Ի հեճուկս երկնիշ աճերի
Վերջին երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում գնաճի զգալի նվազում է գրանցել, բայց Կենտրոնական բանկը շարունակում է բարձր պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Հիշեցնենք՝ մարտին տասներկուամսյա գնաճը կազմեց՝ 5,6, իսկ ապրիլին՝ իջավ ընդհուպ 3,2 տոկոսի։
Ապրիլին գնաճը գտնվել է նույնիսկ սահմանված նպատակային միջին ցուցանիշից ներքև, ինչպիսին չէր եղել առնվազն 2021թ. փետրվար-մարտից հետո։
Չնայած դրան, Կենտրոնական բանկը չփոխեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այն ինչպես կար, այնպես էլ՝ շարունակեց մնալ 10,75 տոկոս։
Գնաճի այսպիսի ցուցանիշների պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նման բարձր դիրքն ու Կենտրոնական բանկի վարքագիծը տարօրինակ է թվում։ Հատկապես որ, որոշ երկրներ, այդ թվում՝ հարևան, արդեն սկսել են տոկոսադրույքի նվազեցումը։
Մասնավորապես՝ վերջերս այդպիսի որոշում կայացրեց Վրաստանի Ազգային բանկը և տոկոսադրույքն իջեցրեց 0,5 տոկոսային կետով՝ 11-ից դարձնելով 10,5 տոկոս։
Հայաստանի Կենտրոնական բանկը, չնայած վերջին երկու ամիսներին ունենք գնաճի զգալի նվազում, առայժմ ձեռնպահ է մնում տոկոսադրույքի վերանայումից։
Դա նշանակում է՝ ԿԲ-ն առաջիկայում դեռևս գնաճային ճնշումների ռիսկեր է տեսնում։ Այդ պատճառով էլ որոշել են ձեռնպահ մնալ տոկոսադրույքի վերանայումից։
Կենտրոնական բանկում հակված են կարծել, որ իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում՝ 12-ամսյա գնաճը Հայաստանում թեև նվազում է, այնուամենայնիվ, բարձր պահանջարկն և գնաճային սպասումները դեռևս շարունակում են նպաստել առանձին ապրանքախմբերում ու ծառայություններում բարձր գնաճի պահպանմանը:
Ոչինչ, որ բարձր տոկոսադրույքի, փողի թանկացման ու մի շարք այլ գործոնների հետևանքով բավական բարդ իրավիճակ է ստեղծվել տնտեսության մեջ։
Արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացման խնդիրները գնալով ավելանում են։ Վերջերս այլ շուկաներին միացել է նաև ռուսականը։
Այս տարվա սկզբից արձանագրվող ռուբլու արժեզրկումը թուլացրել է բազմաթիվ ապրանքների մրցունակությունը ռուսական շուկայում։ Դրանց մատակարարումները դարձել են ոչ շահութաբեր։
Շատ դեպքերում շահութաբերությունը կտրուկ ընկել է՝ մի կողմից՝ դրամի շարունակվող ամրապնդման, մյուս կողմից՝ ռուբլու թուլացման հետևանքով։
Իսկ այն, որ Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճեր են գրանցվում, բարձր տեմպերով ավելանում է նաև Հայաստանից արտահանումը Ռուսաստան, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դրանք աճեր են, որոնք հիմնականում տնտեսության բուն զարգացումների հետ կապված չեն։
Պատահական չէ, որ չնայած Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճեր է արձանագրում, դրանից հասարակության հիմնական մասի սոցիալական վիճակը չի լավանում։ Նրանք նույնքան, գուցե և՝ ավելի վատ են ապրում, քան ապրում էին նախկինում։
Սրա պատճառն այն համատարած թանկացումներն են, որոնք վերջին երկու տարիներին տեսնում ենք ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով։ Այս տարվա սկզբին նկատվող գնաճի նվազումն էլ պայմանավորված է ոչ այնքան գների անկմամբ, որքան նաև նախորդ տարիների բարձր բազաներով, որոնց վրա գնաճի տեմպը թուլացել է։
Թեև մարտին, այնուհետև՝ ապրիլին, գնաճը մեղմացել է, թուլացել են ճնշումներն արտաքին հատվածից, այնուհանդերձ տարեկան գնաճը Հայաստանում շարունակում է բարձր մնալ. Մարտին՝ 7,2 տոկոս, այն էլ՝ անցած տարվա 8,6 տոկոսանոց գնաճից հետո։ Ապրիլին տարեկան գնաճը Հայաստանում կազմեց 6,2 տոկոս՝ անցած տարվա 7,4 տոկոսից հետո։
Սննդամթերքի պարագայում տարեկան գնաճն ավելի բարձր է՝ մարտին հասնում էր 8,1 տոկոսի, անցած տարվա ավելի քան քան 12 տոկոս գնաճից հետո, ապրիլին՝ 6,3 տոկոսի, նախորդ տարվա գրեթե 13 տոկոս գնաճից հետո։
Դեռ չենք ասում, որ գնաճը Հայաստանում պակաս բարձր չէր նաև 2021թ.։
Այսպիսի գնաճի պայմաններում հասարակության բազմաթիվ խմբերի եկամուտները գրեթե չեն ավելացել կամ շատ քիչ են ավելացել։ Ավելի քիչ, քան գնաճն է։
Թերևս, դա էլ դարձել է այս մարդկանց սոցիալական վիճակի վատացման պատճառը։ Նրանց ծախսերն անհամեմատ ավելի շատ են աճել, քան եկամուտները։
Իհարկե, կան նաև խմբեր, որոնց եկամուտների աճը գերազանցել է գնաճը, նաև սննդամթերքի գնաճը։ Բայց այդպիսիք հաստատապես կազմում են հասարակության շատ փոքր մասը։ Նրանց սոցիալական վիճակում տեղի է ունեցել դրական փոփոխություն, սակայն հասարակության մեծ մասի պարագայում փոփոխությունները բացասական են։
Այդպիսին կլինեն նաև այս տարի, որովհետև նախորդ տարիների թանկացումներից հետո, չնայած գնաճի տեմպը թուլացել է, այնուհանդերձ նախորդ տարիներից թելադրված թանկացումների ազդեցությունը շարունակում է պահպանվել։
Շարունակում է բարձր մնալ նաև տարեկան գնաճը։ Գնաճի վրա ազդեցությունը արտաքին հատվածից բավական թուլացել է՝ որոշ ապրանքային շուկաներում նկատվող գնանկման ֆոնին, բայց ռիսկերը դեռևս պահպանվում են։
Դա է պատճառը, որ Կենտրոնական բանկն առայժմ չի շտապում թուլացնել դրամավարկային քաղաքականության պայմանները՝ բարձր պահելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Փողի գինը Հայաստանում գտնվում է վերջին առնվազն տասնամյակի ամենաբարձր դիրքում։ Ու եթե դա դրամի ամրապնդման հետ միասին՝ ինչ-որ տեղ զսպող դեր ունի գնաճի հարցում, ապա մյուս կողմից՝ մեծապես հարվածում է տեղական արտադրությանը։ Տեղական արտադրությունը կորցնում է իրացման շուկաները դրսում։ Նվազում է նաև դրանց ներքին սպառումը՝ փոխարինվելով ներմուծվող ապրանքներով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ