Մոսկվայի եռակողմ հանդիպումն առանցքային հանգամանք ցույց տվեց․ վերլուծաբան
Մայիսի 19-ին երկար դադարից հետո վերջապես Մոսկվայի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին բանակցային հերթական ռաունդն անցկացնելու նպատակով։ Մոսկվայում նախ տեղի ունեցան նախարարների առանձին հանդիպումները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա՝ եռակողմ հանդիպում Լավրովի միջնորդությամբ, որին հաջորդեցին բանակցություններն ուղիղ՝ Միրզոյան-Բայրամով ձևաչափով։
Հիշեցնենք, որ նախարարական վերջին՝ իրենց բնույթով աննախադեպ քառօրյա բանակցությունները տեղի էին ունեցել մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Առլինգթոնում, որին հաջորդեց Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափով հանդիպում, որից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։
Մինչ մոսկովյան հանդիպումը և մոսկովյան եռակողմ հանդիպման բացմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն արձանագրեցին որոշակի առաջընթաց բանակցային գործընթացում։ Եռակողմ և երկկողմ բանակցությունների արդյունքներով ՀՀ ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։
«Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։ Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եռակողմ բանակցություններին հաջորդած կարճ ճեպազրույցում ներկայացնելով արդյունքները, ասաց, որ հանդիպման ընթացքում նախ կիսվել են իրենց գնահատականներով այն եռակողմ հայտարարությունների իրականացման վերաբերյալ, որոնք կնքվել էին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, դրանք վերաբերում են պայմանավորվածություններին Ղարաբաղում, ինչպես ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովմանը, այնպես էլ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը։ Նա, մասնավորապես, նշել էր, որ բանակցությունների առանձին թեմա է խաղաղության պայմանագիրը։ Լավրովի խոսքով, կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախարարները մեկնել են Վաշինգտոն, մեկ շաբաթ առաջ Բրյուսելում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ «Խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը, իհարկե, հիմնարար է: Բայց մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ընդհանուր վիճակի բարելավման՝ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտների ուղղությամբ»,- ասել էր Սերգեյ Լավրովը։ Հարկ է հիշեցնել, որ օրերս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռուսական կողմից բարձրաստիճան հանդիպման անցկացման առաջարկ են ստացել և կմասնակցեն մայիսի 25-ին։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ ակնհայտորեն այս պահին կարելի է տարանջատել այն օրակարգը, որը կա բանակցությունների ռուսական և արևմտյան հարթակներում։ Ըստ նրա, Ռուսաստանը ցանկանում է գործընթացը պահել հետպատերազմական եռակողմ և ըստ էության հրադադարի պայմանավորվածությունների տիրույթում, որտեղ որևէ խոսք չկա Խաղաղության համաձայնագրի և վերջնական կարգավորման մասին, այլ ենթադրվում է սահմանազատման և ապաշրջափակման երկարատև բանակցություններ, իսկ Արևմուտքն աշխատում է կոնկրետ Խաղաղության համաձայնագրի վրա, կողմերը ճանաչել են միմյանց տարածքները, կոնկրետ ճանապարհների բացման շուրջ են բանակցում, համաձայնության դեպքում պետք է ստորագրեն կոնկրետ փաստաթուղթ։
«Այսինքն՝ ասել, որ սրանք նույն օրակարգն են, և կապ չունի, թե կողմերը որտեղ են բանակցում, սխալ կլինի։ Սխալ է նաև կարծելը, որ եթե Մոսկվա տեղափոխվեն բանակցությունները, ապա այնտեղ քննարկվելու է այն նույն փաստաթուղթը, ինչ Արևմուտքում, քանի որ Մոսկվան իր եռակողմ համաձայնագրերի օրակարգն է թելադրելու, չի ընդունելու նաև Արևմուտքի առաջ քաշած օրակարգը։ Կարծում եմ՝ նույն օրակարգը ռուսական կողմը հետապնդելու է նաև Պուտինի մակարդակով հանդիպմանը, փորձելով առաջ մղել սահմանազատման հարցով աշխատանքները և ապաշրջափակման։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե կողմերից ում է հետաքրքրում ռուսական այս օրակարգը։
Իմ տպավորությամբ՝ ոչ Երևանին, ոչ Բաքվին։ Բայց ռուսական կողմը կարծում է, որ միայն այս երկարատև գործընթացներից հետո, այս հարցերում տարաձայնությունները հարթելուց հետո կարելի է մտածել Խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, դա հստակ արձանագրվեց, որ ՌԴ օրակարգում չկա Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման հարց։ Սա նրա համար է, որպեսզի Ռուսաստանը ժամանակի ընթացքում թոթափի ուկրաինական պատերազմի ծանրությունը և կողմնորոշվի՝ ինչպես շարունակել վարվել Հարավային Կովկասում, չկորցնելով ազդեցության գոտիները։ Իսկ Արևմուտքը վերոնշյալ քաղաքականությամբ ցանկանում է վերացնել հենց այդ ազդեցության գոտին։
Բայց կարծում եմ՝ միայն Արևմուտքի ինչ-որ սխալի հետևանքով Ռուսաստանը կարող է հաջողել, իսկ այս պահին Արևմուտքը համակարգված ու ճիշտ է աշխատում։ Այդ ֆոնին ևս մեկ հանդիպումը Մոսկվայում, կարծում եմ, որևէ առանցքային տեղաշարժի չի հանգեցնելու բանակցային գործընթացում, հատկապես, եթե կողմերը տրամադրված են ստորագրել համաձայնագիր»,- ասաց նա։