Բաժիններ՝

Ինչո՞ւ հենց Ֆորշին որոշեցինք բնակարան նվիրել, չի՞ կարողանում իր միջոցներով գնել. Սերգեյ Գյոզալյան

Երևանի ավագանին քննարկեց Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը:

Ավագանին որոշեց թույլատրել Երևանի քաղաքապետին՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Վահան Գևորգյանին՝ Ֆորշին:

Զեկուցող Նուարդ Վարդանյանը նշեց, որ երգիչը երկար տարիներ բնակվում է վարձով:

«Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք»,- հայտնի երգի տողերը մեջբերեց Նվարդ Վարդանյանը, ապա պատմեց, որ մի օր, երբ հանդիպել է Ֆորշին, ասել է, որ նրան շատ է սիրում, քմծիծաղով նայել է ու ասել. «Լավ էլ ճաշակ ունես»:

Կարդացեք նաև

Կարծում եմ, այստեղ նստած չկա մեկը, ով այս հարցում իմ ճաշակը չկիսի»,- նշեց Նուարդ Վարդանյանը:

«Իմ քայլի» ավագանու անդամ Պավել Սարգսյանը հարցրեց. «Կար տեղեկատվություն, որ Ֆորշին ժամանակին տրամադրվել է ևս մեկ բնակարան, և, բնականաբար, այդ տեղեկատվությունը ճշտվեց և հերքվեց»:

Նուարդ Վարդանյանն արձագանքեց՝ հայտնելով, որ նման խոսակցություններ պտտվել են, բայց դա դժվար չէ պարզելը:

«Ֆորշը երբևէ պետության կողմից բնակարան նվեր չի ստացել, և 10 տարուց ավելի է՝ ապրում է վարձակալությամբ»:

«Իմ քայլի» ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են որոշել բնակարան նվիրել հենց Ֆորշին:

«Ինչո՞ւ հենց Ֆորշին: Դերասաններ, արվեստի գործիչներ հաստատ ունենք, որոնք բարվոք վիճակում չեն ապրում, և որքանով ես եմ տեղյակ, Ֆորշի մասնագիտությունն ունեցող մարդիկ այդքան վատ ֆինանսական վիճակում չեն լինում, բավականին բարձր եկամուտներ են ունենում, և ինչո՞ւ որոշեցինք, որ իրեն բնակարան պետք է նվիրենք, չի՞ կարողանում իր միջոցներով գնել»,- հարցրեց ավագանու անդամը:

Նուարդ Վարդանյանը հարցին պատասխանեց, որ մշակույթի և գիտության ոլորտում կան գործիչներ, որոնք, ցավոք, ապրում են վատ վիճակում, բայց դա չի բացառում, որ ավագանին նախաձեռնի որևէ  արժանավորի բնակարան գնել. «Ամեն մեկը թող իր խղճի առջև քվեարկի: Ֆորշն այս քաղաքի կոլորիտն է»: Նա նաև հավելեց, որ Ֆորշի կողմից դիմում չի եղել, քաղաքապետարանի նախաձեռնությունն է:

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հիշեց իրեն դիմած Նոր Նորքի բնակչի մասին, որ փողոցում է մնացել:

«Մենք սրանով սոցիալական հա՞րց ենք լուծում, Ֆորշը դժվարանո՞ւմ է վարձը վճարել: Վերջին օրերին շատ եմ լսել, որ Ֆորշը սրճարան ունի, եթե տեղյակ եք, խնդրում եմ, պատասխանեք»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը:

Նուարդ Վարդանյանն էլ արձագանքեց. «Մենք սոցապնախարարությունը չենք, մենք քաղաքային իշխանություն ենք, և մեր որոշումները ոչ միայն սոցիալական տարր են իրենց մեջ պարունակում, այլև մշակութային»:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ հույս հայտնեց, որ նախագիծը որպես նախընտրական վճար՝ չի օգտագործվի:

42 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:

Տեսանյութեր

Լրահոս