Փաշինյանը գնում է Մոսկվա՝ ամրապնդելու համար նոր կապիտուլյացիան. Սպասվում է Ղարաբաղի վերջին մարտը. Արթուր Խաչիկյան
«Միջազգային հանրությունը՝ բոլորը, «գցել են» Հայաստանին»,- այս մասին 168TV-ի տաղավարում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, այսպես կոչված, անկլավները հանձնելու պատրաստակամությանը, և սպասվող զարգացումներին, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում:
Նա նշեց, որ, ցավոք, իշխանությունները միայն ակնարկում էին, թաքցնում հանրությունից այն, թե ինչի շուրջ են բանակցություններ վարել, քանի որ ամենայն հավանականությամբ չէին ցանկանում, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց, ինչ-որ արձագանք լինի, թեև դա կանխատեսելի էր շատերի կողմից:
Խաչիկյանի որակմամբ, նրանք վաղուց ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում, սակայն զարմանում են, թե ինչո՞ւ է այնտեղ անցակետ տեղակայվել: «Բայց եթե Դուք ընդունել եք, որ դա Ադրբեջանի մաս է, եթե ինքներդ եք դա ասում, ինչո՞ւ եք զարմանում, որ Ադրբեջանն այնտեղ անցակետ է տեղակայում, և հանկարծ որոշ անձինք այստեղ սկսում են դժգոհել, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի արձագանքում: Սա բացարձակապես անտրամաբանական է: Եթե Հայաստանն ինքն է ձեռքերը լվանում, ապա ի՞նչ սպասել երրորդ կողմից»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Խոսելով անկլավների թեմայի մասին՝ վերլուծաբանն ասաց, որ դրանց հանձնումը սպառնում է ռազմավարական կոմունիկացիաներին Վրաստանի հետ, այսինքն՝ դա փաստորեն վերջին ճանապարհն է, որն աշխատում է, և մենք հետզհետե հայտնվում ենք լիակատար շրջափակման իրավիճակում:
«Կլինե՞ն արդյոք հակառակ կողմից տրվող անկլավներ, օրինակ՝ Արծվաշենը, վստահ չեմ՝ արդյո՞ք դա իրատեսական է: Դժվար է դրան հավատալ, սակայն Սյունիքի միջանցքի հարցը ևս ամենավտանգավոր թեմաներից է»,- ասաց Խաչիկյանը:
Նա ընդգծեց, որ բոլոր այն տեսությունները, որ կարող ենք զիջումներ անել ու ունենալ խաղաղություն, զիջենք Ղարաբաղը, ունենանք խաղաղություն, որ Ալիևի հետ հնարավոր է լեզու գտնել, նրա հետ հնարավոր է երկխոսել, տապալվեցին:
«Այդ մարդն անընդհատ առաջ է գնում, նա կանգ չի առնելու, սա Հայաստանի ոչնչացման ծրագիր է: Իսկ համապարփակ խաղաղությունը ենթադրում է փոխադարձ զիջումներ, հնարավոր է՝ Ղարաբաղի բնակչության համար որոշակի երաշխիքներ, ինչ-որ կարգավիճակ, չէ՞ որ կան նախադեպեր ողջ աշխարհում, մենք որևէ նոր բանի մասին չենք խոսում: Կարող էին լինել երաշխիքներ, երկկողմ համաձայնագրեր, գուցե Թուրքիայի հետ հնարավոր լիներ հասնել ինչ-որ փոխըմբռնման Ցեղասպանության հարցի շուրջ, բայց ես կոմպրոմիսային քայլեր չեմ տեսնում իրենց կողմից: Մյուս կողմից՝ ամեն բան ուժով է լուծվում: Միջազգային հանրությունը պարզապես գցել է Հայաստանին»,- ասաց վերլուծաբանը:
Նա նշեց, որ 5 տարի առաջ ոգեշնչված էին, որ ՀՀ-ն լինելու է Կովկասում ժողովրդավարության ջահակիրը, այս ամենը, պարզվեց, որ լիակատար բլեֆ է: «Եվրոպան նույնիսկ չի ասում, որ էթնիկ զտում է լինելու, Հաագայի դատարանի որոշումը եղավ, սակայն ապարդյուն, նրանք աչք են փակում ցեղասպանության վրա, սա շատ վատ է: Ի դեպ, բոլորը, ոչ միայն Եվրոպան, աչք են փակում: Կար ԵԱՀԿ Մինսկի խումբ, ինքնորոշման իրավունք, սակայն այս ամենը թղթե տնակի նման փուլ եկավ: Եվ ներկայումս Հայաստանի համար վտանգը ՀՀ ոչնչացումն է: Եթե գալիս են ադրբեջանցիները, նրանց ետևից կգա ադրբեջանական բանակը նրանց անվտանգության ապահովման համար, որից հետո Հայաստանի մարզերը կարող են զբաղեցվել ադրբեջանական բանակի կողմից:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա եթե Հայաստանը զիջում է այս շրջանը Ադրբեջանին, եթե համապարփակ խաղաղության համաձայնագիր է կնքվում այս պայմանների հիման վրա, հարց է առաջանալու, թե ի՞նչ են այնտեղ անում ռուս խաղաղապահները, որից հետո նրանց կխնդրեն հեռանալ, եթե խնդիրը լուծված է, որից հետո այնտեղ կներխուժի ադրբեջանական բանակը, որից հետո կլինի վերջին մարտը նրանց համար, ովքեր մասնակցել են Ղարաբաղյան պատերազմում, քանի որ վերջիններս գիտեն, որ Ադրբեջանը նրանց հետ բավականին կտրուկ է վարվելու: Այսինքն՝ մենք տեսնելու ենք հայոց ցեղասպանության ևս մեկ էջ: Եվ շատ տարօրինակ է, որ դրան գնաց այս ղեկավարությունը: 5 տարի առաջ մեզ լիովին այլ բան էին խոստանում, մեզ խաբեցին, եկեք խոստովանենք, չափազանց տարօրինակ է, որ այս ամենի վրա միջազգային հանրությունն է աչք փակում: Բավականին անմխիթար իրավիճակ է: Շատ տարօրինակ է նաև, որ մեր ժողովուրդն իրեն այնպես է պահում, ասես այս ամենն ինչ-որ ֆիլմում կամ լուսնի վրա է տեղի ունենում»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Վերլուծաբանն ասաց, որ ՀՀ իշխող խմբակը Ռուսաստանին բավականին ծանր դրության մեջ է գցել նրանով, որ ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ զիջելով իր դիրքերը: «Կցանկանայի հուսալ, որ Ռուսաստանը թույլ չի տա էթնիկ զտում, բայց այդ դեպքում մեծանում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ուղիղ առճակատման վտանգը: Իշխանական քարոզչամեքենան մարդկանց ուղեղը լվանում է, նրանք չեն բացատրում, թե ինչու Ռուսաստանը չի կարող ներկայումս պատերազմել Թուրքիայի հետ: Պարզապես պետք է դիտարկել, թե ինչ է տեղի ունենում ուկրաինական ճակատում: Մեզ մանիպուլացնում են, քանի որ կիսաճշմարտությունն են ասում կամ քառորդ ճշմարտությունը նույնիսկ պատմական իրադարձությունների վերաբերյալ»,- ասաց Խաչիկյանը:
Անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը, Խաչիկյանն ասաց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս խմբակն ունի կտրուկ արտահայտված արևմտամետ կողմնորոշում:
Ըստ նրա, եթե նրանք արդեն Արևմուտքում համաձայնել են, որ Արցախը Ադրբեջան է, ապա դա կտրուկ փոխում է իրավիճակը: «Հնարավորությունները, որպեսզի այդ ամենը վերանայվի Մոսկվայում՝ չափազանց քիչ են: Ադրբեջանական կողմը, բնականաբար, ասելու է, որ հայերն ամեն ինչի արդեն համաձայնել են: Հանել ջրից մարդուն, ով ինքը ցանկանում է խորտակվել, չափազանց բարդ է: Եթե Հայաստանը չստորագրեր խաղաղության համաձայնագիրը, հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, գուցե ընդուներ ՀԱՊԿ օգնությունը, դա գուցե օգներ վերականգնել մեր ունակությունը՝ Ադրբեջանին զսպել: Հայաստանը դրան ևս չգնաց»,- ասաց Խաչիկյանը:
Նա նշեց, որ ընդունել են Պուտինի հրավերը, քանի որ գուցե Ալիևը ցանկանում է ամրապնդել Մոսկվայում այն, ինչի հասել է արևմտյան հարթակում: «Իսկ Փաշինյանը կգնա այնտեղ ամրապնդելու համար նոր կապիտուլյացիան: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ կարելի է հանձնել 120 հազար մարդու, որ այնտեղ լինի Ղարաբաղի համար վերջին մարտը, պետք է պատկերացնեն, թե ինչ կլինի Երևանում։ Մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամենի վրա այս ամենն ավարտվելու է, թող ադրբեջանական հեռուստատեսություն դիտեն»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։