փակել բոլոր հարցերն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, քանի որ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է իրենց համար։ Բացի այդ, եթե Երևանն անձամբ չի զբաղվում այս հարցով, որևէ երրորդ երկիր դա չի անելու։ Եթե ՀՀ-ն ճանաչում է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, դա շատ բան է հստակեցնում, այդ թվում՝ այն, թե ինչ զարգացումներ են սպասվում ԼՂ-ում, և ինչպես է Արևմուտքը կամ ՌԴ-ն արձագանքում իրավիճակին։ Եթե ՀՀ-ն ճանաչում է, ապա ինչո՞ւ Արևմուտքը պետք է միջամտի այդ, այսպես կոչված, երկխոսությանը։ Այո, բնական է, որ ինչ-որ կերպ պետք է երկխոսություն ծավալվի, բայց այդ երկխոսությունն այսօր փաստացիորեն ծավալվում է սպառնալիքների լեզվով, դեռ այլ բան տեղի չի ունենում, և քիչ հավանական է, որ լինի»,- ասաց Սկակովը։
Անդրադառնալով հունիսի 1-ի հանդիպումից սպասումներին՝ Սկակովն ասաց, որ հիմնականում կքննարկվի այս երկխոսության և երկաթուղու հարցը։
«Երկխոսության հարցը կքննարկվի հետևյալ տիրույթում, Ադրբեջանի նախագահին կհորդորեն երկխոսել, նա էլ իր հերթին՝ կստանձնի պատասխանատվություն՝ երկխոսելու, և հետագայում, ինչպես բոլոր հարցերում, կվարվի այնպես, ինչպես հարմար է գտնում։ Եթե այդ պատասխանը բավարարի ՀՀ իշխանություններին, ապա կարելի է կանխատեսել, որ այդ քննարկվող համաձայնագրի ստորագրմանը քիչ ժամանակ է մնացել, սակայն դա մի քանի օր անց տեղի չի ունենա»,- ասաց նա։