Ականավոր գիտնականն ու ուսուցիչը
Այսօր լրանում է հայ տնտեսագետ, ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Յուրի Միքայելի Սուվարյանի ծննդյան 80-ամյակը։
Կան վաստակաշատ մարդկանց ծննդյան հոբելյանները շնորհավորելու ընդունված ձևաչափեր, որոնք, հատկապես՝ գիտականների դեպքում, իրենց մեջ կրում են ակադեմիական հստակ չափանիշներ ու սահմանափակումներ. անդրադառնում են հոբելյարի անցած ճանապարհին, գիտական ձեռքբերումներին, զբաղեցրած պաշտոններին, գործունեության հիմնականում ֆորմալ ասպեկտներին։ Վստահաբար, այսօր պարոն Սուվարյանին կհղվեն բազմաթիվ այդպիսի շնորհավորական ուղերձներ՝ արժևորելով իրապես վաստակաշատ գիտնականի անցած ճանապարհը։
Միանալով Յուրի Սուվարյանին ուղղվելիք բոլոր բարեմաղթանքներին, ես ցանկանում եմ շնորհավորել նրան՝ որպես իր հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողներից մեկը։
Պատիվ եմ ունեցել լինել և շարունակում եմ լինել Յուրի Սուվարյանի բազմաթիվ սաներից մեկը՝ արդեն ավելի քան 25 տարի, սկզբում՝ ուսանողի, ապա՝ ասպիրանտի կարգավիճակում։
Այդ՝ քառորդ դարից ավելի ժամանակահատվածում պարոն Սուվարյանը փոխանցել է ոչ միայն նեղ մասնագիտական գիտելիքներ, այլ, որ երբեմն ավելի կարևոր է, նաև քաղաքացիական այնպիսի արժեքներ, որոնք ընկած են պետության ու պետականության հիմքում։
Լինելով Հայաստանում տնտեսագիտության մեջ Կառավարման ուղղության հիմնադիրներից մեկը, Յուրի Սուվարյանն իր մանկավարժական և գիտական գործունեության շրջանակներում դավանել և ուսանողներին է փոխանցել առաջին հերթին՝ պետականության ու պետականաշինության համար կարևոր գիտելիքներ, սկզբունքներ ու փորձառություն, որոնք վեր են զուտ մասնագիտական հմտություններից։
Ի թիվս բազմաթիվ արժանիքների, գիտական ու ակադեմիական վաստակի, պարոն Սուվարյանն առանձնանում է նաև այդ՝ պետության ու պետականության արժևորման առանձնահատուկ հատկանիշով ու այդ գործում ունեցած ավանդով։
Գիտնականների և հատկապես մանկավարժ-գիտնականների գործունեության ամենամեծ գնահատականն այն ներդրումն է, որը, ժամանակակից լեզվով՝ նրանք կատարում են մարդկային կապիտալում։
Ակադեմիկոս Սուվարյանն այն բացառիկ գիտնականներից է, ում կատարած ներդրումը կարող է չափվել հազարավոր կառավարիչներով և հարյուրավոր գիտնականներով, ովքեր այսօր ներգրավված են ոչ միայն պրակտիկ կառավարման ոլորտում, այլ նաև զբաղվում են գիտությամբ և որպես դասախոսներ և գիտնականներ՝ տարբեր բուհերում շարունակում են նրա թողած դպրոցի ավանդույթները։
Կրկին շնորհավորելով Յուրի Սուվարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթում եմ առողջություն, այս խառնակ ժամանակներում անխուսափելի դառնություններին դիմակայելու կարողություն և վստահություն, որ նաև իր 60-ամյա ակադեմիական գործունեության շրջանակներում պատրաստած կադրերն ի զորու են լինելու հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և կերտել այն պետությունը, որի իդեալները նա մեզ փոխանցել է լսարանում և լսարանից դուրս։
Գառնիկ Գևորգյան